դեռ չլուծված խնդիրները:
6. Սինթեզը, որպես գիտական ճանաչողության հնարք, կրթական իրավունքի գիտության/տեսության/ կողմից օգտագործվում է ուսումնասիրվող երևույթների տարբեր առանձնահատկությունների և հատկանիշների վերլուծության հետևանքով ստացված տվյալներն ընդհանրացնելու համար:
7. Ինդուկցիան, այդպիսի տրամաբանական հնարքը կայանում է կրթական իրավունքի առանձին /կամ սկզբնային/ կողմերի կամ առանձնահատկությունների նախասկզբնական ճանաչողության մեջ, որի հիման վրա էլ հետո կատարվում են տարբեր մակարդակների ընդհանրացումներ: Օրինակ, բացահայտելով կրթության գծով պետական կառավարման լիազոր մարմնի հատկանիշները, հետազոտողը ելնելով ուսումնական հաստատությունների ակադեմիական ազատությունների շնորհման կանխադրույթից, կարող է օբյեկտիվ եզրակացություն անել այն մասին, թե ինչպիսի գործառույթներ չպետք է իրականացնի կրթության պետական կառավարման մարմինը: Ձևակերպելով պետական կառավարման կրթական մարմին հասկացությունը, նա առաջ է գնում և անում նոր, առավել ընդհանրական եզրակացություններ այն մասին, թե ինչ է պետության կրթական մեխանիզմը /կրթական ոլորտի մարմինների ամբողջությունը/:
8. Դեդուկցիան՝ ընդհանուրից մասնավորին և ընդհանուր դատողություններից մասնակիին կամ այլ եզրակացությունների տրամաբանական մտահանգումների միջոցով ճանաչում են կրթական իրավունքի ընդհանուր օրինաչափություններն ու առանձնահատկությունները: Այնուհետև, դրանք աստիճանաբար մասնատելով որոշակի խմբերի, առանձին միավորների, տրվում է գիտական գնահատական /բնորոշում/: Հետազոտական գործընթացը տվյալ դեպքում ընթանում է ինդուկտիվ եղանակին հակառակ կարգով: Այսպես կրթական իրավունքի ճանաչողությունը կարելի է սկսել նրա ընդհանուր հատկանիշներն ու կառուցվածքի ընդհանուր համակարգային կողմերն ուսումնասիրելով, հետո նոր անդրադառնալով իրավունքի ճյուղի որպես համակարգի առավել խոշոր կառուցվածքային ստորաբաժանման ուսումնասիրմանը, որից հետո բացահայտել կրթական ոլորտի ենթաճյուղերի և ինստիտուտների էական հատկանիշներն ու հատկությունները և վերջապես այդ գործընթացն ավարտել կրթական իրավունքի և նրա կառուցվածքի հետազոտմամբ:
9. Հիպոթեզը գիտական ենթադրություն է, որն առաջ է քաշվում բացահայտելու որևէ երևույթ, որը գիտական տեսություն դառնալու համար փորձի և տեսական հիմնավորման հիման վրա պահանջում է ստուգում: Ի. Կանտի արտահայտությամբ՝ հիպոթեզը երազանք չէ, այլ իրերի իրական դրության մասին բանականության խիստ հսկողության տակ մշակված ենթադրություն:
Կրթական իրավունք գիտությունը չի փաստում սոսկ գիտության կողմից ճանաչում գտած ձեռքբերումը: Նրա խնդիրը կայանում է եղած փաստերի հիման վրա չիմացությունից իմացության անցում կատարելու, կրթական իրավունքի որոշակի կողմերի և զարգացման միտումների առավել խորը օրինաչափությունները բացահայտելու մեջ:
Կրթական իրավունքի ընդհանուր ճանաչողության հայեցակարգ կարելի է համարել այն, որ գիտությունն անմիջական, առավել կոնկրետ գիտելիքը փոխարինում է առավել վերացական և առավել ընդհանուրով: Այն մանրամասներն ուսումնասիրում է որպես նյութ՝ ընդհանրացումներ կատարելու համար ձգտելով հանգել նման երևույթների մի շարք խմբերի նկատմամբ կիրառելի եզրակացությունների: Բայց ընդհանրացումը չի կարող լինել օբյեկտիվ, եթե այն ենթարկվում է միայն անմիջական դիտարկումների: Համադրելով դիտարկման անմիջական տվյալները, որոնք չեն ենթարկվել վերլուծական բաղադրամասերի, նրանցում կարելի է գտնել նմանություն՝ խիստ սահմանափակ սահմաններում և ոչ միշտ՝ ճիշտ: Ընդհանրացումներն ընդարձակելու և դրանց օբյեկտիվ հիմնավորում տալու համար, անհրաժեշտ է դիտարկվող նյութը ենթարկել գիտական որոշակի մշակման: Դրա համար անմիջական դիտարկումները ենթարկվում են վերլուծության, ընդհանուր տարրերը գտնելու համար դրանք բաժանելով բաղկացուցիչ տարրերի, որոնց տարբեր զուգակցություններից կազմվում է հայտնի սեռի պատկերացումների ողջ բազմազանությունը: Դրանից հետո վերլուծության միջոցով ստացված պատկերացումների ընդհանուր տարրերը համակցվում են որպես գիտական հասկացություններ, որոնք որպես իդեալական կառույցներ