Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/246

Այս էջը հաստատված է

Իրավունքի ճյուղի բոլոր նորմերը, առանց բացառությունների, գործում են նրա առարկայի շրջանակներում և ձեռք չեն բերում սահմանադրական դրույթների համար անհրաժեշտ համընդհանրության աստիճան: Այլապես կստացվեր, որ իրավունքի ցանկացած ճյուղ իր մեջ պետք է պարունակեր սահմանադրական նորմերի և սկզբունքների հետ առանձին համալիր ինստիտուտներ, որը չի կարող տեղի ունենալ: Հետևաբար այդ նորմերը կարգավորվում են միայն և միայն սահմանադրական իրավունքով:

Այսպիսով, իրավունքի այլ ճյուղերի նորմերի վերարտադրման միայն մի փաստը բավարար հիմք չէ այս կամ այն ինստիտուտը համալիր ճանաչելու համար: Եթե տեղի է ունենում իրավունքի ճյուղերի նորմերի պարզ կրկնորդում՝ առանց նրանց իրավունքի այլ ճյուղի առարկայի յուրահատկության հետ կոնկրետացման, ապա այդպիսի նորմերը չեն փոխում իրենց առարկայական պատկանելությունը: Նրանք մնում են իրենց հարազատ, «մայրական» ճյուղի ոլորտի մեջ: Հակառակ դեպքում, կարող են ստեղծվել իրավիճակներ, երբ, օրինակ, կրթության մասին օրենսդրությունը, եթե մեխանիկորեն արտահայտի աշխատանքային և քաղաքացիական օրենսդրությունների նորմերի մեծ մասը, ապա ի վիճակի չեն լինի քաղաքացիական և աշխատանքային օրենսգրքերը հասցնել կրթական իրավունքի համալիր ինստիտուտի մակարդակին:

Բայց դա տեղի չի ունենում հենց այն պատճառով, որ թվարկված օրենսգրքերն ունեն համընդհանուր նշանակություն և գործում են բոլոր ոլորտներում գույքային և աշխատանքային հարաբերությունների կարգավորման ժամանակ, և որոնք որևէ լրացուցիչ կոնկրետացման կարիք չեն զգում:

Որպես կանոն, համալիր ինստիտուտներն ամրագրվում են իրավունքի ճյուղերի «դստրիկ» աղբյուրներում: Այսպես, աշխատանքային իրավունքի համալիր ինստիտուտները, որոնք առաջանում են քաղաքացիական, վարչական իրավունքների քաղաքացիական դատավարության օրենսգրքի սահմանագծում, գտնվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքում: Դրանք, օրինակ, աշխատողի և գործատուի նյութական պատասխանատվության ինստիտուտներն են, աշխատանքի պաշտպանության կազմակերպման իրականացումը, անհատական և կոլեկտիվ աշխատանքային վեճերի կարգավորումը և այլն:

Թեպետ հազվադեպ, բայց օրենսդիրն օգտագործում է նաև այլ հնարք՝ երբ համալիր ինստիտուտներն ամրագրում է իրավունքի «մայրական /հիմնական/» ճյուղի աղբյուրներում:

Այսպես, հենց նույն ՀՀ աշխատանքային օրենսգիրքն իր մեջ ներառում է համալիրային ինստիտուտներ, որոնք սահմանում են մանկավարժների աշխատանքի կարգավորման որոշ առանձնահատկությունները և իրենց անմիջական բովանդակությամբ վերաբերում են կրթական իրավունքի առարկային:

Այսպիսով, եթե իրավունքի մի ճյուղի նորմերը հրատարակվում են իրավունքի այլ ճյուղի աղբյուրներում, ապա բավարար հիմքեր կան ենթադրելու, որ այդ նորմերը կարող են կազմել համալիր ինստիտուտ: Տվյալ եզրակացության ճշմարտացիությունը կարող է հաստատվել նորմերի բովանդակային վերլուծությամբ և նրանց վերափոխման աստիճանի որոշմամբ, իրավունքի այլ ճյուղի առարկայի հետ հարմարվողականությամբ:

Համալիրային ինստիտուտը ոչ միայն իրավունքի «օտար» նորմերի ամբողջություն է, այլև այնպիսի ամբողջություն, որը էապես վերամշակված է և համապատասխանեցված առարկայի առանձնահատկություններին: Հենց դրանք էլ սերտաճում են կրթական իրավունքի օրգանիզմին, ստանալով դրան հարիր իրավական ձևակերպումներ: Այս հանգամանքը շատ նման է բժշկության մեջ կիրառվող այլ օրգանիզմից վերցրած մեկ ուրիշ օրգանիզմում օրգանի փոխպատվաստմանը, երբ փոխպատվաստված օրգանը սերտաճում է սկզբնական շրջանում օտար թվացող օրգանիզմին և ժամանակի ընթացքում միայն սեփականացվում, դառնում իրենը: Կամ խորթ ծնողները, երբ երեխա են որդեգրում, չլինելով կենսաբանական ծնողներ՝ երեխայի խնամքը և դաստիարակությունը կատարում են սեփական երեխասերին հավասար, անգամ հարազատ ծնողներից լավ:

Եթե իրավունքի բնագավառի նորմերը անփոփոխ տեսքով կամ աննշան խմբագրական ճշգրտումներով արտացոլվում են իրավունքի բնագավառի այլ աղբյուրներում, ապա այդպիսի