Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/228

Այս էջը հաստատված է

կա՛մ անկողմնակալ կազմակերպության, կա՛մ արբիտրաժի, կա՛մ դատարանի կողմից, որոնց հետազոտության և քննության արդյունքով ձեռք են բերվել օրինական և բավարար ապացույցներ՝ ինչը կասկածի տեղիք չի տալիս:

Բացի այդ, մեր կարծիքով, կրթական հաստատության ղեկավարին պետք է պարտավորեցնել, որպեսզի նաև գրավոր տեղեկացնի ոչ միայն մանկավարժական աշխատողին կարգապահական հետաքննության արդյունքում ընդունված որոշման, այլև նման որոշում ընդունելու դրդապատճառների մասին:

Կարգապահական պատասխանատվության կիրառման նորմատիվ-իրավական հարաբերությունների կարգավորման հարցերի քննարկման ժամանակ կարելի է օգտագործել այլ երկրների հաջողված փորձերը, օրինակ՝ «Բավարիայի բարձրագույն կրթության մասին» օրենքը (վերամշակված՝ 1993թ. դեկտեմբերի 1-ին), որն ունի այս հարցերի մասին սահմանված հատուկ գլուխ՝ «Կարգապահական պատասխանատվության կիրառման կարգը կարգավորող նորմեր»: Համաձայն այդ օրենքի՝ Բավարիայի ուսումնական հաստատություններում կարգապահական ազդեցության միջոցների կիրառման իրավունքը պատկանում է միայն բուհի ղեկավարին, որը նա չի կարող փոխանցել այլ պատասխանատու անձանց կամ մարմինների:

Բուհի ղեկավարը պետք է կարգապահական հետաքննություն կատարի սովորողների կամ բուհի աշխատողների կողմից օրինակարգի ցանկացած խախտման դեպքում: Նման փաստերի բացահայտման պարտականությունը դրվում է բուհի պաշտոնատար անձանց և ոստիկանության վրա: Կարգապահական հետաքննության գործընթացում բուհի ուսանողներն ու աշխատողները պարտավոր են տալ ճիշտ վկայություններ /ցուցմունքներ/: Այս իրավունքը չի տարածվում այն անձանց վրա, ովքեր քրեական դատավարության օրենսգրքով ազատված են վկայություն տալուց (իրավախախտը, նրա հարազատները, ամուսինը և այլն):

Ուսանողը կամ բուհի աշխատողը, որի նկատմամբ կիրառվում է կարգապահական հետաքննություն, իրավունք ունեն ծանոթանալ ձեռք բերված ապացույցների հետ, բայց պայմանով, որ այդ իրավունքի իրականացմամբ ինքը չի հետապնդի ճշմարտության բացահայտմանը խանգարելու նպատակ: Բացի այդ, իրավախախտը կարող է գործի հետաքննության մեջ ներգրավել որակավորված փաստաբանի /իրավաբանի կամ այլ ներկայացուցչի/: Մինչև որոշման կայացումը իրավախախտը պետք է ծանոթանա իրեն ներկայացված մեղադրանքներին, գործով հավաքված նյութերին և տա բացատրություններ՝ ըստ դրանց: Հետաքննության արդյունքների մասին որոշումն ընդունվում է գրավոր և հաղորդվում կարգապահական զանցանք կատարած անձին: Որոշման մեջ պահանջվում է անպայման տեղեկացնել այն բողոքարկելու կարգի մասին:

Բուհի ղեկավարի վրա է դրված Բավարիայի երկրամասի կրթության նախարարության ղեկավարությանը բուհի ուսանողի նկատմամբ կիրառված կարգապահական տույժի մասին անպայման հաղորդելու պարտականություն: Նախարարությունն իր հերթին տեղյակ է պահում այլ երկրամասերի կրթության նախարարություններին:

Բացի այս, նույն Երաշխավորության՝ մասնավորապես, 50-րդ կետը մանկավարժական աշխատողին իրավունք է տալիս ծանոթանալ կարգապահական հետաքննության գործընթացում ձեռք բերված նյութերի հետ անձամբ կամ սեփական ներկայացուցչի միջոցով իրացնել իր պաշտպանության իրավունքը (ներկայացուցիչը կարող է լինել ինչպես աշխատանքային գործընկեր, այնպես էլ մասնագիտացված իրավաբան): Ընդորում, մանկավարժական աշխատողին պետք է տրվի բավականաչափ ժամանակ՝ զանցանքի վերաբերյալ անհրաժեշտ բացատրություններ տալուն նախապատրաստվելու և պաշտպանության համար:

Միջազգային իրավունքի նորմերի համաձայն, սկզբունքորեն կարևոր է այն փաստը, որ կարգապահական զանցանքի հետաքննությունն անցկացվի ոչ միայն կրթական հաստատության ղեկավարի կողմից, այլև աշխատանքային գործընկերների պարտադիր մասնակցությամբ: Բարձրագույն ուսումնական հաստատություններում հաստատության ղեկավարը ընդհանրապես զրկվում է կարգապահական հետաքննություն անցկացնելու իրավունքից: Միակ մարմինը, որն իրավասու է կատարել նման հետաքննություն, ճանաչվում է աշխատանքային գործընկերներից կազմված անկախ, գործի ելքով չշահագրգռված երրորդ կողմի միջնորդական հետաքննությունը: