Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/295

Այս էջը հաստատված է

հանգում ենք այն եզրակացության, որ այն պետք է սահմանի նրանց առաջացման պատճառները, հետևի զարգացման հիմնական փուլերին և այս տեսակետից տա ժամանակակից կրթական իրավունքի գիտական գնահատականը:

Դա անհրաժեշտ է կրթական իրավունքի կարգավորման մեջ շարունակականության բացահայտման, իրավական կարգավորման և հասարակական զարգացման հիմնարար գործընթացների կապի, տվյալ փուլում, ինչպես քաղաքական առումով, այնպես էլ նախապատվություն ստացած արժեքների մասին եզրահանգումներ անելու համար: Ահա թե ինչու է կրթական իրավունք գիտությունը իր այլ սոցիալական ինստիտուտներն ուսումնասիրում պատմական զարգացման համատեքստում՝ բացահայտելով դրանց կապը հասարակական գործընթացների հետ: Խնդրո առարկա գիտությունը ուսումնասիրում է նաև կրթական իրավունքի ծագման զարգացման պատմությունը:

2. Օբյեկտիվությունը. օբյեկտիվության սկզբունքն է կրթական իրավունքի իրականության ճշմարիտ արտացոլումը գիտական իմացության մեջ, նրա վերարտադրումն այնպես, ինչպիսին այն իրականում գոյություն ունի: Կրթական իրավունքի տեսությունը տալիս է ընդհանուր սահմանումները, բացահայտում է դրանց էությունը, ձևակերպում է նրանց գործունեության ընդհանուր օրինաչափությունները, որոնցում արտացոլվում է օբյեկտիվ իրականությունը՝ անհատի, ողջ հասարակության սոցիալական կյանքի կրթական երևույթները:

3. Կոնկրետությունը, տվյալ սկզբունքը կրթական իրավունքի տեսությունից պահանջում է այն բոլոր պայմանների ճիշտ հաշվառում, որոնցում գտնվում է ճանաչողության օբյեկտը, նրա զարգացման գլխավոր, էական հատկությունների, կապերի և միտումների առանձնացումը: Վերջին հաշվով, գործնականն է հաստատում գիտական իմացության ստույգությունը կամ ոչ ճիշտ լինելը:

4. Բազմակարծությունը, այստեղ խոսքը գնում է կրթական իրավունքի տեսության ուսումնասիրման բազմակարծության մասին: Եթե գիտությունն ուշադրությունը կենտրոնացնում է երևույթի միայն որոշ կողմերի կամ հատկությունների վրա և զանցառում է մյուսները՝ համարելով ոչ էական, կողմնակի, ապա այն, անխուսափելիորեն, տանելու է փակուղի: Գիտական իմացության բազմակարծությունը նշանակում է նաև համակողմանիություն, քանի որ այդ դեպքում հաշվի են առնվում կրթական իրավունքի միևնույն երևույթի վերաբերյալ ոչ միայն հակասական հայացքները, այլ նաև ոչ միատեսակ պատկերացումները նրանց առաջացման էության սոցիալական /կրթական/ ուղղվածության, կառուցվածքի, զարգացման հեռանկարների վերաբերյալ:

Կրթական իրավունքի օրինաչափությունների իմացության, բազմակարծիք մոտեցման շնորհիվ, տեսությունը ստեղծում է գիտելիքների առավել բարելավված համակարգ, որում արտացոլվում են ռեալ իրականության մասին օբյեկտիվ տվյալներ: Կրթական իրավունքի ուսումնասիրման միակողմանի մոտեցումները հանգեցնում են ոչ լրիվ օբյեկտիվ, միակողմանի եզրակացությունների, որոնք չեն կարող բացատրել կրթական երևույթների իրավական էությունը և որոշել նրանց գործնական նշանակությունը հասարակական կյանքում:

Կրթական իրավունքով կարգավորվող երևույթների հիմնական օրինաչափությունները բացահայտելու համար տեսությունը լայնորեն օգտագործում է տրամաբանական հնարքներ, որոնց միջոցով հետազոտության տեսական սկզբունքները դրվում են իրական հարթության վրա, դառնում աշխատող տեսություն: Կրթական իրավունքի գիտական հասկացություններ մշակելիս կիրառվում են բազմազան տրամաբանական հնարքներ՝ վերլուծություն, սինթեզ, ինդուկցիա, դեդուկցիա, զուգադրություն, հիպոթեզի մեթոդը և այլն: Դրանք այն աշխատող մեխանիզմներն են, որոնք ստուգում, ապացուցում են տեսության ճշմարտացիությունն ու օբյեկտիվությունը:

5. Վերլուծությունը, որպես գիտական մտածողության հնարք, բացահայտում է կրթական իրավունքի կառուցվածքը, ընդգծում է նրա բաղկացուցիչ տարրերը, սահմանում նրանց միջև փոխադարձ կապերի բնույթը: Սա հնարավորություն է տալիս վերականգնել տրամաբանական կապը և հարաբերությունները նրա տարրերը որոշող կրթական իրավունքի ելակետային հատկություների և հատկանիշների միջև՝ անտեսելով երկրորդականները: Ձևականացումը հնարավորություն է տալիս համակարգել և մեթոդաբանորեն հիմնավորել կրթական իրավունքի բովանդակությունը, պարզաբանել նրանց տարբեր դրույթների փոխադարձ կապի բնույթը, երևան հանել