Պետական ուսումնական հաստատությունների՝ որպես ոչ առևտրային կազմակերպություններ, որպես այդպիսի իրավաբանական անձանց իրավական կարգավիճակի բնորոշ գծերից մեկն արտահայտվում է նրանց պարտականության մեջ՝ իրականացնել կրթական գործունեություն, որն ուղղված չէ անպայման եկամտի ստացմանը, իսկ եթե այդպիսիք կան, ապա նման ուսումնական հաստատությունների ուսուցման և ձեռնարկատիրական գործունեության բոլոր եկամուտներն ուղղված են ծախսերը փոխհատուցելուն, որոնք կապված են կրթական գործընթացի իրականացման, զարգացման ու կատարելագործման հետ: Հիմնադիրները նույնպես չեն կարող հույս ունենալ այն եկամուտների վրա, որոնք ստացել է կրթական հաստատությունը:
Սակայն մասնավոր բուհերը, որոնք իրենք են ընտրում իրենց կազմակերպա-իրավական ձևը, կարող են հանդես գալ առևտրային կազմակերպությունների տարատեսակներով ու շահույթ հետապնղել, ինչ որ հիմա նրանք անում են, որը, մեր կարծիքով, անթույլատրելի է /ավելի մանրամասն տե՛ս 12-րդ բաժնում/:
Կրթությունը հասարակական բարիք է, այն իրականացվում է անձի, հասարակության և պետության հետաքրքրությունների շրջանակում: Կրթական ձեռնարկատիրական գործունեությունը կողմնորոշված է մասնավոր անձանց կողմից եկամուտների ստացման, ինչը հակասում է կրթության սոցիալական նպատակներին: Կրթական հաստատությունների կողմից ձեռնարկատիրական և կրթական գործունեության ծավալումից ստացված միջոցների զգալի մասը կարող է հանվել կրթական գործընթացից՝ հիմնադիրների եկամուտի տեսքով:
«Կրթության մասին» ՀՀ օրենքը սահմանում է մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և այլ կառուցվածքային բաժինների իրավական կարգավիճակը, որը մասամբ չի համապատասխանում քաղաքացիական օրենսդրության նորմերին: Ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, այնպես էլ «Կրթության մասին» ՀՀ օրենքը չի ճանաչում մասնաճյուղերը որպես իրավաբանական անձինք:
Այսպես՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 34-ին համապատասխան՝ ուսումնական հաստատությունը կարող է ստեղծել մասնաճյուղեր:
Մասնաճյոպն իրավաբանական անձ չէ և գործում է ուսումնական հաստատության հաստատած կանոնադրության համաձայն:
Օտարերկրյա ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի ստեղծումը և գործունեությունը կարգավորվում են սույն օրենքով կամ միջպետական պայմանագրերով:
Մասնաճյուղի ղեկավարները նշանակվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ նախատեսված կարգով:
Մասնաճյուղերը գործում են իրենց ստեղծող ուսումնական հաստատությունների անունից: Ուսումնական հաստատությունները պատասխանատվություն են կրում իրենց մասնաճյուղերի գործունեության համար:
Ինչպես իրավաբանական անձի կառուցվածքային մասնաճյուղերը, որոնք տեղակայված են նրա տարածքից դուրս, մասնաճյուղերը կարող են օժտվել իրենց իրավաբանական անձանց ունեցվածքով և գործում են իրենց կողմից հաստատված կանոնադրությամբ:
Սակայն «Կրթության մասին» ՀՀ օրենքը զգալիորեն ընդլայնում է ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի, բաժինների, այլ կառուցվածքային մասնաճյուղերի արտոնությունները, նրանց վերապահում է իրականացնել, լիովին կամ մասամբ, իրավաբանական անձի իրավազորություն, այդ թվում, ունենալ ինքնուրույն հաշվեկշիռ, և սեփական բանկային միջոցներ:
Կրթական իրավունքի համալիրային ինստիտուտը՝ ուսումնական հաստատությունների կանոնադրությամբ ձևավորում է 3 տեսակի նորմ.
1) կանոնադրության բովանդակությունն ամրագրող,
2) կանոնադրությունն ընդունելու, դրանում կատարվող փոփոխություններ, լրացումներ ներառելը որոշող կարգ,
3) կրթական հաստատությունների կանոնադրության իրավաբանական կարգավիճակը որոշող կարգ:
Ի տարբերություն քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրավաբանական անձի կանոնադրության