Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/259

Այս էջը հաստատված է

Պարտատերերի պահանջները բավարարելուց հետո ուսումնական հաստատության մնացած գույքը հանձնվում է դրա հիմնադիրներին, եթե օրենքով, այլ իրավական ակտերով կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

Ուսումնական հաստատության լուծարումը համարվում է ավարտված, իսկ դրա գոյությունը դադարեցված, իրավաբանական անձանց պետական գրանցման մատյանում այդ մասին գրառում կատարելու պահից:

Լուծարված ուսումնական հաստատության սովորողների հետագա ուսուցման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Կարծում ենք, այս առումով, առավել ճիշտ մոտեցում է հանդես բերել ռուսական օրենսդրությունը, քանի որ ըստ «Կրթության մասին» ՌԴ օրենքի հոդված 34-ի սահմանված է, որ սնանկացումը չի կարող հիմք ծառայել ուսումնական հաստատության լուծարման համար: Ինչ վերաբերում է գյուղական նախադպրոցական կամ դպրոցական ուսումնական հաստատության լուծարմանը, ՌԴ-ն ավելի ժողովրդավարական լուծում է հանդես բերել՝ թույլատրելով լուծարել դրանք միայն, այն դեպքում, եթե տվյալ բնակավայրի բնակիչները տվել են այդպիսի համաձայնություն, այսինքն՝ տեղական հանրաքվեի միջոցով:

Ուսումնական հաստատության սեփականության համալիր ինստիտուտը հիմնվում է քաղաքացիական օրենսդրության համապատասխան ինստիտուտի հիման վրա: Միաժամանակ առկա են հազվադեպ որոշակի նորմեր, որոնք, ըստ էության, կազմվում են ոչ ամբողջապես քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան:

«Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 45-ին համապատասխան պետական ուսումնական հաստատության գործունեությունն ապահովելու նպատակով՝ վերջինիս սեփականության կամ օգտագործման (անհատույց կամ հատուցելի) իրավունքով շենքեր, շինություններ, սարքավորումներ, ինչպես նաև սպառողական, սոցիալական, մշակութային և այլ նշանակության անհրաժեշտ հանձնվող պետական գույքի տեսակները հաստատում է կառավարությունը:

- Պետական ուսումնական հաստատությունը պատասխանատու է սեփականատիրոջ գույքի պահպանման և արդյունավետ օգտագործման համար:

- Ոչ պետական ուսումնական հաստատությունների սեփականության ներքո կարող է գտնվել ցանկացած գույք, բացի գույքի առանձին տեսակների համար՝ օրենքով նախատեսված սահմանափակումներից:

Պետական ուսումնական հաստատությունների գույքն օտարվելու դեպքում կարող է օգտագործվել միայն ուսումնական նպատակներով:

- Բացի այդ, «Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 46-ին համապատասխան, ուսումնական հաստատությունը ֆինանսավորում է հիմնադիրը:

Պետությունը յուրաքանչյուր նոր ուսումնական տարում երաշխավորում է կրթության կարիքների համար միջոցների հատկացումը՝ նրա առաջանցիկությունն ապահովող չափաքանակով: Պետական բյուջեի ընթացիկ ծախսերում կրթության ֆինանսավորման տոկոսային հարաբերությունը չպետք է ցածր լինի նախորդ բյուջետային տարվա համապատասխան ցուցանիշից:

Պետական բյուջեից պետական ուսումնական հաստատության ֆինանսավորումն իրականացվում է պետական պատվերի, սուբսիդիայի, պետական սեփականություն հանդիսացող գույքի պահպանության վճարի և այլ ձևերով:

Պետական պատվերով ուսումնական հաստատության ֆինանսավորման չափանիշները սահմանում է ՀՀ կառավարությունը՝ մեկ սովորողի հաշվարկով՝ ըստ ուսումնական հաստատության տիպի, իսկ առանձին դեպքերում (լեռնային և սահմանամերձ շրջաններ)՝ հատուկ չափաքանակներով:

Ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրների ներգրավումը չի կարող հանգեցնել պետական բյուջեից ֆինանսավորման չափերի նվազեցմանը:

Ուսումնական հաստատությունը չի կարող վճարովի ուսումնական գործունեություն իրականացնել բյուջեից ֆինանսավորվող կրթական գործունեության փոխարեն: