Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/200

Այս էջը հաստատված է

Առաջին, իր շահերը բավարարելու նպատակով սուբյեկտիվ իրավունքով (իրավազորությամբ) օժտված դրական վարքի հնարավորությամբ: Օրինակ, քաղաքացին ունի իր բարձրագույն մասնագիտական կրթության իրավունքը տնօրինելու իրավունք: Այնուամենայնիվ, իրավազորի հնարավոր վարքագիծը չպետք է դուրս գա իրավունքի շրջանակներից: Կրթական հաստատության սեփականատերը չի կարող քիմիական լաբորատորիան օգտագործել ի վնաս այլ անձանց շահերի, օրինակ՝ արտադրելու թմրամիջոցներ, քանի որ այդպիսի գործողությունն արգելված է օրենքով: Երաշխավորելով և պահպանելով սուբյեկտի իրավունքները, պետությունը միաժամանակ թույլ չի տալիս չարաշահել դրանք: Իրենց իրավունքները չարաշահած անձանց նկատմամբ կիրառվում են իրավաբանական պատասխանատվության միջոցներ:

Երկրորդ, սուբյեկտիվ իրավունքն արտահայտվում է իրավազորի կողմից իր օրինական շահերը բավարարելու նպատակով պարտավոր անձից՝ որոշակի վարքագիծ պահանջելու մեջ: Պահանջի իրավունքն օբյեկտիվորեն բխում է իրավահարաբերության բնույթից, քանի որ մի շարք դեպքերում հնարավոր չէ անմիջապես բավարարել իրավազոր անձի շահերը, նրա սուբյեկտիվ գործողությունների միջոցով: Կրթական պայմանագրով՝ պատվիրատուի պահանջը կարող է բավարարվել միայն տվյալ բուհի մասնագիտական թեքումով պայմանավորված՝ կրթական ծրագիրը, որակով, բայց միայն որոշակի ժամկետում կատարելու միջոցով: Պահանջելու իրավունքի մեջ դրված է իրավազորի սուբյեկտիվ իրավունքի փաստացի իրացման հնարավորությունը:

Երրորդ, սուբյեկտիվ իրավունքն իր մեջ ներառում է իրավազորի հնարավորությունը պետական իրավասու մարմիններին դիմելու՝ իր խախտված իրավունքների պաշտպանության համար: Խոսքը վերաբերում է իրավահարաբերության մասնակցի իրավունքների հարկադրական իրացմանը: Եթե պարտավոր անձը կամավոր կերպով չի կատարում օրենքով իր վրա դրված պարտականությունները, ապա իրավազորը հնարավորություն ունի դիմել պետության օգնությանը՝ պաշտպանելու իր շահերը: Այսպես, եթե ուսանողը հաջողությամբ հանձնել է պետական քննությունները, իսկ կրթական հաստատությունը հրաժարվում է տրամադրել ավարտական փաստաթուղթ, ապա ուսանողն իրավունք ունի բողոքարվելու վերադասության կարգով կամ դատարանի միջոցով պահանջելու իր փաստաթուղթը:

Իրավական պետության օրենսդրությունը իրավահարաբերության մասնակիցներին հնարավորություն է տալիս իրենց իրավունքների և ազատությունների խախտման հետ կապված ցանկացած հարցով դիմելու դատարան:

Սուբյեկտիվ իրավունքը իրենից ներկայացնում է թույլատրելի վարքի սահման: Քաղաքացու այլ անձի հավակնությունները իրավահարաբերության օբյեկտի՝ որոշակի նյութական կամ հոգևոր բարիքի նկատմամբ համարվում են գործող իրավունք, և նրանց թույլ է տրվում իրավահարաբերության մյուս մասնակիցներից պահանջել պարտականությունների իրական կատարում: Իրավազոր սուբյեկտի օրինական հետաքրքրությունը ենթակա է պարտադիր բավարարման: Այս պայմանը ի կատար է ածվում իրավահարաբերության՝ պարտավորված կողմի գործողությունների շնորհիվ:


5.4.2. Սուբյեկտիվ իրավաբանական պարտականության հասկացությունը

Իրավաբանական պարտականությունը պատշաճ վարքի չափն է, որի բովանդակությունը սահմանվում է սուբյեկտիվ իրավունքով: Պարտավորված անձը բացի իրավազոր անձի հետաքրքրությունների պատշաճ բավարարումից չունի ոչ մի այլ նպատակ: Իրավահարաբերության սահմաններում նրա՝ իր վրա վերցրած պարտականությունը պիտի կատարի պատշաճ կերպով և սահմանված ժամանակահատվածում: Այսպիսով՝ սուբյեկտը, օբյեկտը, սուբյեկտիվ իրավունքը և իրավաբանական պարտականությունը իրենց ամբողջության մեջ ձևավորում են որակապես նոր երևույթ՝ իրավահարաբերություն: Նման կազմի շնորհիվ իրավահարաբերությունը կարող է ի կատար ածել իր բոլոր գործառնություններն իրավական կարգավորման մեխանիզմում, որով կոնկրետացվում է իրավահարաբերության մասնակիցների շրջանակը, նրանց