Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/268

Այս էջը հաստատված է

հետ՝ Յու. Ա. Ստարիլովը ենթադրում է, որ «կրթական իրավունքը հանդես է գալիս համակարգված տեսքով և կազմված է իրավունքի տարբեր ճյուղերի՝ սահմանադրական, աշխատանքային, վարչական, քաղաքացիական, ֆինանսական և այլ իրավունքի ճյուղերի նորմերից (109, Հ.1-ին, էջ՝ 322-328)»:

Ենթադրենք, որ կրթական իրավունքը իսկապես մտնում է վարչական իրավունքի Հատուկ մասի կազմի մեջ: Բայց այս դեպքում առաջանում է երկու հարց.

Առաջին. պարզ չէ, թե ինչու նա կրթական իրավունքն անվանում է դպրոցական: Ինչպես հայտնի է, «դպրոցական» մակարդակի օրենսդրություն ասելով հասկացվում է ընդհանուր կրթությունը կամ հանրակրթությունը, որն իր մեջ չի ներառում մասնագիտական կրթության ոլորտի հարաբերությունները կարգավորող նորմերը, ոչ մի կերպ չի կարող հավակնել առանձին, նույնիսկ օրենսդրության համակարգված ճյուղի կարգավիճակին:

Երկրորդ, անհասկանալի է, թե ինչու՞ կրթական իրավունքը, որը Վ. Ի. Շկատուլլայի և Յու. Ի. Ստարիլովի կարծիքով հանդիսանալով համալիր, պետք է իր մեջ ներառի աշխատանքային, քաղաքացիական, սահմանադրական և իրավունքի այլ ճյուղերի նորմերը, հետո ամբողջությամբ ընդգրկվի վարչական իրավունքի հատուկ մասում, չէ՞ որ նույն հաջողությամբ կրթական իրավունքը կարող է ներառվել և՛ քաղաքացիական, և՛ աշխատանքային, և՛ ֆինանսական, և՛ իրավունքի այլ ճյուղերում: Մի՞թե միայն այն բանի համար, որ կրթական իրավունքում կան վարչական իրավունքի որոշ նորմեր, պետք է այն կազմի վարչական իրավունքի մաս:

Հաշվի առնելով վարչական իրավունքի մաքրությունը, մոնիզմը՝ բոլոր դեպքերում կրթական իրավունքը չի կարող հանդես գալ վարչական իրավունքի (իր բոլոր քաղաքացիական, աշխատանքային, ֆինանսական իրավունքի նորմերով) Հատուկ մասի ենթաճյուղի դերում: Վարչական իրավունքի առարկային համապատասխան՝ կրթական իրավունքը կարող է մտնել նրա կազմի մեջ միայն կրճատ տեսքով՝ այն նորմերով և ինստիտուտներով, որոնք կարգավորում են կրթության կառավարման ոլորտի հարաբերությունները, և առաջին հերթին՝ կրթության կառավարման մարմինների իրավասություններն ամրագրող նորմերը: Սակայն, իրականում, կրթական իրավունքը չի կարող մտնել վարչական իրավունքի կազմի մեջ նույնիսկ այսպիսի կրճատ տեսքով:

Եթե հետևենք կրթական իրավունքը վարչական իրավունքի հատուկ մասի ենթաճյուղ կազմելու՝ Յու. Ի. Ստարիլովի կարծիքին, ապա կստացվի դրանց մեխանիկական խառնակույտ, որի բաղադրիչները շատ թույլ կապ կունենան մեկը մյուսի հետ և կգործեն իրարից անկախ: Շինարարության պլանավորման և անցկացման ոլորտի հարաբերությունները կարգավորող շինարարական իրավունքը ոչ մի կերպ կապված չէ ոստիկանական իրավունքի հետ, որը պահպանում և հասարակական կարգը, կազմակերպում օրինազանցության դեմ պայքարը: Կրթական իրավունքը, որի առարկան է սովորողների ուսուցման և դաստիարակության հարաբերությունները, իր հերթին լիովին կարող է բավարարվել՝ առանց այլ իրավունքի ճյուղերի: Եթե նույնիսկ վարչական իրավունքի հատուկ մասում ավելացնենք ծառայողական իրավունքը, կրթական իրավունքի կարգավորիչ հատկությունները ոչ մի կերպ չեն փոխվի, նրանում առկա հիմնախնդիրները չեն վերացվի, իսկ հռչակագրային /դեկլարատիվ/ նորմերը լրացուցիչ իրավաբանական երաշխիքներ չեն ստանա:

Վարչական իրավունքի հատուկ մասի բաղադրիչների մեջ դրանք մեխանիկորեն խցկելը կունենա արհեստական դասակարգման հետևանք, որը իրավունքի նշված ենթաճյուղի համար կկրի արտաքին և ձևական բնույթ: Կրթական իրավունքի, ոստիկանական իրավունքի, շինարարական իրավունքի ոլորտներում կառավարման առարկայական յուրահատկություններն այնքան էական են, որ նրանց միավորող «կառավարման» ծագումնաբանական հատկանիշն ի վիճակի չէ նրանց մեկ օրգանական ամբողջություն ապահովել:

Մինչդեռ այս պարագայում վարչական իրավունքի բաղադրիչների միջև փոխհարաբերություններն անհնար կդառնան: Օրինակ, փորձենք՝ չխախտելով աշխատանքային իրավունքի ամբողջականությունը՝ նրանից հանել աշխատաժամանակի ինստիտուտը: Առանց այդ ինստիտուտի, անհնար է դառնում հանգստի ժամանակի, աշխատավարձի և աշխատանքային կարգապահության ինստիտուտի պատշաճ գործունեությունն ու մարդկանց աշխատանքային իրավունքի