Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/33

Այս էջը հաստատված է

ինստիտուտ, որը հատուկ տեղ է գրավում և նույնքան էլ հատուկ դերակատարում ունի բազմաթիվ այլ սոցիալական ինստիտուտների շարքում։ Այդ տեսանկյունից կրթության՝ որպես ինստիտուցիոնալ կառույցի, յուրահատկության ամենավառ արտահայտություններից մեկը՝ համակարգային բնույթն է, ընդ որում՝ այդ համակարգայնությունն իսկապես օժտված է հասարակության այլ ինստիտուտներին ոչ բնորոշ առանձնահատուկ գծերով։

Երկրորդ, հենց կրթության համակարգային բնույթն է հնարավոր դարձնում այն դիտարկել նաև որպես իրավական կարգավորման հատուկ առարկա, իսկ ավելի լայն կտրվածքով իրավական դաշտի յուրահատուկ մի հատված, որն էլ, մի կողմից, այն գրավիչ է դարձնում իրավական գիտության համար, մյուս կողմից էլ՝ պայմանավորում կրթության կարգավորման հնարավորությունը իրավական միջոցների և ձևերի օգնությամբ։ Տվյալ հեռանկարայնության մեջ կրթությունը կարող է և պետք է դիտարկվի որպես իրավական մատերիայի (էներգիայի) յուրօրինակ մի թանձրուկ, որում սոցիալական կյանքի իրավական և կրթական կողմերի ներդաշնակությունը (կամ, ընդհակառակը, ոչ ներդաշնակությունը) բավական ցայտուն ձևով բնորոշում է ինչպես սոցիումի ամբողջականության աստիճանը, այնպես էլ՝ նրա քաղաքակրթական զարգացման ուղղվածությունը։ Այլ խոսքերով, հասարակական կյանքի իրավական և կրթական այս երկու կողմերն այնքան յուրօրինակ ձևով են փոխներթափանցում և փոխլրացնում միմյանց, որ հենց այս առանձնահատկություններն էլ մեր ժամանակներում տալիս են մեր հասարակության քաղաքակրթական զարգացման կոնկրետ-պատմական մակարդակի բավական օբյեկտիվ պատկերը։ Եթե ընդհանրացնենք ասվածը, կարելի է հաստատել, որ կրթությունը՝ որպես սոցիալական ինստիտուտ, օրգանապես մտնում է հասարակության իրավական դաշտի մեջ (իրավական համակարգ)՝ հանդիսանալով նրա յուրահատուկ մի հատվածը, իսկ իրավունքը և նրա հիմնական բնութագրիչները (հասարակական հարաբերությունների՝ այդ թվում և կրթության ոլորտում կարգավորումն ապահովող իրավական միջոցները, իրավական մեխանիզմներն ընդհանրապես) հանդիսանում են ինչպես կրթական հարաբերությունների կայունությունը, այնպես էլ՝ սոցիալական ուղղվածության հարաշարժությունն ապահովող առաջատար բաղադրամասերից մեկը։

Ժողովրդավարական և իրավական պետության զարգացման ժամանակակից փուլում, շուկայական տնտեսության անցումից հետո, մեր երկրում կրթության դերն է՛լ ավելի է մեծանում՝ համաշխարհային տնտեսության միտումներից և հասարակության զարգացումից հետ մնալու վտանգից զերծ մնալու ճանապարհին։ Ժամանակակից աշխարհում կրթության նշանակությունը, որպես նոր որակի հասարակության և տնտեսության ձևավորման կարևորագույն գործոն, ավելանում է մարդկային կապիտալի մեջ խոշոր ներդրումներ կատարելու և լավագույն մրցակցային պայմաններ ստեղծելու հիմնահարցերը։

Դեռևս պահպանվել են հայկական կրթական համակարգի որոշ բնագավառներ, որոնք առաջատար երկրների կրթական համակարգի հետ մրցակցության հնարավորությունները չեն կորցրել։ Դրանք խորացնելու համար անհրաժեշտ է հասարակության և պետության ուշադրությունը գերկենտրոնացնել ներկա կրթության քաղաքականության արդյունքում ստացած կրթության անբավարար արդյունքները վերացնելու վրա։ Բացի այդ, պետք է բարձրացնել քաղաքացիների ակտիվ դերակատարումը և պատասխանատվության վերականգնումն այդ ոլորտում։ Անհրաժեշտ է կրթության ողջ համակարգի խոր և համակողմանի նորացում՝ առանձնացնելով դրա համար անհրաժեշտ միջոցներ, և՛ ստեղծել, և՛ ներդնել դրանց արդյունավետության բարձրացման նորագույն մեխանիզմներ։

Կրթության ազգային ուսմունքի բացակայության, կրթական քաղաքականության վեկտորներն իրարից շեղված լինելու, որոշների չգոյությունը, կրթական որոշ ծրագրեր ծխածածկույթով պարուրված լինելը, կրթական հիմնախնդիրների վրա հասարակության ուշադրությունը բևեռելու հոգսը փարատելու գործում որևէ արդյունք չեն կարող տալ։

«Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն մասին» և կրթական ոլորտը կարգավորող մյուս ՀՀ օրենքները դեռևս իրենց բավարար լուսաբանումը չեն ստացել հասարակության մեջ։

ՀՀ կառավարության կրթական քաղաքականության ըմբռնումը փոխկապված է սոցիալ-տնտեսական