Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/314

Այս էջը հաստատված է

Սրա նպատակը հավասար մրցակցային դաշտ ապահովելն է: Արդյո՞ք առաջիկայում հնարավոր կլինի բոլոր այդ հաստատություններում ունենալ ժամանակակից գիտելիքներին և տեխնոլոգիաներին տիրապետող դասախոսական կազմ և այնպիսի շրջանավարտներ, ովքեր ոչ միայն կկարողանան մրցակցել պետական բուհերի շրջանավարտների հետ, այլև՝ մի շարք անգամ կգերազանցեն նրանց, ինչն առօրյա է դարձել արդեն Արևմտյան երկրներում, իսկ այսօր Հայաստանի երկու-երեք բուհերում: Վտանգը կայանում է նրանում, որ մասնավոր բուհերի ֆինանսավորումն այլընտրանքային հնարավորություններ չունենալու պարագայում, միակ հույսը մնում է բուն այդ նույն ուսանողների ուսումնառության վարձավճարները: Դեռևս չկան ֆինանսավորման այլ հզոր՝ հատկապես բարեգործական աղբյուրներ, որի պատճառով էլ տվյալ հաստատությանը ձեռնտու չէ վատ սովորողին դուրս թողնել, ինչն էապես ազդում է նրանց կրթության որակի վրա: Բուհական հասարակության կողմից չի խրախուսվում նաև գիտության ապահիմնարարացման ուղղությունը, ուղղություն, որոնց մի մասը, նաև վերը նշված պատճառներով թողարկում է միջակություններ, ոչ պետական կամ պետական ուսումնական հաստատությունների ցուցանակի տակ: Արդյո՞ք սա նաև ցածր չափորոշիչներ դրված լինելու հետևանք չէ: Օրինակ, Էստոնիայում կա մեկ բժշկական համալսարան, քանի որ դրված շատ բարձր կրթական չափորոշիչների հետևանքով հնարավոր չէ երկրորդ այդպիսի ուսումնական հաստատություն հիմնել:

Միաժամանակ, մեծ ուշադրություն պետք է դարձնել արտերկրի լավագույն համալսարաններում կրթություն ստացած, գերազանց արդյունքներ ցուցաբերած երիտասարդ մասնագետների Հայաստանում աշխատանքի տեղավորման հեռանկարին, ինչը հնարավոր կարող է դառնալ նրանց բարձր աշխատավարձերով, ըստ ակնկալվող արդյունքների ներգրավելու ինչպես գործնական, այնպես էլ գիտահետազոտական աշխատանքներում:

Ի՞նչ է հուշում ԱՄՆ փորձը: Անցյալ դարի 80-ական թվականների սկզբին ամերիկյան հասարակությունն անհանգստացած էր կրթության վիճակով:

ԱՄՆ Կրթության որակի ուսումնասիրման Ազգային հանձնաժողովի եզրափակիչ ճառում գրված է. «Ազգը վտանգի մեջ է, քանի որ մեր հասարակության կրթական հիմքերը խարխլում է միջակությունների աճող ալիքը, որը վտանգում է ամբողջությամբ ազգի ապագան»: Կալիֆոռնիայի համալսարանի պրեզիդենտ Դևիդ Գարդներն այդ առիթով հայտարարեց. «Եթե ոչ բարեկամական որևիցե երկիր փորձեր Ամերիկային այսպիսի միջակ կրթական համակարգ պարտադրել՝ մենք այդ կգնահատեինք որպես պատերազմական ակտ»:

Համաշխարհային հանրությունն արդեն վաղուց է ձևակերպել իր վերաբերմունքը գիտության, կրթության դերի նկատմամբ քաղաքակրթության զարգացման, սոցիալական վերընթացի ապահովման խնդրում, և մտադիր չէ հանդուրժել այն գաղափարը, որ գոյություն ունեն երկու կարգի ազգեր, նրանք, ովքեր ունեն գիտնականներ և հիմնարար գիտություններ, և նրանք, ում չի հաջողվել այդ անել:

Մեր երկիրն իր պատմությամբ պատկանում է առաջին կարգի ազգերին, սակայն երկրորդ կարգի ազգերին սրընթաց չմոտենալու համար, կրթությունը պետք է ճանաչել ոչ միայն պետական նշանակության գերխնդիր, անգամ՝ ազգային անվտանգության բաղադրատարր, այլ նաև ծագած հիմնախնդիրներին արագ արձագանքել: Գիտության յուրաքանչյուր ճյուղի, առավել ևս սոցիալական գիտությունների համար նմանօրինակ քաղաքականություն և երկարաժամկետ ծրագիր ունենալը կարող է դառնալ համաձայնության գործիք, կարող է ներդաշնակություն հաղորդել սոցիալ-կրթական, անգամ տնտեսական քաղաքականությունների բարեփոխումներին, բարձրացնել քաղաքական կայունության աստիճանը, և կայունություն հաղորդել աճող բարեփոխումներին:

Ակներև է և հետևյալը. սոցիալական գիտությունների համար երաշխավորությունների նման համակարգ չունեցող հասարակությունը անհեռանկարային կլինի:

Հայաստանում բարեփոխումները կկորցնեն իրենց սոցիալական իմաստը, մենք աղքատություն հաղթահարողներից չենք կարող անցում կատարել դեպի համընդհանուր բարեկեցիկ երկրի կառուցման ուղի ու կարժեզրկվի հայաստանյան Սահմանադրության ամենաուժեղ մասը, որը պատկերացում է ստեղծում Հայաստանի մասին, որպես սոցիալական ուղղվածություն ունեցող