Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/37

Այս էջը հաստատված է

ՀՀ Սահմանադրության հոդված 39-ը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք։

Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Օրենքով կարող է սահմանվել պարտադիր կրթության ավելի բարձր մակարդակ։

Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է։

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության սկզբունքները որոշվում են օրենքով։

Ուսումնական հաստատությունների ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով։

Յուրաքանչյուր քաղաքացի օրենքով սահմանված կարգով ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք։ Պետությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆինանսական և այլ աջակցություն է ցուցաբերում բարձրագույն և այլ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին և դրանցում սովորողներին։

Նախ, մինչ ըստ ՀՀ Սահմանադրության նշված հոդվածի բուն իմաստով կրթության իրավունքին բնութագիր տալը, հարկավոր է որոշել դրա տեղն ու դերը՝ որպես մարդու իրավունքների համակարգի տարր։

«Մարդու իրավունքներ և ազատություններ» հասկացությունը, չնայած արդի ժամանակաշրջանում իր թվացյալ բացառիկ լայն տարածվածությանը, չունի, սակայն, մեկ միասնական և բոլորի կողմից ընդունված մեկնաբանություն։ Այնուամենայնիվ, կան մի շարք այնպիսի պահեր, որոնք ցանկացած մեկնաբանության դեպքում արտահայտում են տվյալ հասկացության բնույթը և էական հատկանիշները.

Առաջին, այս հասկացության մեջ արտացոլվում է մարդկանց՝ անհատների կամ նրանց խմբերի, միավորումների որոշակի անհատական, խմբային կամ հասարակայնորեն նշանակալի պահանջմունքների և շահերի (անձնական (քաղաքացիական), տնտեսական, քաղաքական, սոցիալական, մշակութային) առկայության փաստը։

Երկրորդ, այդ պահանջմունքները և շահերը բնորոշում են մի կողմից՝ անձանց կողմից սոցիալական խմբերի, հասարակական միավորումների իրենց սոցիալական տեղի և այն դերի գիտակցումը, որ իրենք խաղում են կամ կարող են խաղալ հասարակության մեջ, իսկ մյուս կողմից՝ հասարակության և դրա սոցիալական ինստիտուտների, գլխավորապես պետության կողմից այդ տեղի և դերի ճանաչումը։ Այդ տեսանկյունից իրավունքները և ազատությունները միաժամանակ թե՛ մարդկանց (խմբերի, միավորումների) սոցիալական հավակնումներ են, այսինքն՝ հասարակությանը և պետությանն ուղղված այս կամ այն տնտեսական, սոցիալական և այլ պահանջմունքները և շահերը բավարարելու պահանջներ, թե՛ պետության՝ այդ հավակնումների և դրանց բավարարման, պաշտպանության և պահպանման հետ յուրատեսակ մի համաձայնություն՝ քաղաքականորեն և իրավաբանորեն ձևակերպված պետության օրենսդրության նորմերի և կրթական քաղաքականության սկզբունքների ու դրույթների միջոցով։

Իրական իրավական ժողովրդավարական հասարակության մեջ այդ երկու կողմերն էլ գտնվում են ներդաշնակության, այսինքն հասարակության և նրա անդամների, պետության և նրա քաղաքացիների, հասարակական կյանքի կոլեկտիվ և անհատական կողմերի պահանջմունքների և շահերի հավասարակշռվածության վիճակի մեջ։

Երրորդ, հավակնությունները կարող են ունենալ ինչպես բնական, այնպես էլ՝ սոցիալական բնույթ։ Առաջին դեպքում դրանք արտահայտում են յուրաքանչյուր մարդուն՝ որպես կենսասոցիալական էակին բնորոշ պահանջմունքներն ու շահերը, երկրորդ դեպքում՝ անհատին՝ որպես կոնկրետ պետության քաղաքացուն բնորոշ պահանջմունքներն ու շահերը։ Այս առումով հասկանալի է դառնում մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների տարբերությունը։ Իսկ այն, ինչ, ի դեպ, վերաբերում է անձի իրավունքներին և ազատություններին, ապա տվյալ դեպքում մենք գործ ունենք առաջին երկու տեսակետների յուրօրինակ ինտեգրացման հետ, քանի