Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/320

Այս էջը հաստատված է

ժամանակահատվածում երեխայի կրթության և դաստիարակության համար ինչ նոր որակներ է անհրաժեշտ սերմանել նրանց մեջ:

Մեր կարծիքով, կրթության մեջ առկա հիմնախնդիրները լուծելու համար դրանք պետք է փնտրել և լուծել նախադպրոցական համակարգում, քանի որ այն մեր կրթական վերնաշենքի հիմքն է: Այս եզրակացությունը հիմնավորված է հետևյալ փաստարկներով՝

  • նախադպոցական տարիքում են դրվում անհատականության ձևավորման հիմքերը,
  • ընտանիքների մեծ մասը չի կարող իրենց երեխաների համար ամբողջապես ապահովել նախադպրոցական կրթության չափորոշիչներով սահմանված համախումբը,
  • 32 տոկոս պաշտոնական աղքատություն ունեցող մեր երկրռւմ այդպիսի ընտանիքները հնարավորություն չունեն իրենց երեխաներին մանկապարտեզ ուղարկել, որը հնարավորություն կտար նրանց լավ կրթվել ու դաստիարակվել, նորմալ սնվել ու զարգանալ,
  • մանկապարտեզը նորմալ կենսագործունեություն կազմակերպման ձև է, որտեղ հնարավոր է դնել երեխայի սոցիալականացման սկիզբը, ապահովել նրա առողջ ապրելակերպն ու զարգացումը,
  • մանկապարտեզը նախադպրոցական դաստիարակության կենտրոն է, որն աջակցում է ընտանիքին երեխաների դաստիարակության գործում,
  • պետությունը պետք է ձգտի առավել կարիքավոր ճանաչված բոլոր երեխաներին պետության հաշվին ընդունելու մանկապարտեզ և այլն:

Ցավալիորեն պետք է նշել, որ կրթության մասին միջազգային փաստաթղթերը որևէ ձևով չեն վավերացրել նախադպրոցական հաստատություններում երեխաների կրթության իրավունքը: Այս մասին «լռում է» անգամ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 26-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» հոդված 26-ը: Հավանաբար, նման նորմի ընդունումը նոր առաջընթաց քայլ կլինի նախնական կրթության ասպարեզում:

2010 թվականի տվյալներով Հայաստանում գործում է 622 մանկապարտեզ, ուր հաճախում է 53900 երեխա:


8.1.2. Նախադպրոցական կրթության նպատակը և խնդիրները

Նախադպրոցական կրթության գլխավոր նպատակը երեխային դպրոցական ուսումնառությանը նախապատրաստելն է, այսինքն՝ նախադպրոցական տարիքի ցանկացած երեխայի համար զարգացման այն մակարդակն ապահովելը, որը թույլ կտար նրան լինել հաջողակ՝ դպրոցական ուսուցման ժամանակ: Դրան են ուղղված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, որոնք իրականացվում են կրթության զարգացման նպատակային ծրագրի շրջանակներում՝ նախադպրոցահասակ երեխաներ ունեցող ընտանիքներին աջակցելու ուղղությամբ:

Այս նպատակին հասնելու համար առաջին հերթին պետք է՝

  • զարգացնել ավագ նախադպրոցական տարիքի երեխաների կրթության կազմակերպման ձևերը,
  • մշակել կրթության այնպիսի բովանդակություն, որը կապահովի հավասար մեկնարկային հնարավորություններ բոլոր երեխաների համար /տվյալ դեպքում՝ կարճաժամկետ խմբեր/:

Նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական փորձնական ծրագրի ներդրման նպատակով՝ դպրոցի նախապատրաստմանն ուղղված կարճաժամկետ խմբերի (5-6 տարեկան երեխաների) կրթադաստիարակչական աշխատանքների հիմնական նպատակներն են.

  • Աջակցել մանկապարտեզ չհաճախող 5-6 տարեկան երեխաների համակողմանի և ներդաշնակ զարգացմանն ու դաստիարակությանը:
  • Փորձարկման դրված «Նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական ծրագրի» ստացված արդյունքներն ամփոփել, ներդնել նոր մոտեցումներ նախադպրոցական կրթության ոլորտում՝ մեծացնելով սոցիալապես անապահով ընտանիքների 5-6 տարեկան երեխաների ընդգրկվածությունը։