Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/286

Այս էջը հաստատված է

առանձնահատկությունից, պետք է հստակեցվեն պրոֆեսորադասախոսական կազմի, մանկավարժական աշխատողների աշխատանքային ժամերի և հանգստի տևողության հարցերը: Սրանք ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքներն են, հետևաբար նաև օրենքի կարգավորման առարկա և ոչ թե՝ ՀՀ կառավարության իրավասության:

Մյուս կողմից, բացառապես հետևելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի թելադրանքներին, սահմանափակվում են ուսումնական հաստատությունների ակադեմիական ազատությունները: Հետևաբար, «ՀՀ կրթության մասին» օրենսգրքի նախագծում կրթական ոլորտի աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման առկա խնդիրների վերաբերյալ պետք է գտնել օրենսդրական նոր լուծումներ, հստակեցնել իրավասությունների տարանջատման հարցերը՝ բաժանարար գիծ տանելով ՀՀ կառավարության, ՀՀ կրթության և գիտության ու կրթական հաստատությունների միջև՝ չանտեսելով այն սկզբունքները, որոնք ամրագրված են կրթության տարբեր մակարդակների մասին ՀՀ օրենքներում, քանի որ կարգավորման ժամանակ այդ սկզբունքները հաշվի չառնելը նշանակում է նաև միջազգային իրավունքի նորմերով սահմանված ուսումնական հաստատությունների՝ ակադեմիական ազատությունների էականորեն կրճատում: Ակադեմիական ազատությունները նաև նշանակում են կրթական հաստատությունների կառավարման մեջ աշխատողների անմիջական մասնակցության ձևերի ընդլայնման ամրագրում: ՀՀ կառավարության կայուն «անմնացորդ սերը» կրթության ոլորտի նկատմամբ այդ կերպ է դրսևորվում շատ հարցերում, որոնք պետք է կանոնակարգվեն կրթության և գիտության նախարարության կամ բուհի կանոնադրությամբ, սակայն դրանք սահմանում է կառավարությունը` հիմնականում չհստակեցնելով ընդունվող որոշումների մասին մանկավարժական աշխատողների կամ կրթական հաստատությունների կարծիքը, որը ակադեմիական ազատությունների սահ¬ մանափակման ախտանիշ է:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 122-ը /աշխատանքային պայմանագրի լուծումն աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով/ ի շարս մյուս վստահությունը կորցնելու պատճառների, 1-ին մասի երկրորդ կետով սահմանել է ուսումնադաստիարակչական գործառույթներ` իրականացնող աշխատողի աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք թույլ տալու մասին: Նախ պետք է «Կրթության մասին» ՀՀ օրենքում կարգապահական տույժերի թվարկման մեջ սա ամրագրել և կոնկրետ նշել այն դեպքերը, որոնք օրենսդիրն անվանել է անհամատեղելի արարք: Չէ՞ որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 113-ի 8-րդ մասը արդեն սահմանում է աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու դեպքում գործատուի նախաձեռնությամբ աշխատանքից ազատելը:

Ինչ վերաբերում է հոդված 122-ի երրորդ մասին, ապա աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառ է համարվել նաև, եթե նա պետական, ծառայողական, առևտրային կամ տեխնոլոգիական գաղտնիքներ է հրապարակել կամ դրանց մասին հայտնել մրցակից կազմակերպությանը: Զավեշտի կարող է հասցնել այն դեպքը, երբ մի քանի բուհերում դասավանդող անձը, այդ բուհերից մեկում, իր կողմից մշակած դասավանդման մեթոդիկայի առանձնահատկությունները հրապարակելը «մրցակից կազմակերպությանը» տեխնոլոգիական գաղտնիքի տարածում համարվի, քանի որ օրենսդրի սահմանված տառին հետևելով՝ հնարավոր է բախվել նման դեպքերի:

ՀՀ աշխատանքային օրենսգրքում կրթական ոլորտի աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերի մասնակի, հակասական, միակողմանի շարադրումն ունի ևս մեկ բացասական հետևանք՝ ուժեղացնում է այն հեղինակների դիրքորոշումը, ովքեր չեն ճանաչում կրթական իրավունքում աշխատանքային իրավունքի համալիր ինստիտուտների առկայությունը։ Օրինակ՝ Վ. Ի. Շկատուլլան ենթադրում է, որ աշխատանքային և այլ իրավունքի ճյուղերի նորմերը՝ ներառելով կրթական իրավունքի ոլորտ, միաժամանակ մնում են իրենց իրավունքի ճյուղերում (115, էջ 5): Նման տեսակետը ձևավորված էր այն պայմաններում, երբ կրթական ոլորտի աշխատանքային իրավունքի նորմերը աշխատանքային օրենսգրքի սահմաններից դուրս էին, այս կարծիքի կողմնակիցների նման տեսակետը ներկայումս օրենսդրական պրակտիկայում