Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/352

Այս էջը հաստատված է

Ուսումնական պարապմունքներից սովորողի հաճախակի անհարգելի բացակայության համար պատասխանատվություն է կրում ծնողը՝ օրենքով սահմանված կարգով:

Ըստ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 16-ի սովորողների ընդունելությունը ուսումնական հաստատություն իրականացվում է տնօրենի հրամանով՝ դպրոցահասակ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի (այսուհետ՝ ծնող) դիմումի և հաստատության ու ծնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա՝ «Հանրակրթության մասին» օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Պետական ուսումնական հաստատությունների համար պայմանագրի օրինակելի ձևը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով:

Ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն արգելվում է:

Հանրակրթական դպրոցի առաջին դասարան երեխայի ընդունելության ժամանակ գիտելիքների ստուգումն արգելվում է:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն կատարվում է համաձայն ոլորտը կարգավորող օրենսդրության:

Դպրոցական տարիքի երեխային ուսումնական հաստատություն ընդգրկելու համար պատասխանատու է ծնողը՝ օրենքով սահմանված կարգով:

Ուսումնական հաստատությունը, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններն ապահովում են դպրոցական տարիքի երեխայի ընդգրկումն ուսումնական հաստատություն:

Սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթությունը կազմակերպվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

Ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելը և ազատելը կատարվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած կարգով, հետևյալ դեպքերում.

1) ծնողի դիմումի հիման վրա,

2) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:

Ոչ պետական ուսումնական հաստատությունում, մասնագիտացված հանրակրթական դպրոցում կամ այլընտրանքային ծրագրում ընդգրկված սովորողի ազատումը կամ այլ ուսումնակսմ հաստատություն տեղափոխումը կարող է կատարվել նաև ծնողի և տվյալ ուսումնական հաստատության միջև կնքված պայմանագրային դրույթները սովորողի կամ ծնողի կողմից չպահպանելու դեպքում:

Սովորողների կողմից կրթական ծրագրի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման, սովորողի փոխադրման և ավարտման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

Հանրակրթական ծրագրի նախորդ աստիճանը կամ տվյալ ուսումնական տարվա ծրագիրը չյուրացրած սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթության հաջորդ աստիճան կամ դասարան:

Ուսումնական տարվա ընթացքում՝ մինչև մայիսի 1-ը, 20-30 օր կամ 120-160 ժամ դասերից բացակայած սովորողը հանձնում է քննություններ ուսումնական պլանով նախատեսված 5 առարկաներից՝ ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ: Քննություններից անբավարար գնահատական ստացած կամ 160 ժամից ավելի բացակայած սովորողը կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը: