Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/248

Այս էջը հաստատված է

ՀՀ օրենսդրական այլ ակտերի համաձայն, գործունեության այլ ոլորտներում կազմակերպությունների ղեկավարներին աշխատանքի ընդունելու և նրանց հետ պայմանագիր կնքելու համայ այլ կարգ է գործում:

Կրթական ոլորտի սահմաններից դուրս, հավասարապես, չեն գործում աշխատողին հեռացնելու մասին այն նորմերը, որոնք կապված են ֆիզիկական կամ հոգեբանական բռնության կիրառման դաստիարակչական մեթոդների հետ: Օրինակ՝ այն չի կարող կիրառվել այլ կազմակերպությունում արտադրական պրակտիկա անցնող ուսանողների հետ փորձ իրականացնող մասնագետի հանդեպ, որը կիրառում է դաստիարակչական բնույթի մեթոդներ՝ արգելված կրթության մասին օրենսդրությամբ:

Այսպիսով, կրթության բնագավառի նորմերը, որոնք կոնկրետացնում են քաղաքացիական, աշխատանքային և իրավունքի այլ ճյուղերի նորմերը և համապատասխանեցվում այս բնագավառի առանձնահատկություններին, ունեն գործունեության սահմանափակ ոլորտ: Նրանք գործածվում են իրավունքի միայն տվյալ բնագավառի սահմաններում և չունեն համընդհանուր բնույթ:

Իրավական նորմերի գործունեության ոլորտների սահմանափակումը, որոնք ձևավորում են բնագավառի համալիրային ինստիտուտները, իրականում կազմում են նրանց յուրահատուկ հատկանիշը: Ինստիտուտը համալիրային է ճանաչվում ոչ թե նրա համար, որ նրանում կան իրավունքի այլ բնագավառների նորմեր, այլ այն պատճառով, որ այդ նորմերը կոնկրետացվում են տվյալ ճյուղի առարկայի յուրահատկությանը համապատասխան և գործում միայն դրա սահմաններում:

Այսպիսով, կրթական իրավունքի համալիրային ինստիտուտի շնորհիվ իրավունքի այլ բնագավառների նորմերը կոնկրետացվում և լրացվում են կրթական հարաբերությունների առանձնահատկությանը համապատասխան, իսկ այդ նորմերի կարգավորող գործունեությունը սահմանափակվում է սոսկ կրթական իրավունքի առարկայով:

Որոշ ռուս իրավագետներ բացառում են համալիրային ինստիտուտների կապի հնարավորությունը իրավունքի ինչ-որ համակարգի հետ: Օրինակ, Դ. Ե. Պետրովը չի համարում «անվիճելի այն կարծիքը, որի համաձայն համալիրային իրավական ինստիտուտները «միակուռ» վերաբերում են իրավունքի որևէ բնագավառին»:

Նրա կարծիքով, «միջոլորտային իրավական ինստիտուտները ինտեգրված են և որպես այդպիսին չեն կարող վերաբերել իրավունքի որևէ բնագավառի»:

Դրա հետ մեկտեղ, որպես իրավունքի ոլորտի առաջնային տարր, ինչպես նաև համակարգերն ամբողջությամբ վերցրած՝ իրավաբանական նորմեր են, ոչ թե իրավական ինստիտուտ, որի հետևանքով իրավական նորմը, որը պատկանելություն ունի իրավունքի մի ոլորտին, չի կարող մտնել մեկ այլ ոլորտի իրավական ինստիտուտի կազմում»: (103, էջ՝ 9)

Դ. Ե. Պետրովի հետ կարելի է համաձայնել միայն մասամբ, նրանում, որ հնարավոր են այնպիսի իրավիճակներ, երբ իրավունքի մեկ ոլորտի նորմը չի կարող մտնել մեկ այլ իրավունքի ոլորտի մեջ: Ինչպես ասվել էր նախկինում, նման նորմերի առարկայական գործունեությունը համընկնում է իրենց իրավունքի «հիմնական» բնագավառների գործունեության ոլորտի հետ: Արտացոլված լինելով իրավունքի այլ ոլորտներում, այդ նորմերը չեն փոխում իրենց ոլորտային պատկանելությունը:

Մեր կարծիքով, այն նորմերի օգնությամբ, որոնցով կոնկրետացվում է իրավունքի մի ոլորտի նորմերի բովանդակությունը իրավունքի այլ ոլորտի առարկայի առանձնահատկության հետ համապատասխանեցնելու համար, դրանց հանդեպ մոտեցումը պետք է լինի այլ: Այդ դեպքում նման նորմերի առարկայական բովանդակությունն ընկնում է իրավունքի երկու ոլորտների ազդեցության տակ և կրում է համալիրային բնույթ: Իրենց առարկայական բնույթով համալիրային նորմերն անվիճելիորեն վերաբերում են իրավունքի «հիմնական» ոլորտին: Միևնույն ժամանակ այդ նորմերը չեն մասնակցում հասարակական հարաբերությունների կարգավորման մեջ այնքան ազատ ու ընդարձակ, ինչպես տվյալ ոլորտին բնորոշ մնացած նորմերը: Համալիրային նորմերը գործում են միայն այն ոլորտի սահմաններում, այն առարկային համապատասխան, որով նրանք կոնկրետացնում են իրավունքի «հիմնական» ոլորտի նորմերը: