Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/287

Այս էջը հաստատված է

ստանում է «համոզիչ հաստատում»:

Կրթության մասին օրենսդրությունը մանկավարժներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նաև այլ նորմեր է նախատեսում: Բացի այդ, կրթական և աշխատանքային իրավունքի համալիր նորմեր սահմանված են առավելապես կրթական իրավունքի աղբյուրներում, քանի որ աշխատանքային օրենսգիրքը ամբողջությամբ չի ապահովում կարգապահական տույժի ենթարկելու առանձնահատկությունները:

Բուհի հեռակա ուսուցման ուսանողը, ինչպես նաև մասնագիտական կրթություն ստացող այլ անձը, որպեսզի կարողանա իրացնել օրենքով սահմանված կրթության իրացման երաշխիքները և փոխհատուցումները, իրավահարաբերությունների մեջ են մտնում միայն գործատուի հետ: Վերջինիս վրա է դրված աշխատող-ուսանողներին լրացուցիչ վճարովի արձակուրդ տրամադրելու, այդ ընթացքում նրա միջին ամսական աշխատավարձը պահպանելու իրավասությունը: Աշխատող-ուսանողի բացակայությունը չի ենթադրում աշխատանքային հարաբերությունների դադարեցում, և այդ բացակայությունները չեն կարող համարվել որպես կարգապահության նորմերի խախտում: Աշխատանքային իրավունքի ոլորտում աշխատող և սովորող աշխատակցին արտոնություններ տրամադրելու ժամանակ գործատուի համար ծագում են նաև ֆինանսական ծախսերի հետ կապված պարտավորություններ:

Հետևաբար, աշխատանքն ուսման հետ համատեղող աշխատողների համար նախատեսված արտոնությունների հարցերով նորմերը չի ձևավորում համալիր ինստիտուտ: Տվյալ դեպքում աշխատանքային և ուսումնական հարաբերությունների միջև եղած կապը արտահայտվում է այլ կերպ, ինչպես կապը իրավաբանական փաստի և նրա հիման վրա առաջացած իրավահարաբերությունների միջև:

Գործատուի և աշխատող-սովորոդի ուսումնառության ընթացքում արտոնությունների տրամադրման հետ կապված հարաբերություններն առաջանում են անհրաժեշտ իրավաբանական փաստերի առկայության դեպքում: Նրանց թվի մեջ են մտնում՝ աշխատողի կոնկրետ կրթական հաստատության հետ ուսումնական հարաբերությունների մեջ գտնվելը, ուսանող-աշխատողի կողմից ուսումնական պլանի իրացման գործընթացին մասնակցելու համար անհրաժեշտ ուղեգրի առկայությունը: «Բուհական և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 17-ի 10-11-րդ մասերին համապատասխան բուհում սովորողները 10) լիազորված մարմնի սահմանած կարգով անհրաժեշտության դեպքում իրավունք ունեն ստանալու ակադեմիական արձակուրդ մինչև մեկ տարի ժամկետով, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի,

11) ուսուցման առկա ձևով սովորելու դեպքում տվյալ ուսումնական տարվա ընթացքում իրավունք ունեն ոչ պակաս, քան երկու անգամ, գտնվելու արձակուրդում՝ ոչ պակաս, քան յոթ շաբաթ ընդհանուր տևողությամբ:

Ստացվում է, որ աշխատանքային հարաբերությունների համար առաջացող իրավաբանական փաստերը գտնվում են աշխատողի աշխատանքային գործունեության և գործատուի հետ ունեցած նրա հարաբերությունների սահմաններից դուրս: Նման իրավիճակը չի համարվում կտրուկ բացառություն: Աշխատողի աշխատանքային գործառույթը և նրա իրավական կարգավիճակը կախված են բազմաթիվ սոցիալ-իրավական գործոններից (սեռ, տարիք, առողջական վիճակ, կրթության մակարդակ և այլն), այդ պատճառով էլ աշխատողի և գործատուի միջև եղած աշխատանքային հարաբերությունները չեն կարող անփոփոխ մնալ սոցիալ-իրավական գործոնների առկայության դեպքում:

Շարադրվածից կարելի է ենթադրել, որ՝

1. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքը թեև շատ քիչ, կրկնում է աշխատանքային օրենսդրության որոշ նորմեր և ենթակա է դրանց դուրս մղման, առավել ևս, որ այս դրույթների մեծ մասը վերաշարադրում են ՀՀ աշխատանքային օրենսգրքի նորմերը, 

2. Կրթության տարբեր աստիճանների մասին ՀՀ օրենքներում և այլ իրավական ակտերի մեջ չպետք է ներառել հատուկ նորմեր աշխատողների արտոնությունների, ուսուցումն աշխատանքի