Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/167

Այս էջը հաստատված է

փաստաթուղթ (դիպլոմ): «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 26-ը սահմանում է, որ ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որն ունի համապատասխան որակավորում կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:

Կրթության տարբեր մակարդակներում սովորողների իրավունակությունն առաջանում է տարբեր տարիքում: Օրինակ, անձը կունենա բուհի ուսանողի կարգավիճակ միայն այն բանից հետո, երբ կավարտի ավագ դպրոցը, կստանա հասունության ատեստատ և օրենսդրությամբ հաստատված հիմունքներով կընդունվի բարձրագույն ուսումնական հաստատություն:

Կրթական գործունակությունն էլ ունի իր առանձնահատկությունները: Օրինակ, եթե հոգեկան հիվանդ անձը դատարանի կողմից ճանաչվում է անգործունակ, ապա դադարում է լինել գործունակ հենց քաղաքացիա-իրավական հարաբերությունների ոլորտում, սակայն կրթական հարաբերություններում նա գործունակությունը չի կորցնում: Այդպիսի անձինք իրավասու են ինքնուրույն յուրացնել հատուկ կրթական ծրագրերը, ինչպես նաև ստանալ իրենց համար հասանելի ընդհանուր և մասնագիտական գիտելիքների, հմտությունների և կարողությունների համակարգ՝ շտկողական /կորրեկցիոն/ կրթության համակարգի շրջանակներում:

Ինչպես նշվում է գրականության մեջ (Վ.Մ. Սիրիխ), կրթության համակարգի իրավական կարգավորման ոլորտում անձանց գործունակության սահմանափակման ինստիտուտը չի կիրառվում: Կրթական իրավունքի գործունակ սուբյեկտները այդ հատկությունը չեն կորցնում ոչ մի պարագայում, քանի որ ոչ ոք իրավունք չունի սահմանափակել երեխայի (18 տարին չլրացած անձանց) կրթական գործունակությունը այս կամ այն պատրվակով: Ու ինչպես նշել ենք, նույնիսկ, անչափահասին հանցագործություն կատարելու (14-16 տարեկան դառնալիս) համար ազատազրկման դատապարտելու դեպքում պատիժը կրելով քրեակատարողական հիմնարկում /դաստիարակչական գաղութում/ գտնվելու ընթացքում, նրան օրենսդրությամբ տրամադրվում են բոլոր անհրաժեշտ նվազագույն պայմանները կրթությունը շարունակելու համար: Որոշակի պայմաններում, որպես կանոն, կապված կրթական հարաբերություններին կամ սովորողներին վնաս հասցնելու արարքների կատարման հետ, քաղաքացիները և այլ անձինք կարող են զրկվել կրթական իրավահարաբերությունների սուբյեկտ լինելու իրավունքից, այսինքն իրավասուբյեկտությունից (այսինքն՝ և՛ իրավունակությունից, և՛ գործունակությունից): Օրինակ, առանձին անձանց կարող է արգելվել զբաղվելու մանկավարժական գործունեությամբ դատարանի դատավճռով կամ բժշկական ցուցումներով, և օրենքում նշված այլ հիմքերով: Անձը, որին արգելված է զբաղվել մանկավարժական գործունեությամբ, չի ճանաչվում տվյալ տեսակի կրթական հարաբերության սուբյեկտ, և ելնելով այդ փաստից, նա զրկվում է նաև գործունակությունից, այսինքն չի կարող իր գործողություններով ձեռք բերել իրավունքներ և պարտականություններ՝ կապված մանկավարժական գործունեության իրականացման հետ:

Չափահաս քաղաքացիները և այլ անձինք որպես կրթական հարաբերությունների սուբյեկտներ, ամբողջ ծավալով օժտված են միաժամանակ և՛ իրավունակությամբ, և՛ գործունակությամբ: Դա նշանակում է, որ սուբյեկտները տրված իրավունքներն իրագործում են միայն սեփական գործողություններով: Կրթության ոլորտում այս կամ այն գործողությունն իրականացնելու նրանց անկարողությունը չի լրացվում, ինչպես նշվեց վերևում, այլ անձանց, այդ թվում և իրենց օրինական ներակայացուցիչների և ծնողների գործողություններով: Օրինակ, ուսանողը, որն ունակ չէ յուրացնելու այս կամ այն դասընթացը, պատրաստելու գրավոր հանձնարարականները, հանձնելու ընթացիկ կամ միջանկյալ քննությունները և այլն, չունի իր այդ պարտականությունների կատարումը այլ անձանց վերահանձնարարելու որևէ իրավական հիմք: Նշված իմաստով լինելով անգործունակ՝ այդ ուսանողը միաժամանակ դառնում է և ոչ իրավունակ, քանի որ զրկվում է կրթությունը շարունակելու, այսինքն՝ համապատասխան ձևի կրթական հարաբերությունների մասնակիցը լինելու իրավունքից:

Իրավունքի բնագավառների մեծամասնությունում իրավունակությունը և գործունակությունը սուբյեկտի մոտ առկա են միաժամանակ: Այսպես, կրթական իրավունքում սովորողը միայն անձամբ կարող է մասնակցել դասապրոցեսին, միայն ինքն իր ստացած գիտելիքներով կարող է