Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/31

Այս էջը հաստատված է

պատշաճ պատրասավածությունը, համակողմանի զարգացումը, մարդասիրության ոգով դաստիարակված և քաղաքակրթված լինելը։

7. Ցանկացած կրթական հաստատության և նրա աշխատողների՝ մանկավարժների, պրոֆեսորադասախոսական կազմի միջոցով կրթության որակի ապահովումը մշտական ռազմավարական առաջնահերթություն է։

8. Պետական կրթական քաղաքականության նպատակը, ինչպես նաև դրա իրացման ռազմավարությունը կրթության որակի վերահսկողության մշտական ապահովումն է և դրա մասին հասարակական կարծիքն ու տրված գնահատականը։

Բացի այդ, կրթության թիրախներ կարելի է համարել՝

9. Հասարակության մեջ կրթական համակարգի և նրա սուբյեկտների հանդեպ վստահության ընդլայնումը և հեղինակության բարձրացումը։

10. Կրթության բոլոր աստիճաններում դասավանդման նոր տեխոլոգիաների յուրացումն ու իրացումը, որով կբարձրացվի Հայաստանում կրթություն ստանալու վարկանիշը։

11. Երեխաների և երիտասարդների ստեղծագործական ունակությունների բազմակողմանի և ժամանակին զարգացումը, ինքնակրթության ձգտման տարածումը, անհատի ինքնիրացումը։

12. Կրթության զարգացման նպատակով «Կրթություն բոլորի համար» տեղեկատվական տեխնոլոգիաների ծրագրերի ընդլայնումը և հասանելիության ապահովումը։

13. Տեղեկայնացված նոր գիտատար տեխնոլոգիաների զարգացումը, բարձրորակ մասնագետների պատրաստումը։

Հետևաբար, կրթությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և միջազգային հանրության կողմից սանկցիավորված և երաշխավորված՝ մարդու սեփականության իրավունքն է, հասարակության անդամների միջև նորմալ փոխհարաբերություններ ապահովող վարքագծի կանոններ, օրենքով չարգելված գործունեություն ծավալելու դեպքում՝ դրա օգտագործման բացառիկ բարիք և ռեսուրս։

Այն ունի տիրապետման, հանրօգուտ գործունեության, այդ թվում կառավարման մեջ օգտագործելու իրավազորություն, շուկայից կախված կապիտալ արժեք է, որը մասնագիտական բավարար կրթություն ունեցողին բերում է եկամուտ։ Ինչքան ստացած կրթությունը որակյալ է և շուկայի պահանջները բավարարող, այնքան աշխատուժի գինը բարձրարժեք է։ Այն անժամկետ և ց՛կյանս սեփականություն է, չնայած օգտագործելիս ծագում են իրավունքներ և պարտականություններ։


Գլուխ 1.2. Կրթության և կրթական իրավունքի դերը հայ հասարակության զարգացման գործում և կրթության նոր պահանջները

1․2․1․ Կրթության և կրթական իրավունքի դերը հայ հասարակության զարգացման գործում

Բոլոր ժամանակներում մեր ժողովուրդը հսկայական տեղ է տվել կրթությանը։ Սակայն կրթությունն իր ազգային շապիկը հագավ միայն Մեծն Մեսրոպի տառերի գյուտից հետո։ Ցանկացած հայի համար մեր մագաղաթները, մատյաններն ու գրքերն ավելի թանկ են, քան այլ հարստություն։ Դրանց մեծ մասը հրից ու սրից փրկվել է կյանքի ու արյան գնով։ Այսօր էլ շարունակվում է տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների կողմից աշխարհով սփռված այդ մասունքները տարբեր աճուրդներում գնելը ու մեր Մատենադարանին նվիրաբերելը։

«Կրթություն» եզրույթը և հասկացությունը բավական ամբողջական և խորությամբ դիտարկվում է մանկավարժական տարբեր առարկաների ուսումնասիրման ընթացքում։ «Կրթական իրավունք» առարկայի շրջանակներում այդ եզրույթին անդրադառնալը ևս խիստ անհրաժեշտ է, քանի որ դրա գործածումը՝ կրթության և իրավունքի հասկացությունների հարաբերակցության համատեքստում, ունի իր յուրահատկությունը։