Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/343

Այս էջը հաստատված է

Միաժամանակ պետք է նշել, որ ՀՀ կրթության տարբեր աստիճանների օրենքներում կրթությամբ զբաղվող հաստատություններն անվանվում են ուսումնական հաստատություններ: Անհասկանալի է մնում այն փաստը, որ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքն այդպիսի հաստատություններն անվանել է կրթական հաստատություն, իսկ մնացած դպրոցները՝ ուսումնական հաստատություն: Մեր կարծիքով, նախադպրոցական կրթությամբ և հանրակրթությամբ զբաղվող հաստատությունները պետք է անվանել կրթական հաստատություններ, իսկ մնացածները՝ ուսումնական հաստատություններ: Մենք նկատի ունենք այն հանգամանքը, որ «Կրթության մասին» ՀՀ օրենքը կրթության տակ նկատի է առնում նաև դաստիարակությունը, իսկ ուսումնական հաստատությունը, կարծես /ինչպես այսօր գործնականում կա/ դաստիարակության խնդիրների լուծմամբ չի զբաղվում, հետևաբար և դաստիարակության համար պակաս է վերջինիս պատասխանատվության չափը:

Հայտնի է, որ խորհրդային կրթությունը նախկին հարյուրամյակի 60-70-ական թթ. ճանաչվում էր որպես աշխարհի լավագույններից մեկը: Սակայն XX դարի 80-90-ականներին խորհրդային, ապա նաև հայկական կրթությունը սկսեց էական բարդություններ զգալ: Նրա գնահատականները միջազգային վարկանիշներում իջան մինչև 40-րդից ներքև տողերը: Ներկայումս գիտակցվում է իրավիճակը աստիճանաբար դեպի լավը փոխելու անհրաժեշտությունը, թեև հետհամաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում Հայաստանում նկատվում է կրթության ֆինանսավորման փոքր աճ /որոշ զարգացած պետություններ անգամ նահանջ կատարեցին իրենց նվաճած բարձունքներից/, շարունակվում են դպրոցական շենքերի կառուցման, հիմնանորոգման և նորացման աշխատանքները, բարելավվում է դպրոցների նյութատեխնիկական հագեցվածությունը, ուժեղացվում է երկրի զարգացման համար կրթության էական լինելու գիտակցումը, բարեհաջող իրացվում են կրթության որոշ ռազմավարական ծրագրեր, տրամադրվում են դրամաշնորհներ, ուսուցիչները, մարզիչները, կրթական հաստատությունները, մարզային կրթական համակարգերն իրենց ձեռքբերումների համար պարբերաբար խրախուսվում են: Սակայն կուտակված խնդիրների բեռը նույնպես հսկայական է:

Դատելով ըստ հասարակական կարծիքի հարցումների, ուսուցիչների, ծնողների և սովորողների հիմնական զանգվածը, փորձագետների էական մասը դեռևս էական դրական փոփոխություններ չեն տեսնում հանրակրթության համակարգում:

Մեր կարծիքով, ներկայումս, հանրակրթության համակարգի հասարակական նշանակալի խնդիրներն են՝

1. մայրենի լեզվին վատ տիրապետելը,

2. կրթության որակի ընդհանուր նվազումը,

3. որակյալ կրթություն ստանալու անհավասարության խորացումը,

4. պետական բյուջեով կրթությանը հատկացվող միջոցների դեռևս սահմանափակ լինելը,

5. կրթական օրենսդրության կատարելագործման անհրաժեշտությունը և այդ մասին հանրակրթության սուբյեկտների բավարար տեղեկացված չլինելը,

6. դպրոցում դասավանդվող որոշ առարկաների անհարկի ուսումնական ծանրաբեռնվածությունը,

7. դասագրքերի անընդհատ փոփոխությունները և շարունակվող փնտրտուքը,

8. դպրոցական կրթության ծրագրերի նվազագույն բովանդակության մասին հնաոճ պատկերացումները,

9. հեռավոր համայնքների դպրոցները որակյալ ուսուցիչներով ապահովելը,

10. հեռավոր համայնքների դպրոցները, համացանցի և որակյալ ուսուցիչների միջոցով հեռահար դասընթացներ կազմակերպելը,

11. միջին, փոքր քաղաքների և հեռավոր համայնքների դպրոցների մի մասի համակարգչային և արդի տեխնոլոգիաներով ապահովված չլինելը:

Այստեղից հետևում է, որ հանրակրթության առավել սուր խնդիրներն են`

  • կրթության որակի ընդհանուր նվազումը,