Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/262

Այս էջը հաստատված է

Ծառայության դիմաց վճարելու օրինակներ են բժշկական, խորհրդատվական, աուդիտորական, զբոսաշրջային ծառայությունների մատուցումը: Սակայն կան ծառայություններ, որոնք քաղաքացիական իրավունքից դուրս հարաբերություններ են: Այնպես, ինչպես վճարովի կրթական ծառայությունների մատուցումը, այնպես էլ փաստաբանական ծառայությունը, իրենց բովանդակությամբ չեն համընկնում քաղաքացիական օրենսգրքով սահմանված ծառայությունների մատուցման բովանդակության հետ, քանի որ բոլորովին այլ խորհուրդ ունեն, էապես տարբերվում են դրանցից և կարգավորվում են առանձին հատուկ նորմերով: Այսպես՝

ա/ եթե ուսուցանվողը հատուցելի պայմանագրով միայն վճարում է կրթական ծառայություն ստանալու դիմաց, ակնհայտ է, որ այդ փաստը դեռևս միակ բավարար պայմանը չէ: Կամ, եթե կրկնուսույցը պարապում է բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունելու համար, ապա դասախոսի առջև հնարավոր չէ պայման դնել, թե ինքն անպայման կհաղթահարի ուսումնական տվյալ հաստատություն ընդունվելու համար ձևավորվելիք մրցույթի շեմը:

բ/ Պատվիրատուն ուսումնական հաստատության կամ մանկավարժի առջև չի կարող կարմիր դիպլոմ կամ միայն չորսեր կամ հինգեր ստանալու և այլ պահանջներ դնել:

Որպեսզի ամբողջապես հնարավոր լինի տիրապետել իրավահարաբերությունների օբյեկտին՝ որոշակի գիտելիքների, հմտությունների և կարողությունների, սովորողը պարտավոր է ինքը սովորի, մասնակցի դասընթացներին, գործնական պարապմունքներին, որոշակի դեպքերում՝ ունենա որոշակի գիտելիքների մակարդակ, հաջողությամբ հանձնի ընթացիկ և միջանկյալ ատեստավորումները և այլն: Հետևաբար, կրթության համար վճարելը ընդամենը փաստ է այդպիսի իրավահարաբերությունների ծագման համար:

գ/ Ի տարբերություն քաղաքացիական օրենսդրության, կրթական հաստատությունը որոշակի հիմքերի առկայության դեպքերում իրավունք ունի միակողմանի հրաժարվելու պայմանագրի կատարումից՝ առանց սովորողի կրած կորուստները վերականգնելու: Այդպես էլ փաստաբանը չի կարող քրեական կամ քաղաքացիական գործերով խոստանալ առաջին դեպքում անպարտ ճանաչելու ամբաստանյալին, իսկ երկրորդում՝ անպայմանորեն հարցը հօգուտ հայցվորի կամ պատասխանողի լուծելու: Ելնելով վերը շարադրվածից, հնարավոր չէ Կուրովի պնդումը համարել հիմնավոր:

Պայմանագրի կողմերի հավասարության կամ մի կողմի գերակայություն ունեցող սերտաճված, համալիր՝ քաղաքացիա-վարչական պայմանագրի տեսակ իրավունքի այդ երկու ճյուղերում էլ գոյություն չունի: Եթե չկան իրավահասարություն սահմանող նորմեր, կյանքում առավել ևս նման բան հնարավոր չէ:

Ուսումնական հաստատություն ընդունվելիս դիմորդը պարտավոր է՝

ա/ ներկայացնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և իր լուսանկարը,

բ/ մասնակցել հարցազրույցի կամ հանձնել անհրաժեշտ ընդունելության քննություններ,

գ/ հանդես բերել անհրաժեշտ բավարար գիտելիքներ,

դ/ պետական կամ ոչ պետական բուհերի վճարովի համակարգ ընդունվելիս ստորագրել պայմանագիր կրթավճարի մասին:

Սակայն այս պայմանագիրն անհատական չէ, քանի որ բոլորի համար բովանդակությունը նույնն է, հնարավոր չէ բանակցել այդ պայմանագրի կետերի շուրջ: Անկախ այն բանից, թե ուսանողը պետակա՞ն, թե՞ սեփական միջոցների հաշվին է սովորում, ուսումնական գործընթացը երկուսի համար էլ նույնն է: Հետևաբար, ուսումնական հաստատության և սովորողի միջև հարաբերությունների իշխանական բնույթը ծագում է ոչ միայն կրթական գործընթացում, այլև ընդունելության փուլից սկսած:

Ուրեմն, միակ միջոցը մնում է օրենսդրությամբ կրթական իրավունքում սահմանել կրթական օրենսդրության և քաղաքացիական իրավունքի համալիր ինստիտուտները, որով հնարավոր կլինի արդեն քաղաքացիական իրավունքի ընդհանուր նորմերը օրենսդրորեն սահմանված կարգով կիրառել կրթական ոլորտում՝ հաշվի առնելով կրթական հարաբերությունների առանձնահատկությունները: Առաջարկվող ձևով օրենսդրության կատարելագործումը վերջնականորեն հնարավորություն կտա խուսափել իրավունքի այլ ճյուղերի նորմերի զավթումից, կրթական օրենսդրության