Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/250

Այս էջը հաստատված է

յուրահատկությունները, որոնք ունեն համալիրային բնույթ: Միայն «Կրթության մասին» ՀՀ օրենսգրքում հնարավոր կլինի ամրագրել կրթական հարաբերությունների իրավունքի նորմերի բոլոր առանձնահատկությունները, երբ կկոնկրետացվեն և կրթական ոլորտին կհամապատասխանեցվեն կրթաիրավական և համալիիր ինստիտուտները:

Իրավունքի առարկայական բնագավառի համախմբվածությունը թույլ է տալիս միավորել կրթական իրավունքի առանձին համալիրային ինստիտուտում իրավունքի ոլորտին համապատասխան բոլոր նորմերը՝ անկախ նրանց թվից և իրավունքի ոլորտում զբաղեցրած տեղից:

Այսպիսով, կրթական իրավունքի մեջ կարելի է առանձնացնել մոտ 10 համալիրային ինստիտուտներ, որոնք գործում են կրթական ոլորտում և ստանում են կոնկրետացում՝ համապատասխան կրթական հարաբերությունների առանձնահատկությանը:

Դրանք հետևյալ ինստիտուտներն են՝

1) կրթական հաստատություններում սովորողների և աշխատողների սոցիալական պաշտպանության,

2) կրթական բնագավառի կառավարման և ղեկավարման,

3) կրթական ոլորտում աշխատանքային հարաբերությունների,

4) կրթական ոլորտում պատասխանատվության նյութական և ոչ նյութական տեսակները /կարգապահական և նյութական/,

5) կրթական ոլորտում կարգապահական և դաստիարակչական բնույթի տույժերի, և նյութական պատասխանատվության կիրառման,

6) կրթական ոլորտում քաղաքացիա-իրավական հարաբերությունների,

7) կրթական ոլորտում հողային հարաբերությունների,

8) կրթական ոլորտում ծնողների մասնակցության,

9) կրթական ոլորտում ֆինանսական հարաբերությունների,

10) կրթական ոլորտում միջազգային համագործակցության և ներքին տնտեսական գործունեության,

11) կրթական ոլորտում սոցիալական ապահովության:

Թվարկած ինստիտուտներից յուրաքանչյուրը, լինելով հիմնական, իր մեջ է ներառում բոլոր այն նորմերը, որոնք կրթական հարաբերությունների յուրահատկությանը համապատասխան կոնկրետացնում, լրացնում են իրավունքի այս կամ այն ոլորտի նորմերը: Այսպես, կրթական հարաբերություններում ծնողների մասնակցության ինստիտուտը տվյալ հարցի առնչությամբ ներառում է բոլոր նորմերը:

Կրթության ոլորտում միջազգային համագործակցության և ներքին տնտեսական գործունեության ինստիտուտի մեջ են մտնում բոլոր այն նորմերը, որոնք կարգավորում են տվյալ ոլորտում կրթական հարաբերությունների գործունեությունը:

Սակայն հնարավոր են իրավիճակներ, երբ հիմնարար ինստիտուտի սահմաններում կարող է ստեղծվել որևէ առանձին հարցով նորմերի բավականին զարգացած ամբողջություն: Այս դեպքում իրավունքի նման նորմերը կարող են առանձնացվել առանձին համալիրային ինստիտուտում: Օրինակ, ուսումնական հաստատություններում սովորողների և աշխատողների սոցիալական պաշտպանության ինստիտուտը կարող է բաժանվել երկու՝ սովորողների սոցիալական պաշտպանության և աշխատողների սոցիալական պաշտպանության ինստիտուտների:

Ուսումնական ձեռնարկի կամ դասագրքի ծավալը սահմանափակ լինելու պատճառով հնարավոր չէ քննարկել կրթական իրավունքի բոլոր համալիրային ինստիտուտները: Դրանք կարող են ուսումնասիրվել ինչպես ուսանողական, այնպես էլ գիտական հետազոտություններում, մենագրություններում և այլ աշխատանքներում: Ելնելով նպատակահարմարությունից, մեր հետազոտությունները կսահմանափակվեն հիմնական համալիրային ինստիտուտների վերլուծությամբ, որի առարկա են կրթական, քաղաքացիական, աշխատանքային և վարչական իրավունքի հարաբերությունները: Հատուկ ուշադրություն է հատկացվում կարգապահական և նյութական պատասխանատվության ինստիտուտներին, որոնք կրթական իրավունքի հիմնական ինստիտուտներ են, բայց գործող օրենսդրության մեջ չեն ստացել բավարար իրավական կարգավորում: