Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/251

Այս էջը հաստատված է

Գլուխ 6.2. Կրթական և քաղաքացիական իրավունքի ճյուղերի համալիրային ինստիտուտներ

Քաղաքացիական իրավունքը հայաստանյան իրավական համակարգի ղեկավար ոլորտն է, որը կոչված է իրականացնելու գույքային և դրա հետ կապված անձնական ոչ գույքային հարաբերությունների նորմատիվ-իրավական կարգավորումը (օրինակ, հեղինակային իրավունքը, պատվի արժանապատվության պաշտպանությունը): Քաղաքացիա-իրավական հարաբերությունները բնութագրվում են իրենց սուբյեկտների իրավունքների հավասարությամբ և մեկը մյուսից անկախությամբ:

Սուբյեկտները մտնում են իրավահարաբերության մեջ ամենից հաճախ իրենց սեփական ցանկությամբ և իրենց կամքով, իսկ նրանց հավասարությունն ու անկախությունը ապահովվում է որոշակի գույքային տարբերությամբ:

Քաղաքացիական իրավունքի հիմնական նորմատիվ-իրավական ակտը ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն է:

Քաղաքացիական իրավունքի նորմերի կիրառումը կրթության ոլորտում հարաբերությունների կարգավորման համար իրականացվում է 3 ուղղություններով.

1) կրթական իրավունքի համակարգում համալիրային ինստիտուտների ձևավորում,

2) քաղաքացիական իրավունքի նորմերի ուղղակի օգտագործում՝ առանց դրանք կոնկրետացնելու և հասցեականացնելու կրթական իրավունքի աղբյուրներում,

3) քաղաքացիական իրավունքի նորմերի ոչ իրավաչափ տարածումն այն հարաբերությունների վրա, որոնք ընկած են տվյալ ոլորտի առարկայի սահմաններից դուրս:

«Կրթության մասին» ՀՀ օրենքում կան հոդվածներ, որոնք կոչված են կարգավորելու կրթության ոլորտում քաղաքացիա-իրավական հարաբերությունների յուրահատկությունը:

Կրթական իրավունքի համակարգի տվյալ նորմերը ձևավորում են 8 համալիրային ինստիտուտներ.

1) կրթական հաստատությունների հիմնադիրների,

2) որպես իրավաբանական անձինք՝ կրթական հաստատությունների իրավական կարգավիճակի,

3) կրթական հաստատությունների կանոնադրության,

4) կրթական հաստատությունների ստեղծման, վերակազմակերպման և լուծարման,

5) սեփականության,

6) կրթական հաստատությունների վճարովի ուսումնական և այլ ձեռնարկատիրական գործունեության,

7) մանկավարժների անհատական գործունեության կարգավորման առանձնահատկությունների,

8) անորակ կրթության համար կրթական հաստատությունների քաղաքացիա-իրավական պատասխանատվության:

«Կրթության մասին» ՀՀ օրենքը, հիմնվելով քաղաքացիական օրենսդրության վրա, ամրակայում է կրթական հաստատությունների երեք կազմակերպական-իրավական ձևերը.

  • պետական,
  • տարածքային /տեղական ինքնակառավարման/,
  • ոչ պետական:

Կրթական հաստատությունների թվարկված ձևերը տարբերվում են սուբյեկտներով, որոնք ընդունակ են հանդես գալ որպես դրանց հիմնադիրներ:

Կրթական հաստատությունների և կազմակերպությունների հիմնադիրների համալիրային ինստիտուտը քաղաքացիական օրենսդրության հետ համեմատած նախատեսում է ավելի մանրակրկիտ նորմատիվ-իրավական կարգավորում:

Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի հողված 29-ի՝ պետական ուսումնական հաստատության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս ՀՀ կառավարության կամ պետական