Արդյունքում դրանում առկա կլինի իրավական կարգավորման առարկային, մեթոդին, սկզբունքներին և մեխանիզմներին վերաբերող անհրաժեշտ նոր հատկությունների մի հանրագումար, որն էլ թույլ կտա արձանագրել, որ մենք գործ ունենք արդեն կրթական իրավունքի նոր, ինքնուրույն ճյուղի հետ: «Սահմանային» ինստիտուտների փոխկապակցված խմբի իրավունքի նոր ճյուղի վերափոխման կարևորագույն հատկանիշ կարող է ծառայել նոր, միայն այդ խմբին բնորոշ հասկացությունների և կառուցվածքների առաջացումը, ինչպես նաև ընդհանուր մասի ձևավորումը, որը կպարունակի այդ ճյուղի կողմից կանոնակարգվող բոլոր հարաբերությունների վրա հավասարապես տարածվող սկզբունքները և հիմնադրույթները:
«Սահմանային» ինստիտուտների փոխկապակցված խմբի կողմից «կրիտիկական զանգված» կուտակումը նորմատիվ նյութի հասարակ աճ չէ մինչև որոշակի սահմանը, որից հետո ինքնաբերաբար կարելի է արձանագրել իրավունքի նոր ճյուղի գոյությունը: «Կրիտիկական զանգվածին» հասնելուն պես քանակական հատկանիշները վերածվում են որակականի, ի հայտ են գալիս հասարակական հարաբերությունների որոշակի հատվածի իրավական կարգավորման առարկային, մեթոդին, սկզբունքներին և մեխանիզմին վերաբերող նոր հատկություններ: Այդ իսկ պատճառով համալիր ինստիտուտների գոյության ճանաչումը ամենևին չի նշանակում իրավունքի համալիր ճյուղերի առկայության ճանաչում, ճյուղերի, որոնք նույնպես ընկալվում են որպես համալիր ինստիտուտների միասնականություն: Ավելին, «սահմանային» միջճյուղային համալիր ինստիտուտների միասնականությունը միայն այդ ժամանակ կարելի է որակել որպես իրավունքի նոր ճյուղ, երբ այն ձեռք է բերում որակապես նոր հատկություններ և, հետևապես, կորցնում է համալիրայնության հատկանիշը: Իրավունքի ճյուղի, որպես սոցիալական իրականության կատեգորիայի, բուն էությունն է բացառում իրավունքի համալիր ճյուղերի գոյության հնարավորությունը (ի տարբերություն օրենսդրության համալիր ճյուղերի): Այդուհանդերձ, իրավունքի նոր ճյուղերի և հենց իրավունքի կառուցվածքի կայացման գործընթացը հասկանալու համար չափազանց կարևոր այս հանգամանքը կա՛մ դուրս է մնում առանձին հետազոտողների տեսադաշտից, կա՛մ էլ թերագնահատվում է:
«Սահմանային» նոր իրավական ինստիտուտի կայացումը, որպես կանոն, անհետ չի անցնում օրենսդրության համակարգի համար: Նախևառաջ այդ հանգամանքը հիմք է ծառայում հիմնականում ճյուղային օրենքների և ենթաօրենսդրական ակտերի համալիրության մեծացման համար: Բացի այդ, «սահմանային» իրավական ինստիտուտները երբեմն ձևակերպվում են հատուկ նրանց նվիրված համալիր նորմատիվ ակտերով, այսինքն՝ դրանց կայացումը բերում է նորմատիվ-իրավական ակտերի ընդհանուր զանգվածի աճի: Այլ կերպ ասած՝ փոխվում են օրենսդրության համակարգի քանակական ցուցանիշները, որոնք չափազանց էական են նրա կայունության և գործառնության արդյունավետության համար:
Իրավական կարգավորման սեփական առարկա ունեցող իրավունքի ցանկացած ճյուղ գտնվում է կայուն, անընդհատ կապի մեջ իրավունքի այլ ճյուղերի հետ: Ա.Վ.Վասիլևը նշում է /90, էջ՝ 58/, որ իրավունքի ճյուղերը մեկուսացված չեն միմյանցից: Նրանք կարող են ունենալ ընդհանուր ինստիտուտներ և դրանով իսկ կապված լինել միմյանց հետ: Ընդհանուր ինստիտուտների կապվածությունն արտահայտվում է նրանում, որ նրանք ունեն իրավունքի տարբեր ճյուղերին վերաբերող նորմեր: Իրավունքի երկու և ավելի ճյուղերի նորմեր պարունակող իրավական ինստիտուտները իրավագետների կողմից ճանաչվում են որպես համալիր /միջճյուղային/ ինստիտուտներ /91, հատոր 2, էջ՝ 233/:
Համալիր բնույթ ունի, օրինակ, իրավաբանական անձանց գրանցման ինստիտուտը, որը մտնում է քաղաքացիական իրավունքի կառուցվածքում, բայց իրականանում է վարչական իրավունքի նորմերով:
Համալիր ինստիտուտներ գոյություն ունեն նաև աշխատանքային իրավունքում: Որպես օրինակ կարող է ծառայել գործատուի պատասխանատվության ինստիտուտը՝ արտադրությունում աշխատողի առողջությանը պատճառած վնասի համար, որը միաժամանակ հանդիսանում է քաղաքացիական իրավունքի ինստիտուտ: Աշխատանքի անվտանգության կանոնների պահպանման հսկողությունն իրականացնում է ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը, որի գործունեության