Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/244

Այս էջը հաստատված է

արդյունքում հայտնաբերված խախտումները հանգեցնում են վարչական պատասխանատվության ձևերի կիրառման: Աշխատողներին անաշխատունակության թերթիկով նպաստի իրավունքի իրացումը կատարվում է սոցիալական ապահովության իրավունքի նորմերով: Այս հարցում «ամլությամբ» աչքի չի ընկնում նաև վարչական իրավունքի առարկան, որն իր մեջ է ներառում ֆինանսական, աշխատանքային, ընտանեկան իրավունքի ճյուղերի հարաբերություններ: Ինչպես նշել է Յու. Ա. Տիխոմիրովը, քանի գնում, առավել խորը և մեծ մասշտաբներ է ընդգրկում իրավունքի մի ճյուղի փոխադարձ ներթափանցումը այլ իրավունքի ճյուղեր: /92, էջ` 105/:

Համալիր ինստիտուտները իրավունքի և օրենսդրության համակարգի միանգամայն տարածված երևույթներ են: Այս կապակցությամբ Ս. Ս. Ալեքսեևը նշել է` «Իրավական կարգավորման առարկայի բնութագրման ժամանակ չի կարելի սահմանափակվել՝ նշելով միայն փաստացի կարգավորող հարաբերությունների շրջանակը, առավել ևս, երբ այդ իրավունքի ճյուղի կարգավորման առանցքին ձգտում են սահմանակից, հարևան, ազգակցական, կապակցվող կամ դրան ոչ բնորոշ հարաբերություններ, որոնց կարգավորման համար արդեն գոյություն ունեն այլ ճյուղերի մեխանիզմներ: /օրինակ, քաղաքացիական իրավունքը կարգավորում է նաև ոչ գույքային հարաբերություններ/» /93, էջ՝ 172/: Ամեն դեպքում, չնայած իրավունքի ճյուղի կարգավորման առարկայի տարասեռ լինելուն, իրավունքի այդ ճյուղերը պահպանում են իրենց ամբողջականությունը և միասնականությունը, քանի որ ցանկացած իրավունքի ճյուղի հիմքում ընկած են իրեն հատուկ հասարակական հարաբերություններ, որոնք որոշում են իրենց առարկայի էությունը և անմիջական բովանդակությունը: Այդ նորմերը չունեն համընդհանուր բնույթ, այլ ծառայում են միայն այդ ճյուղի հարաբերությունները կարգավորելու համար:

Իրավունքի ճյուղի հիմնական և համալիր ինստիտուտների շարադրված հարաբերակցությունն ամբողջությամբ հատկանշական է նաև կրթական իրավունքին, որն իր կազմում ունի մի շարք համալիր ինստիտուտներ:

Վ.Ի. Շկատուլլան ենթադրում է, որ կրթական հարաբերությունների կարգավորման գործում օգտագործվում են իրավունքի 9 ավանդական ճյուղեր՝

  • սահմանադրական,
  • վարչական,
  • քաղաքացիական,
  • ֆինանսական,
  • ընտանեկան,
  • սոցիալական,
  • հողային,
  • աշխատանքային և
  • միջազգային իրավունքի ճյուղերի նորմերը, իսկ կրթական օրենդրությունը, ընդհանուր առմամբ, հանդիսանում է համալիր ինստիտուտ:

Մեր կարծիքով, կրթական հարաբերությունների կարգավորման գործում իր դերակատարումն ունեն նաև սոցիալական ապահովության իրավունքի որոշ ինստիտուտներ:

Միաժամանակ, Վ.Ի. Շկատուլլան, բնութագրելով /94, էջ՝ 39-44/ կրթության ոլորտում առկա գույքային հարաբերությունների իրավական կարգավորման յուրահատկությունները, կրթական օրենսդրության այն նորմերը, որոնք կարգավորում են այդ հարաբերությունները, վերագրում է քաղաքացիական իրավունքի համակարգին:

Այսպես, նա նշում է, որ. «Կրթական ոլորտում գույքային հարաբերությունների կարգավորման առանձնահատկությունները որոշվում են կրթական իրավունքի նորմերով, որոնք պատկանում են քաղաքացիական իրավունքին՝ չնայած համալիր նորմատիվ-իրավական ակտի մեջ ներառված լինելուն» /95, էջ՝ 32/

Ցավոք, իրավունքի համալիր ինստիտուտների իրավաբանական բնույթի մասին հարցը դեռևս մնում է քիչ հետազոտված և մեծ մասամբ վիճելի: Բացակայում է եզրույթաբանական միասնությունը: Ա.Վ.Միցկևիչը /96, էջ՝ 18/ նման ինստիտուտներն անվանում է համալիր ինստիտուտներ,