Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/371

Այս էջը հաստատված է

վարչական գործունեության կատարմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը,

5) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:

Պետական ուսումնական հաստատության տնօրենը`

1) խորհրդի քննարկմանն է ներկայացնում ուսումնական հաստատության ֆինանսատնտեսական հաշվետվությունը, արտաքին և ներքին գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկանք, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը,

2) ղեկավարում է ուսումնական հաստատության մանկավարժական խորհուրդը, աջակցում է ուսումնական հաստատության խորհրդակցական մարմինների աշխատանքներին,

3) կազմում է ուսումնական հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և հաստատության խորհրդի հավանությամբ ներկայացնում պետական լիազորված մարմին,

4) խորհրդի հավանությանն է ներկայացնում ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը,

5) իրականացնում է օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ ենթակետին համապատասխան` ՀՀ կառավարությունը 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատել է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը` համաձայն հավելվածի:

ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում`

1) ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, մարզպետը, Երևանի քաղաքապետը ըստ ենթակայության նշանակում է հաստատության տնօրենի պաշտոնակատար, որը չի կարող լինել տվյալ հաստատության խորհրդի անդամ,

2) հաստատության կոլեգիալ կառավարման մարմինը՝ խորհուրդը եռօրյա ժամկետում ընդունում է որոշում տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին:

Խորհուրդն առավելագույնը եռամսյա ժամկետում, հաշված տնօրենի թափուր պաշտոն առաջանալու օրվանից, կազմակերպում և անցկացնում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ:

Խորհրդի նախագահը հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթ հայտարարելու մասին խորհրդի որոշման պատճենը եռօրյա ժամկետում գրավոր ներկայացնում է լիազորված մարմին: Լիազորված մարմինը հնգօրյա ժամկետում գրավոր խորհուրդ է ներկայացնում տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին խորհրդի որոշման վերաբերյալ իր առարկությունները և առաջարկությունները:

Լիազորված մարմնի կողմից առարկություններ և առաջարկություններ չներկայացվելու դեպքում խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում:

Խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է զանգվածային լրատվամիջոցներով հնգօրյա պարբերականությամբ՝ առնվազն երկու անգամ: Մրցույթ անցկացնելու մասին հայտարարության տեքստում պարտադիր պետք է նշվեն մրցույթի անցկացման վայրը, օրը, ժամը, տեղը, սահմանված պայմանները, հայտերի ընդունման վերջնաժամկետը և սահմանված փաստաթղթերի ցանկը: Խորհուրդը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը, հրապարակելուց հետո, առնվազն երկու աշխատանքային օր առաջ, ՀՀ կրթության և գիտության նախարարությանը տրամադրում է այդ տեղեկատվությունը, որպեսզի երկու աշխատանքային օրվա ընթացքում նախարարության պաշտոնական ինտերնետ կայքում այն հրապարակվի: Միաժամանակ այդ մասին պետք է հրապարակվի նաև azdarar.am կայքում: