Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/302

Այս էջը հաստատված է

ընտրված նպատակներից, խնդիրներից, մեթոդոլոգիայից և մեթոդիկայից: Տվյալ դեպքում անդրադառնանք դրանց երկու տարատեսակին, որոնք ուղիղ կապ ունեն մեր այս ուսումնական ձեռնարկի հետ: Խոսքը հասկացությունների նորմատիվ (օրենսդրական, պաշտոնական, լեգալ) սահմանումների և գիտական հետազոտությամբ մշակված և օգտագործվող սահմանումների (գիտական սահմանումներ) մասին է: Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ հաճախ նորմատիվ և գիտական սահմանումները չեն համընկնում միմյանց հետ, որը, մի կողմից, միանգամայն հասկանալի և նույնիսկ բնական է, մյուս կողմից հայտնի տարաձայնությունների է հանգեցնում, ինչպես գիտական միջավայրում, այնպես էլ նորմաստեղծ պրակտիկայում:

«Կրթության համակարգ» հասկացության սահմանումը ևս հայտնվել է նմանատիպ իրավիճակում: Այսպես, «Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 8-ի օրենսդրական սահմանմանը համապատասխան՝ ՀՀ կրթության համակարգը պետական կրթական չափորոշիչների, պետական հավատարմագրման չափանիշների, կրթության հաջորդականությունն ապահովող տարբեր մակարդակի ու ուղղվածության կրթական ծրագրերի, ուսումնական հաստատությունների և կրթության կառավարման մարմինների փոխկապակցված ամբողջություն է:

Հենց նման սահմանումն էլ կրթական հարաբերությունների բոլոր սուբյեկտների համար համարվում է պաշտոնական և միաժամանակ աշխատանքային, և առաջին հերթին, այն մարմինների և անձանց համար, որոնք անմիջականորեն և գործնականում զբաղվում են հայրենական կրթության կառավարման և կազմակերպման հիմնախնդիրներով: Միևնույն ժամանակ կրթագետ /էդուկոլոգներ/ հետազոտողները տալիս են պաշտոնական օրենսդրությունից տարբերվող գիտական սահմանումներ, ընդ որում, այդ սահմանումներն իրենց բովանդակությամբ և բնույթով մեկը մյուսից ընդարձակ ցրվածություն են պարունակում: Վերացական /աբստրակտ/ սահմանման օրինակ է Գ.Ն. Սերիկովի տված սահմանումը, ըստ որի, կրթական համակարգ ասելով պետք է հասկանալ «կրթության առանձին մասերի, տեսանկյունների փոխկապակցված միասնություն, որոնք դիտարկվում են որպես իրական կրթության համապատասխան տեսանկյունների արտացոլման արդյունք»: Կրթության համակարգի հասկացության ընդլայնվածի /ցրվածի/ օրինակ է ՌԴ «Կրթության մասին» օրենսգրքի նախագծով զբաղվող մի շարք հեղինակների՝ այդ հասկացության համար տրված սահմանումները, որոնցով, բացի վերը թվարկվածներից, օրենսդրական սահմանման մեջ մտցրել են նաև կրթության բոլոր սուբյեկտներին՝ կրթական ոլորտի աշխատողներին և այլ տարրեր:

Գիտագործնական առումով, կրթական համակարգում գոյություն ունեցող սահմանումների և դրանց բովանդակային, պաշտոնական և գործառնական բնութագրիչների վերլուծությունը իրենից ներկայացնում է բանավեճային քննարկումների հետաքրքիր և օգտակար առարկա: Պակաս հետաքրքիր և օգտակար չէ հայտնի ռուս սոցիոլոգ պրոֆ. Գ. Ե. Զբորովսկիի կողմից առաջ քաշված կրթության որպես կենսագործունեության ոլորտի բնույթի, էության և այլ գծերի նկատմամբ ինստիտուցիոնալ և համակարգային մոտեցումների մեթոդոլոգիական առավելությունների և հարաբերակցության հարցը:

Կրթության համակարգին առնչվող տարբեր տեսակետների վերլուծությունը հնարավորություն է տալիս առաջ քաշել մի շարք դրույթներ, որոնք կարող են դրվել դրա սահմանման հիմքում:

Առաջին, ինչպես արդեն նշվել է, կրթությունը բարդ, բաց, չհավասարակշռված և ոչ գծային սոցիալական համակարգ է, որը նրան հեռանկարային է դարձնում սիներգետիկ մեթոդոլոգիայի տեսակետից հետազոտման համար (Գ. Խակեն, Ի. Պրիգոժին, Վ.Վ Վասիլկովա, Ե. Ն. Կնյազևա, Ս.Պ. Կուրդյումով և այլք): Այդ հատկություններն էլ արտացոլվում են «կրթության համակարգ» հասկացության մեջ, քանի որ, եթե շեղվենք տվյալ դեպքում սկզբունքային նշանակություն չունեցող մի քանի տարբերություններից, այն գործնականում համընկնում է «կրթության՝ որպես սոցիալական համակարգ» հասկացության հետ:

Երկրորդ, կրթության համակարգի կազմի մեջ հարկավոր է ներառել այնպիսի ինտեգրատիվ տարրեր, որոնք առավելագույն չափով կկարողանան արտացոլել դրա կեցության ինստիտուցիոնալ և կառուցվածքա-գործառնական տեսանկյունները, և դրանով իսկ, արդիական կդարձնեն