Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/298

Այս էջը հաստատված է

մանկուց հաշմանդամների վերականգնողական, ներառական կրթությունում ընդգրկվածության ծավալները, աղքատ ճանաչված ընտանիքների կրթության հասանելիության, կրթավճարի, փոխհատուցումների և այլ արտոնությունների չափերի ընդլայնման կամ սահմանափակման, ստացած կրթության և գործազրկության միջև կապերի պատճառների, սոցիալական ակտիվության դրսևորման ցուցանիշները:

Մշակելով նմանատիպ տվյալները, կրթական իրավունք գիտությունը հիմնավորում է կազմակերպական այն իրավական միջոցները, որոնք կարող են նպաստել այդ ոլորտում բացասական երևույթների հաղթահարմանը:

14. Հետազոտությունների կոնկրետ սոցիոլոգիական մեթոդը կրթական իրավունք գիտության կողմից օգտագործվում է կրթական քաղաքականության այն ոլորտների ուսումնասիրության դեպքում, որի շրջանակներում տեղի է ունենում կրթական իրավունքի իրացումը: Այդ գործընթացում բացահայտվում են հասարակական գիտակցության զարգացման, հասարակական կարծիքի ձևավորման վրա ներգործող պայմանները, որոնք կանխորոշում են այս կամ այն նորմերի բովանդակության նկատմամբ քաղաքացիների վարքագիծը /օրինակ՝ հաշմանդամների կրթության հասանելիություն ապահովելու հանդեպ/:


7.1.3. «Կրթական իրավունք» գիտության աղբյուրները

Իրավունքի տեսության մեջ ընդունված է առանձնացնել իրավունքի նյութական և ձևական աղբյուրները: Նյութական աղբյուրներ են օրենքն ստեղծող ուժերը, օրենսդրության հիմքում ընկած նյութերը, փաստերը և այլն:

Վերջին հաշվով, օրենքի նյութական աղբյուր կարող է դառնալ յուրաքանչյուր երևույթ կամ հարաբերություն, որոնք այս կամ այն կերպ հաշվի են առնում օրենքը ստեղծելիս, ազդում օրենքի ստեղծման, օրենքի կիրառման գործընթացի վրա:

Իրավունքի ձևական աղբյուրը իրավական նորմերի արտաքին դրսևորումն է: Եթե նյութական աղբյուրները բնութագրում են իրավական նորմի բովանդակությունը, ապա ձևական աղբյուրները բնութագրում են դրա ձևը:

«Կրթական իրավունք» գիտությունն ունի իր աղբյուրները: Ձևակերպելով տեսական եզրահանգումները, այս գիտությունը հենվում է աղբյուրների ընդարձակ համակարգի վրա: Նման աղբյուրների թվին են պատկանում հայրենական և արտասահմանյան գիտնականների աշխատությունները, որոնք բովանդակում են «կրթական իրավունք» գիտության կարևոր հիմնախնդիրների վերաբերյալ դատողություններ: Այդ աշխատանքներում կատարվող քննադատական վերլուծությունները գիտական ճանաչողության գործընթացի կարևոր փուլ են և հանդիսանում են քաղաքակրթության զարգացման համաշխարհային փորձի նվաճումներով գիտության հարստացման նախադրյալներ:

«Կրթական իրավունք» գիտության նյութական աղբյուրներ են՝

ա/ Տվյալ պետությունում առկա հասարակական հարաբերությունների, հասարակական կյանքի քաղաքական գաղափարախոսական պայմանները: Կրթական տարբեր աստիճաններ մասին ՀՀ օրենքները, որոնք ընդունվում են քաղաքացիների կրթական իրավունքը պաշտպանելու, այն իրացնելու և զարգացումն ապահովելու համար:

բ/ Պետական իշխանությունը: Իրավունքի նորմերը ստեղծվում են իրավաստեղծ գործունեության ընթացքում, որը պետական գործունեության ուղղություններից լինելով՝ պետության օրենսդիր իշխանության գործառույթ է: Փաստորեն կրթական իրավունքի նորմի բովանդակությունն իրենից ներկայացնում է պետության իշխանական պատվիրան, որն ապահովվում է պետական հարկադրանքի ուժով:

գ/ Իրավագիտակցությունը: Իրավաստեղծ և օրինաստեղծ գործունեությունը հիմնվում է իրավագիտակցության վրա: Իրավագիտակցությունը էական դեր է կատարում իրավաստեղծ գործունեության վրա, քանի որ պետաիշխանական պատվիրաններ ստեղծելն անհրաժեշտ է գիտակցել հասարակական զարգացման օրինաչափությունները, դրանց իրավական կարգավորման