Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/332

Այս էջը հաստատված է

ոչ առևտրային կազմակերպություններ են: Դրանք կարող են լինել՝

1. պետական,

2. համայնքային ենթակայության,

3. ոչ պետական:

Ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձև:

Պետական ուսումնական հաստատությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որը օրենքներին և իրավական այլ ակտերին համապատասխան, ձեռք է բերում իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ և պարտականություններ: Նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնադիր փաստաթուղթը ՀՀ կառավարության հաստատած օրինակելի կանոնադրության հիման վրա հիմնադրի (հիմնադիրների) հաստատած կանոնադրությունն է:

Նախադպրոցական ուսումնական հաստատության տեսակները սահմանվում են նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությամբ, որը հաստատում է ՀՀ կառավարությունը: Նախադպրոցական ուսումնական հաստատությունը կարող է ներառվել կրթահամալիրի կազմում:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական կրթությունն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան:

Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարումը կատարվում է «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 16-ով սահմանված լիազորությունների շրջանակում:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունը՝

ա) ապահովում է նախադպրոցական կրթություն ստանալու՝ երեխայի իրավունքները,

բ) ապահովում է նախադպրոցական կրթության մակարդակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչներին,

գ) երեխաների զարգացման, դաստիարակության, ուսուցման և առողջության ամրապնդման համար ապահովում է սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան պայմաններ,

դ) երեխաների մեջ ձևավորում է անձնական հիգիենայի, առողջ կենսակերպի, անվտանգ վարքագծի և պատշաճ վարվելաձևի կանոններ,

ե) իրականացնում է սոցիալ-հոգեբանական աջակցություն, ծնողների շրջանում տարածում հոգեբանական և մանկավարժական գիտելիքներ, ընտանիքի հետ համագործակցություն,

զ) առաջարկում է երեխաների կրթության կազմակերպման այլընտրանքային ձևեր,

է) իրականացնում է նախադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

Նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքի ռեժիմը, երեխաներին պահելու տևողությունը սահմանում է նրա հիմնադիրը՝ կրթության և առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինների իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

Ծնողների /նրանց օրինական ներկայացուցիչների/ և նախադպրոցական ուսումնական հաստատության հետ փոխհամաձայնության արդյունքում կարող է սահմանվել աշխատանքի ռեժիմի անհատական ճկուն համակարգ:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունը կարող է իրականացնել մանկավարժական նորարարական, այլընտրանքային ծրագիր, փորձարարական գործունեություն: Նման գործունեության իրավունք նախադպրոցական ուսումնական հաստատությանը տալիս է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: