Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/36

Այս էջը հաստատված է

բ. նպատակաուղղված մանկավարժական գործունեություն՝ ուղղված իրավական ոլորտում սովորողների մեջ իրավաչափ վարքի, նրանց կարողությունների և հմտությունների, իրավական գիտելիքների համակարգի, ինչպես նաև ընդհանուր և հատուկ իրավական մշակույթի ձևավորմանը և զարգացմանը (իրավական դաստիարակություն)։

Կրթության և իրավունքի՝ որպես սոցիալական ինստիտուտների հարաբերակցության առանձնահատկությունները բնորոշող բերված հասկացություններից ներկա ուսումնական դասընթացի համար հատուկ առարկայական հետաքրքրություն են ներկայացնում առաջին երկուսը՝ կրթության իրավունքը և կրթական իրավունքը։ Անդրադառնանք դրանց ավելի մանրամասնորեն։


1․2․3․ Կրթության իրավունքի հասկացությունը և ընդհանուր բնութագիրը


Կրթության բնագավառի տեսաիրավական բազմաթիվ հիմնախնդիրներ քննարկել և վերլուծել են մի շարք գիտնականներ, որոնցից ամենաակնառուներն են Յու. Խ. Ալֆերևը, Ս. Ի Բերզիլովը, Լ.Ե. Բլեխերը, Բ. Խ. Գերշունսկին, Է. Դ. Դնեպրովը, Վ. Ի. Երոշինը, Գ. Ի. Իլյինը, Լ.Պ.Կուրակովը, Մ.Վ. Ռիժակովը, Յու. Գ. Տատուրը, Վ. Մ. Ֆիլիպովը, Ա. Գ. Չեռնիշևը, Ի. Ն. Յարուգինը և այլք։ Նրանք հետաքրքիր հետազոտական աշխատանքներ են կատարել փիլիսոփայական, քաղաքական, սոցիոլոգիական, մանկավարժական գիտությունների շրջանակներում։

Կրթության ոլորտի տարբեր բաղադրամասերի իրավական կարգավորման մշակումների և հետազոտությունների մի ամբողջ համալիր են ստեղծել անվանի իրավաբան-գիտնականներ Ս. Վ. Բարաբանովան, Ն. Ս. Բաչիլոն, Ս. Ն. Բրատանովսկին, Պ. Մ. Վիդավսկին, Ե. Ի. Վոյլենկոն, Վ. Ի. Շկատուլլան, Վ. Լ. Գոյխմանը, Գ. Ա. Դոռոխովան, Ա. Գ. Կասպրժակը, Ե. Մ. Կովեշնիկովը, Վ. Ա. Խևերցևը, Ն. Ծ. Լևինը, Ա.Ա. Մենշիկովը, Ֆ. Տ. Նագիևը, Ս. Մ. Նեմցովը, Ա. Վ. Ռուբցովը, Լ. Ա. Ստեշենկոն, Վ. Մ. Սիրիխը, Վ.Վ. Շտիկովը, Վ. Ի. Շաբայլովը և ուրիշներ։ Նրանց աշխատանքները խոշոր դերակատարում ունեն կրթության իրավունքի, կրթական իրավունքի և կրթական օրենսդրության առաջընթացի համար։

Մարդու իրավունքների համակարգում իր հատուկ տեղն է զբաղեցնում կրթության իրավունքը։ Այդ իրավունքը մտնում է մարդու իրավունքների միջազգային (և մասնավորապես եվրոպական) չափորոշիչների մեջ, որն իր արտացոլումն է գտել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մաս 1, հոդված 26-ում (1948), Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի մաս 1, հոդված 13-ում (1966), Մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների պաշտպանության մասին եվրոպական Կոնվենցիայի (1950) N1 արձանագրության հոդված 2-ում (1952), Եվրոպական Խորհրդի հիմնական իրավունքների խարտիայի հոդված 14-ում (2000) և այլն, որոնց մասին կանդրադառնանք առավել մանրամասն «միջազգային իրավունք» բաժնում։

Հետաքրքրական է նշել, որ կրթության իրավունքը հատկապես մեր ժամանակներում, երբ կրթության ոլորտում ընթանում են եվրոպական պետությունների հետ մերձեցման ինտենսիվ գործընթացներ, միակն է սոցիալական իրավունքներից, որն առկա է Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների եվրոպական կոնվենցիայի նշված արձանագրություն 1-ում, որի հետ կապված կառուցվում է իրավապաշտպան միջոցառումների մի ամբողջ համակարգ։ Այս փաստով հաստատվում է ժամանակակից ժողովրդավարական արժեքների համակարգում կրթության իրավունքի բացառիկ կարևոր տեղը և դերը։ Տվյալի N1 արձանագրության հոդված 2-ում, մասնավորապես, խոսվում է տվյալ իրավունքի այնպիսի կարևորագույն հայեցակետերի մասին, ինչպիսիք են՝

ա. դրա համընդհանրությունը (հնարավոր չէ որևէ մեկին այդ իրավունքը մերժել),

բ. կրթության և ուսուցման ոլորտում պետության պարտավորությունները,

գ. պետության պարտավորությունները՝ հարգելու ծնողների կրոնական և փիլիսոփայական համոզմունքները՝ ըստ այդ համոզմունքների իրենց երեխաների կրթության ապահովման հարցում։