Ցավոք, անգամ բարձրագույն մասնագիտական կրթության չափորոշիչները չեն համապա տասխանում նշվածին և սահմանափակվում են ավանդական գիտելիքներ, կարողություններ և հմտություններ մատուցելով:
Ժամանակակից մանկավարժական գրականության մեջ փորձ է արվում կրթության բացարձակ արժեքը համարել հենց մարդուն, ոչ թե նրանից առանձնացված գիտելիքները:
Համարվում է, որ այդպիսի անձնակենտրոն /եսակենտրոն/ մոտեցումը նշանակալի նախադրյալներ ունի և ավանդականից ավելի գերադասելի է, քանի որ կրթություն ստանալու ընթացքում ազատ ընտրության հնարավորություն է ընձեռվում՝ բավարարելու բարոյական, հոգևոր, մշակութային պահանջմունքները (Е. Н. Шиянов, И. Б. Котова. 82. С. 180-181):
Գիտելիքը դիտելով որպես կրթության մի առանձին որակ, հարկ է հաշվի առնել, որ այն ոչ միայն բնութագրում է կրթության արդյունքները, այլև հանդիսանում է մարդու ամբողջ կյանքի ուղեկից: Մարդը, դրսևորելով իրեն շրջապատող միջավայրում, սոցիալական հարաբերություններում, կենցաղային իրավիճակներում, անընդհատ նոր երևույթներ է հայտնաբերում իր համար, որոնք իրեն անծանոթ էին:
Մարդն իր համար հիմնական գիտելիքների շտեմարանը լցնում է.
1. ընտանիքում և նախադպրոցական հաստատություններում կրթվելով և դաստիարակվելով,
2. սովորելով հանրակրթական հաստատություններում և ստանալով մասնագիտական կրթություն,
3. սովորելով լրացուցիչ ուսումնական հաստատությունում,
4. ինքնակրթության՝ ընթերցանության ճանապարհով,
5. կյանքի, շրջապատի, այդ թվում նաև աշխատանքային փորձից,
6. գիտական և տեսական գործունեության ճանապարհով:
Աշխատանքային գործունեության ընթացքում մարդը ստիպված է լինում անընդհատ լուծել տարբեր ճանաչողական խնդիրներ, որոնք կապված են առավել արդյունավետ ուղիների որոնման հետ: Ինչպես նշում է Տ. Կոտառբինսկին /83, էջ՝ 30-31/, այն գործողությունները, որոնք մենք պետք է իրականացնենք, պահանջում են եռակի որոշման հետևողականորեն կայացում.
1. նպատակի որոշում,
2. պայմանների որոշում,
3. միջոցների որոշում:
Մարդու գիտելիքները և հմտությունները ձեռք են բերվում անմիջական փորձով, լրացվում կրթության և դաստիարակության ընթացքում: Ոչ մի մարդ չի կարող ինքնուրույն յուրացնել այն գիտելիքների և կուտակված փորձի ամբողջությունը, որը հավաքել է մարդկային հասարակությունն իր գոյության ընթացքում: Գիտելիքների մեծ մասը մարդը ձեռք է բերում ուսումնառության, դաստիարակության և ինքնակրթության շնորհիվ:
Նախադպրոցական տարիքում մարդն իր գիտելիքները և կարողությունները ստանում է ընտանիքում և /կամ/ նախադպրոցական հաստատությունում: Այս շրջանում երեխայի սոցիալականացումը կատարվում է խոսելու, կարողությունների, ինքնասպասարկման գործողություններին տիրապետելու, անգամ գրելու, կարդալու միջոցով:
Ընդհանուր կրթական ծրագրերն ուղղված են սովորողների ընդհանուր մշակույթի ձևավորման խնդիրներին: Մասնագիտական ծրագրերն ուղղված են ապահովելու մասնագետների սկզբնական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթությանը նախապատրաստելուն:
Քանի որ կրթությունն անձին պետք է մոտեցնի հասարակության ժամանակակից պայմաններին և ապահովի նրա ակտիվ մասնակցությունը հասարակության գործերին, ապա կրթության կարևոր պահանջը կհանդիսանա սովորողներին հաղորդել անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ: Հմտությունը որոշակի գործողությունների կատարման հաստատուն ձևն է, իսկ կարողությունը՝ գործունեության որոշակի ոլորտում մասնագիտացման բարձր աստիճանը: Ինչքան բարձր է կրթության մակարդակը, այնքան բարդ և բազմազան է կարողությունների և հմտությունների համակարգը, որոնք պետք է տիրապետի սովորողը: Ցանկացած մակարդակի կրթության համար նվազագույնը սահմանվում է կրթության պետական չափորոշիչներով: