Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/281

Այս էջը հաստատված է

Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու:

Որպեսզի կրթական ոլորտում աշխատանքային գործընթացները լինեն պատշաճ հասարակության աչքերում և կրթական գործունեության մեջ ներգրավվեն հիմնականում ավելի եռանդուն, իրենց գործին նվիրված, տաղանդավոր, արհեստավարժ պատրաստվածությամբ անձինք, պետությունը մանկավարժներիս տրամադրում է ակադեմիական ազատություն, ինչպես նաև հավելյալ սոցիալական երաշխիքներ և արտոնություններ:

Այս նպատակին հասնելու համար.

Առաջին` «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 26-ի 32-րդ մասը սահմանում է, որ /32/ Արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել միայն հերթական ատեստավորումից առնվազն երկու տարի հետո`

1) ուսուցչի նախաձեռնությամբ,

2) հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ,

3) տնօրենի պատճառաբանված որոշման հիման վրա:

Մեր կարծիքով, արտահերթ ատեստավորում կարող է անցկացվել նաև ծնողների որակյալ մեծամասնության 2/3-ի առաջարկությամբ:

Երկրորդ՝ հենց այս հանգամանքը նկատի ունենալով, ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 140-ի 2-րդ մասը սահմանում է, որ /2/ մտավոր և հուզական գերլարված բնույթ կրող աշխատանքներում աշխատողների աշխատաժամանակի կրճատման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 160-164 հոդվածները կարգավորում են ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունքը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 160-ը սահմանում է, որ երկարացված՝ 25 աշխատանքային օր տևողությամբ՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և 30 աշխատանքային օր՝ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում (բացառիկ դեպքերում՝ 35 աշխատանքային օր՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և 42 աշխատանքային օր՝ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) ամենամյա արձակուրդ տրամադրվում է աշխատանքի հատուկ պայմաններում աշխատող առանձին կատեգորիայի աշխատողների, որոնց աշխատանքը կապված է մտավոր և հուզական գերլարվածության կամ մասնագիտական ռիսկի հետ:

Նման արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը, որի մեջ են մտնում բուհերի և հանրակրթական հաստատությունների մանկավարժները:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 164-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է նաև, որ ուսումնական հաստատությունների մանկավարժներին աշխատանքային առաջին տարում ամենամյա արձակուրդը տրամադրվում է սովորողների և ուսանողների ամառային արձակուրդի ժամանակ՝ անկախ այն հանգամանքից, թե երբ են այդ մանկավարժներն սկսել իրենց աշխատանքը:

Նկատի ունենալով մանկավարժական գործունեության յուրահատկությունները և նրանց մասնագիտության առանձնահատուկ բնույթից ելնելով, ըստ ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1599-Ն որոշմամբ հաստատված հավելվածի, սահմանվել է երկարացված՝ մինչև 35 օր տևողությամբ (բացառիկ դեպքերում՝ մինչև 48 օր տևողությամբ) ամենամյա արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը`