Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/249

Այս էջը հաստատված է

Այդ պատճառով համալիրային նորմերը մտնում են իրավունքի «մասնաճյուղային /դստրիկ/» ոլորտի կազմի մեջ, կազմում նրա սահմանափակ մասը: Համալիրային ինստիտուտներից զրկված ոլորտը չէր կարողանա ապահովել իր առարկայի նորմատիվ-իրավական կարգավորման ամբողջությունը, կլիներ զատողական:

Հետևաբար, համալիրային ինստիտուտներն իրենց առարկայով կարող են մտնել իրավունքի ինչպես «հիմնական», այնպես էլ «մասնաճյուղային» ոլորտի կազմի մեջ: Այս սկզբունքի համաձայն, արգելվում է որևէ կրկնօրինակում՝ մի աղբյուրի նորմատիվ իրավական ակտի մեխանիկական կրկնությունը մեկ այլ իրավունքի ոլորտի աղբյուրում:

Այն հարցադրումը, թե որ ոլորտի իրավունքի աղբյուրում է հարկավոր ներառել համալիրային նորմերը, ընդամենը իրավաստեղծ տեխնիկայի հարց է ակնարկում, այլ ոչ թե գործի էություն:

Ինչպես ցույց է տալիս փորձը, համալիրային նորմերն ամենից հաճախ ներառվում են իրավունքի այն ոլորտի կազմի մեջ, որոնց սահմաններում նրանք իրականացնում են իրենց կարգավորիչ գործառույթները:

Օրինակ, գործատուին վնաս պատճառելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են աշխատանքային օրենսգրքով, այն դեպքում, երբ այդ հարաբերություններն իրենց էությամբ վարչական /անգամ՝ քրեական/ իրավունքի առարկա են: Օրենսդիրը կրթության բնագավառում հասարակական հարաբերությունները կարգավորելիս գործում է համանման ձևով:

Գոյություն ունեն մի քանի լուրջ փաստարկներ, որոնց ճնշման ներքո հենց նման ձևով, այս տարբերակի օգտին պետք է կատարել համալիրային նորմերի ամրագրումը:

Առաջին հերթին, այն հարաբերությունները, որոնք կարգավորվում են իրավունքի առանձին ճյուղով, գործունեության առարկայական-գործնական ոլորտի յուրահատկությամբ պայմանավորված, միշտ բաժանվում են իրենց տեսակների այս կամ այն ամբողջությամբ:

Բայց այն բանի հետևանքով, որ իրավահարաբերության յուրաքանչյուր առանձին տեսակ ունի որոշակի յուրահատկություն, ոլորտի ընդհանուր նորմերը չեն կարող հաջողությամբ գործել առանց դրանց լրացման: Այս բոլոր ինստիտուտների ներառումը իրավունքի «մայրական» ոլորտի մեջ կհանգեցներ նրա աղբյուրների նշանակալի մեծացմանը:

Դրա հետ մեկտեղ, համալիրային նորմերը, իրավունքի ճյուղի նորմերի նշանակալի մասը կազմելով, կքողարկեին նրա ընդհանուր, բնորոշող նորմերը և աղբյուրի գործածության ընթացքում անընդհատ հարց կծագեր իրավունքի այս կամ այն նորմի գործունեության ոլորտի պատկանելության մասին:

Երկրորդ հերթին, իրավունքի համալիրային նորմերի նախապատրաստումը և ընդունումը իրականացվում է իրավունքի «մայրական» ոլորտի համապատասխան աղբյուրների ուժի մեջ մտնելուց հետո: Նախքան այլ ոլորտի առարկայի յուրահատկությանը համապատասխան իրավունքի նորմերը կոնկրետացնելը, պետք է այդ նորմերը լինեն առձեռն և գործող:

Եվ եթե հետևենք համալիրային նորմերի իրավունքի բնագավառի «հիմնական» աղբյուրների մեջ անմիջական ներառման կանոնին, ապա կպահանջվեին փոփոխությունների անսահման ներառումներ, լրացումներ այդ ոլորտի աղբյուրներում: Արդյունքում ոչ մեկը, նույնիսկ սկզբնական աղբյուրը, չէր լինի կայուն: Այն անընդհատ կփոխեր իր բնույթը, որը նույնպես բացասաբար կանդրադառնար իրավակարգավորող գործընթացների վրա:

Երրորդ հերթին, իրավունքի բնագավառը, զրկված լինելով իր համալիրային նորմերից, չէր բովանդակի իր առարկայի ամբողջական կարգավորումը: Եվ եթե իրավունքի բնագավառում զգալի քանակ են կազմում համալիրային նորմերը, ինչպես, օրինակ, վարչական, աշխատանքային, սոցիալական ապահովության, ֆինանսական և իրավունքի այլ բնագավառներում, ապա բնագավառը կզրկվեր իր նորմերի զգալի մասից:

Ներկայումս, երբ ընթանում է կրթական իրավունքի ձևավորման բուռն գործընթացը՝ որպես իրավունքի ինքնուրույն բնագավառ, բավականին դժվար է նրա համալիրային ինստիտուտներին տալ սպառիչ համակարգվածության վերջնական տարբերակ: Դա պահանջում է հատուկ, լրացուցիչ հետազոտություններ: Կրթական իրավունքի համակարգում պետք է որոշել ամենից առաջ առանձին ինստիտուտների