Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/203

Այս էջը հաստատված է

իրավունք առարկայի մեջ և հանդիսանում սովորողի հատուկ սոցիալական կարգավիճակ ունենալու ուղիղ հետևանք:

Աճող սերունդն իր տարիքի պատճառով, որքան էլ հասարակության առարկայագործնական գործունեությունից օտարված է, անգործության չի մատնված: Մանկահասակին, դեռահասին, պատանուն և երիտասարդին իրենց կյանքի այդ ժամանակահատվածում տրվում է հասարակության մեջ առկա գիտելիքների և մշակույթին տիրապետելու դժվարին աշխատանք:

Վերլուծաբանների և գիտնականների գնահատականներով սոցիալական ոլորտը մարդու կենսաապահովման ամբողջ համակարգն է՝ սկսած ծննդատնից մինչև սգատուն: Սոցիալական ոլորտում հասարակական հարաբերությունների էությունը մարդու կենսագոյության ամբողջ գործընթացն է՝ իր ունակությունների և պահանջմունքների ամբողջությամբ: Այլ խոսքով, սոցիալական հարաբերությունները նաև տնտեսական հարաբերություններն են, որոնք դիտարկվում են մարդու անհատականության ձևավորման, արդյունքի սպառման և զարգացման տեսանկյունից:

Առանձնացնենք նշված գործընթացի չորս՝ կուտակային, արտադրության, վերաբաշխման և սպառման փուլերից միայն կուտակային և արտադրասպառման փուլերը:

Կուտակային փուլը՝ մարդու ծննդով, ֆիզիկական, մտավոր և հոգևոր դաստիարակությամբ, սոցիալական պաշտպանության համալիրով պայմանավորված առաջացող հարաբերություններն են: Այս փուլը ձևավորում է կրթական ոլորտի այն մասը, որն ապահովում է անձի մտավոր՝ կրթական, դաստիարակչական, ֆիզիկական, հոգևոր, նաև մշակութային բոլոր ձևերի հարաբերությունները առողջ, գիտակից և կրթված ու դաստիարակված սերունդ ունենալու համար:

Արաադրասպառման փուլը տնտեսական և սոցիալական /կրթական ոլորտների այն բաժինն է, որտեղ իրացվում է մարդկային ներուժը մարդկանց տարատեսակ կրթաաշխատանքային գործունեության ընթացքում: Այս փուլում են սպառվում մարդկանց կուտակած գիտելիքները, հմտությունները, ունակությունները, ձեռք բերվում նոր փորձ, գիտելիքներ և կարողություններ: Օրինակ՝ ասպիրանտուրայում կամ դոկտորանտուրայում սովորելը:

Հետևաբար, կուտակային փուլում սուբյեկտը միայն օգտագործում է հրամցվող առկա նյութական և հոգևոր հարստությունը, գիտելիքները, հնարավորինս յուրացնում դրանք, հասարակության համար որևէ նոր բան չստեղծելով: Թեև ուսումնառության գործընթացը, իսկապես քրտնաջան գործունեության տեսակ լինելով հանդերձ, չի համարվում աշխատանքային, քանի որ դրա հետ կապված հարաբերությունները գտնվում են աշխատանքային իրավունքի սահմաններից դուրս: Սովորողների և ուսումնական հաստատությունների միջև աշխատանքային հարաբերությունների բացակայությունը չի ազատում պետությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին, երեխաների կրթության իրավունքն իրացնելու և այն հասանելի դարձնելու համար սովորողներին որոշակի սոցիալական պաշտպանության տարատեսակներ /սոցիալական աջակցության/ տրամադրելու պարտավորություններից:

Կրթության մատչելիության և հասանելիության սկզբունքն իրացնելու համար՝ պետությունը պարտավորվում է ստեղծել անհրաժեշտ նյութական պայմաններ բոլոր սովորողների՝ այդ թվում հասարակության սոցիալական անապահով շերտերի ներկայացուցիչների համար: «Կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կրթության մատչելիությունը, շարունակականությունը, հաջորդականությունը և համապատասխանությունը սովորողների զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստականության աստիճանին փաստված է՝ պետական պարտադիր նվազագույնի ապահովմամբ: Բացի այդ, նույն օրենքի հոդված 6-ի 2-6-րդ մասերը սահմանում են, որ պետությունը կրթության իրավունքն ապահովում է կրթության համակարգի բնական գործառնությամբ և կրթություն ստանալու համար սոցիալ-տնտեսական պայմանների ստեղծմամբ:

Պետությունը ՀՀ քաղաքացիների համար երաշխավորում է ստանալ պետական ուսումնական հաստատություններում անվճար ընդհանուր միջնակարգ և մրցութային կարգով՝ անվճար նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն:

Պետական հանրակրթական դպրոցների առաջինից երրորդ դասարանների աշակերտներին