Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/195

Այս էջը հաստատված է

դասավանդել այս կամ այն ուսումնական առարկան կամ դասընթացը: ՀՀ օրենսդրության համաձայն, ուսումնական հաստատություններում որպես մանկավարժ կարող են ընդունվել այն անձինք, ովքեր բավարարում են պահանջվող կրթական ցենզը.

- Նրանք, ովքեր ունեն իրենց հատկացված ուսումնական առարկայի և դասընթացի վերաբերյալ ինչպես տարողունակ գիտելիքներ, այնպես էլ դրանք համակարգված ձևով ուսանողներին դասավանդելու, կողմնորոշելու հմտությունների և առարկայի մեթոդիկայի յուրացման, դրանք առարկայագործնական կամ գիտական գործունեությունում օգտագործելու կարողություններ:

- Նրանք, ովքեր կարող են ապահովել ուսումնառվող գիտելիքների բազմաթեմատիկությունը:

- Նրանք, ովքեր ունեն պահանջվող պետական կրթական չափանմուշներից ոչ պակաս սովորողների մեջ համապատասխան գիտելիքների, կարողությունների և հմտությունների սերմանման ունակություն:

Ուսումնական հաստատությունն անընդհատ վերահսկում է սովորողների ստացած գիտելիքների մակարդակը: Այդ վերահսկողությունն իրականացվում է ուսումնական պլաններով նախատեսված տնային հանձնարարությունների, ստուգողական, գործնական, կուրսային և այլ աշխատանքների պատրաստման գործընթացը վերահսկելու միջոցով:

Ուսուցման գործընթացի վերահսկման հիմնական միջոցը ատեստավորման ընթացքում սովորողների ձեռքբերած գիտելիքների մասին ցուցաբերած վերջնական արդյունքներն են: Ի շարս մյուս պատճառների, սովորողների ուսումնական նյութի ընկալման անկարողությունը հիմնական պատճառ է դառնում ժամանակից շուտ լքելու ուսումնական հաստատությունը:

Համապատասխան կրթության կամ որակավորման մասին դիպլոմի կամ այլ փաստաթղթի առկայություն: Կրթության մասին փաստաթուղթը տրվում է ուսումնական հաստատությունն ավարտած, վերջնական ատեստավորում անցած բոլոր շրջանավարտներին:

Սակայն այդպիսի փաստաթուղթ ստանալը չպետք է դիտել որպես դատարկ ձևականություն, որը ոչ մի դեր չի խաղում որպես ուսումնական հարաբերությունների օբյեկտի, գիտելիքների բնութագրման մեջ, այլ ընդհակառակը, կրթության մասին փաստաթուղթը բոլորի կողմից ընդունվող վկայական է և «զեկույց»՝ տվյալ անձի ընդհանուր և մասնագիտական գիտելիքների տիրապետման մասին, որի ուժով նա հանդես է գալիս անհրաժեշտ իրավական փաստով, որով էլ ծնվում են նոր կրթական կամ այլ իրավահարաբերություններ: Կրթության համապատասխան մակարդակի մասին, պետական փաստաթղթի բնագրի առկայությունը թույլ է տալիս ուսումը շարունակել պետական կամ տեղական ինքնակառավարման ավելի բարձր աստիճանի ուսումնական հաստատություններում, կամ հնարավորություն է տալիս զբաղվել մասնագիտական գործունեությամբ, այդ թվում նաև զբաղեցնել այնպիսի պաշտոններ, որոնց համար պահանջվող որակավորման պայմանները համապատասխանում են ստացած մասնագիտական կրթությանը:

Եզրակացություն՝

Այսպիսով, կրթական փոխհարաբերությունների օբյեկտը իրենից ներկայացնում է ուսուցման և դաստիարակության գործընթացում համակարգված ձևով ձեռք բերած բազմաթեմատիկ գիտելիքները, կարողությունները և հմտությունները, որոնց մակարդակը համապատասխանում է պետական կրթական չափորոշիչներին և հաստատվում է ստացած կրթության մասին սահմանված համապատասխան փաստաթղթով:

Նախադպրոցական և լրացուցիչ կրթության մակարդակում հարաբերության օբյեկտը չի տիրապետում կրթական հարաբերությունների բոլոր անհրաժեշտ միջոցներին: Այս մակարդակներում ստացած գիտելիքները, կարողությունները և հմտությունները, որպես կանոն, չեն հաստատվում հատուկ փաստաթղթերով և չեն առաջացնում նոր կրթական կամ այլ հարաբերություններ: Առանց այս հարաբերություններում կատարվելիք օրենսդրական փոփոխությունների, տվյալ իրավիճակով դրանք կրթական հարաբերություններ համարելը կասկածի տեղիք է տալիս:

Պետք է նշել, որ ցանկացած իրավահարաբերության սուբյեկտի, նրա բովանդակության, որակի, հասարակության համապատասխան պահանջների բավարարումը որոշվում է հասարակության կողմից և ընկած է իրավունքի սահմաններից դուրս: Իրավունքը միայն ամրապնդում է իրավահարաբերությունների