Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/257

Այս էջը հաստատված է

Ուսումնական հաստատության պետական գրանցումից հետո նա ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ: Կրթական հաստատության ներքին գործունեությունը չի կարող հակասել իր կանոնադրությանը:

Ուսումնական հաստատությունների ստեղծման, վերակառուցման և լուծարման համալիր ինստիտուտը կրթության մասին օրենսդրությամբ նախատեսում է կրթական հաստատության ստեղծման 3 փուլ:

Առաջին 2 փուլերը հանդիսանում են պարտադիր բոլոր իրավաբանական անձանց, այդ թվում նաև՝ ուսումնական հաստատությունների համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդված 53-ին համապատասխան, իրավաբանական անձի հիմնադիրները կնքում են պայմանագիր, որով որոշում են իրավաբանական անձի հիմնադրման համար համատեղ գործունեության կարգը, իրավաբանական անձին իրենց գույքը հանձնելու և նրա կառավարմանն իրենց մասնակցության պայմանները:

Պայմանագրի հիման վրա հիմնադիրները մշակում են ստեղծվող իրավաբանական անձի կանոնադրությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդված 55-ի համաձայն իրավաբանական անձի հիմնադիր փաստաթուղթը նրա հիմնադիրների հաստատած կանոնադրությունն է: Մեկ հիմնադրի ստեղծած իրավաբանական անձը գործում է այդ հիմնադրի հաստատած կանոնադրության հիման վրա:

Իրավաբանական անձի կանոնադրությամբ սահմանվում են իրավաբանական անձի անվանումը, նրա գտնվելու վայրը, իրավաբանական անձի կառավարման կարգը, ինչպես նաև պարունակում են համապատասխան տեսակի իրավաբանական անձանց համար՝ օրենքով նախատեսված այլ տեղեկություններ:

Ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում սահմանվում են նրա գործունեության առարկան և նպատակները:

Առևտրային կազմակերպության կանոնադրությունում կարող են նախատեսվել նրա գործունեության առարկան և նպատակները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդված 56-ի համաձայն, իրավաբանական անձը, օրենքով սահմանված կարգով, ենթակա է պետական գրանցման: Պետական գրանցման համար տվյալները՝ ներառյալ առևտրային կազմակերպությունների ֆիրմային անվանումը, գրառվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում, որը բաց է համընդհանուր ծանոթացման համար:

Իրավաբանական անձի պետական գրանցումը մերժելու հիմքերը սահմանվում են օրենքով: Իրավաբանական անձի գրանցումն այն ստեղծելու աննպատակահարմարության շարժառիթով մերժել չի թույլատրվում:

Պետական գրանցումը մերժելը, ինչպես նաև գրանցումից խուսափելը կարող են բողոքարկվել դատարան: Իրավաբանական անձն ստեղծված է համարվում նրա պետական գրանցման պահից:

Իրավաբանական անձը ենթակա է վերագրանցման միայն օրենքով սահմանված դեպքերում:

1. Իրավաբանական անձն ունի իր անվանումը /ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդված 58/, որը ցուցում է պարունակում նրա կազմակերպական-իրավական ձևի մասին: Ոչ առևտրային կազմակերպության անվանումը պետք է ցուցում պարունակի իրավաբանական անձի գործունեության բնույթի մասին:

2. Իրավաբանական անձի գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է /ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդված 59-ը/:

3. «Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 34-ին համապատասխան, ուսումնական հաստատությունը կարող է ստեղծել մասնաճյուղեր: Մասնաճյուղն իրավաբանական անձ չէ և գործում է ուսումնական հաստատության հաստատած կանոնադրության համաձայն:

Օտարերկրյա ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի ստեղծումը և գործունեությունը կարգավորվում են «Կրթության մասին» օրենքով և/կամ միջպետական պայմանագրերով: