Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/300

Այս էջը հաստատված է

սահմանների գոյություն, որը հանդիսանում է իրավական կարգավորման, ինչպես նաև կրթական հարաբերությունների մասնակիցների իրավական վարքի նույնքան հստակորեն սահմանված հատկանիշների և չափանիշների առարկան: Առանց նման հստակության և որոշակիության իրավական կարգավորումը պարզապես կորցնում է իր իմաստը: Դրանով իսկ, իրավական կարգավորման սուբյեկտը, նախ և առաջ՝ նորմաստեղծ սուբյեկտը պետք է կա՛մ սահմանի կրթական /սոցիալական/ օբյեկտի համակարգայնության հատկանիշների առկայությունը, որի սոցիալական կեցության բովանդակությունը և առանձնահատկությունները պայմանավորում են իրավունքի կողմից դրա կարգավորման անհրաժեշտությունը, կա՛մ այդպիսի հատկանիշների բացակայության կամ դրանց թույլ արտահայտման դեպքում՝ ընդունի, որ տվյալ օբյեկտը այլ սոցիալական նորմերի կարգավորման առարկա է: Սակայն, ամեն դեպքում, իրավական կարգավորման բովանդակությունը, բնույթը և գլխավորը՝ արդյունքը, պետք է ընդհանուր առմամբ հստակ փոխկապակցված լինի ոչ միայն կարգավորվող օբյեկտի, այլ նաև դրա ամեն մի տարրի և կառուցվածքային բնութագրիչների հետ:

Կրթությունը՝ որպես մարդկանց կենսագործունեության ոլորտ և որպես սոցիալական ինստիտուտ, իրենից ներկայացնում է բնության և հասարակության օբյեկտիվ օրենքներով գործող միանգամայն բարդ սոցիալական օրգանիզմ: Հենց այդ բարդությունը և սոցիալական բնույթն էլ թույլ են տալիս կրթությունը դասել սոցիալական բարդ համակարգերի, կամ, այլ կերպ ասած՝ սոցիալական ենթահամակարգերի շարքին:

Համակարգային տեսության մեջ համակարգը առանձին մասերի (տարրերի, բաղադրամասերի) փոխկապակցված միասնությունն է, որը ձևավորում է մասերից յուրաքանչյուրի և (կամ) դրանց հանրագումարի հետ համեմատ նոր որակ, որը որպես ամբողջական օրգանիզմ պատկանում է համակարգին, և որին բնորոշ են իրեն հատուկ հատկություններն ու հատկանիշները: Նման նոր որակը, ընդհանուր վերցրած, ընդունված է անվանել «համակարգային որակ» (Վ.Գ. Աֆանասև), որը չունի համակարգի տարրերից (բաղադրամասերից) և ոչ մեկը, չնայած՝ դրանց հատկությունների (ադդիտիվ՝ ավելացան հատկություն) որակական և քանակական պարամետրերը, կրելով որոշակի փոփոխություն, համակարգ մուտք գործելիս, ընդհանուր առմամբ պահպանվում են: Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր տարր և բաղադրամաս, հատկապես այնպիսի բարդ սոցիալական համակարգերում, ինչպիսին կրթությունն է, նույնպես իրենցից ներկայացնում են ոչ պակաս բարդ համակարգ (կրթության ենթահամակարգ): Իրենց հերթին, վերջինների տարրերը նույնպես կարող են ներկայացվել որպես կրթական կազմավորումներ և այլն մինչև «վերջին» տարր-ատոմը՝ անհատը (աշակերտ, ուսուցիչ, կրթական հաստատության ղեկավար և այլն), որոնցից յուրաքանչյուրը նույնպես հանդիսանում է բարդագույն կենսասոցիալական համակարգ: Այլ կերպ ասած՝ տվյալ դեպքում ակնհայտ է այսպես կոչված «դամբարանադաշտի հնագիտական պեղումների» սկզբունքը, որը թույլ չի տալիս հետազոտողին սահմանափակվել միայն մեկ կամ նույնիսկ մի քանի համակարգերի (ենթահամակարգերի) հետազոտմամբ, այլ պահանջում է գնալ մինչև վերջ՝ հետազոտվող օբյեկտի մասին իսկապես ամբողջական և խորը օբյեկտիվ պատկերացում կազմելու համար:


7.1.4.2. Կրթության համակարգային բնույթը

Կրթության համակարգային բնութագրի հետազոտությունների վերլուծությունը (Գ.Ն. Սերիկով, Վ.Ի. Դոբրենկով, Վ. Յա. Նեչաև, Տ. Ի. Շամովա, Պ. Ի. Տրետյակով, Ն. Պ. Կապուստին և այլք) թույլ է տալիս առանձնացնել դրա հետևյալ հիմնական կողմերը.

Կրթությունը բարդ համակարգ է, որի ելակետային տարրերը հանդիսանում են մանկավարժը և սովորողը որպես ամբողջ կրթության՝ որպես սոցիալական ինստիտուտի օրգանապես փոխկապակցված, փոխպայմանավորված և փոխազդող հիմնարար և իմաստը կազմող բաղկացուցիչ մասեր: Բացի այդ տարրերից, որոնց բարդությունը ինքնին պայմանավորում է նաև ողջ համակարգի բարդությունը, առանձնացվում են և այլ տարրեր, որոնց մասին կխոսվի ստորև:

Կրթությունը բաց համակարգ է, որն արտահայտվում է այլ սոցիալական ենթահամակարգերի,