Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/279

Այս էջը հաստատված է

մրցութային ընտրություն:

Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո գիտամանկավարժական աշխատողի հետ կարող է կնքվել նոր աշխատանքային պայմանագիր՝ մինչև 5 տարի ժամկետով, առանց մրցութային ընտրության՝ պայմանագրային ժամկետում նրա գիտամանկավարժական գործունեության արդյունքների գնահատման հիման վրա:

Նշված պաշտոնների տեղակալման կարգը հաստատում է բարձրագույն ուսումնական է հաստատության, հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության գիտական խորհուրդը՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

Միայն «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքով է սահմանված /հոդված 24/, որ նախադպրոցական կրթության ոլորտի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսդրությանը համապատասխան: Ստացվում է, որ օրենսդիրի ուշադրությունից վրիպել է նախադպրոցական հատատության աշխատողների համար սահմանել առողջության և կամ դատապարտված չլինելու, կամ որոշակի կրթական ցենզ ունենալու լրացուցիչ պահանջներ:

Փաստորեն, կրթության մասին օրենսդրությունը կարգավորում է միայն մանկավարժների, գիտամանկավարժական աշխատողների պաշտոնի մրցակցային ընտրության և բուհի ռեկտորի ընտրության կարգերը:

Վերը շարադրվածից ելնելով տեսանելի է դառնում այն հանգամանքը, որ կրթական օրենսդրության մեջ զգալի մաս են կազմում կրթական ոլորտի առանձնահատկությունները կարգավորող աշխատանքային պայմանագրերի համալիր ինստիտուտները:

Մեր կարծիքով, օրենսդիրի բացթողում պետք է համարել նաև այն հանգամանքը, որ ուսումնական հաստատության ղեկավարը չի կարող համատեղել կրթության ոլորտի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնները, կամ կրթության ոլորտի պետական ծառայողը՝ համատեղությամբ զբաղեցնել որևէ բուհի դեկանի կամ ամբիոնի վարիչի պաշտոն, քանի որ այն համարվում է մանկավարժական գործունեություն, կամ միաժամանակ հանդես գալ մասնաճյուղի ղեկավար /հավանաբար, բացի մասնավոր բուհերից, որի կամաարտահայտությունը կախված է հիմնադրից/:

Մեր կարծիքով, նաև կանոնակարգված չեն այն դեպքերը, երբ բուհի աշխատողի հետ կնքված հնգամյա պայմանագիրը կարող է դադարեցվել, եթե բուհը վաղաժամկետ գրկվում է լիցենզիայից կամ դադարեցնում է իր գործունեությունն ընդհանրապես և այդ կապակցությամբ ծագող փոխհատուցման հարցերը:

Բացի այդ, ինչպես վերևում նշեցինք, ըստ «Բուհական և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 15-ի, պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է բաց մրցույթի կարգով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով, սակայն նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:

Այն դեպքում, երբ բուհի լիցենզիան հետ է վերցվել կրթական ծրագրերը ձախողելու պատճառով, մեր կարծիքով, կրթության պետական մարմինը նախ իրավունք պետք է ունենա վաղաժամկետ լուծելու այդ ռեկտորի հետ կնքված պայմանագիրը, և պետք է արգելվի այդ նույն ռեկտորին երկրորդ անգամ թույլատրելու մասնակցել թափուր մնացած ռեկտորի պաշտոնի մրցույթին:

Մեր կարծիքով, նաև արժեր «Կրթության մասին» ՀՀ օրենքում սահմանել մանկավարժի կամ ուսումնական հաստատության ամբիոնի վարիչի, դեկանի, պրոֆեսորադասախոսական կազմի աշխատողների՝ աշխատանքային պայմանագրով հաստատված ժամկետից շուտ աշխատանքային պայմանագրի դադարեցման դեպքերն ադմինիստրացիայի նախաձեռնությամբ: Սրանով կհստակեցվեր ու կնշվեր վերը նշված անձանց կողմից առնվազն երկու տեսակի կոպիտ իրավախախտումներ թույլ տալու մասին՝

ա/ մեկ տարվա ընթացքում կրթական հաստատության կանոնակարգի պահանջները կոպտորեն խախտելու /օրինակ՝ իրեն ամրացված ուսումնական պարապմունքներից պարբերաբար ուշանալը/,