Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/377

Այս էջը հաստատված է

ծավալը, ըստ ուսումնական տարիների՝ արտահայտված ուսումնական պարապմունքների ժամաքանակով (դասաժամերով), ներառյալ, ուսումնական բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակները:

Ուսումնական բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակը հիմնական դպրոցում չի կարող լինել ընդհանուր նորմատիվային ժամաքանակի կեսից պակաս, իսկ ավագ դպրոցում՝ 30 տոկոսից պակաս:

Հանրակրթության պետական չափորոշիչին համապատասխան՝

1) մշակվում են ուսումնական առարկաների չափորոշիչներ ու ծրագրեր, օրինակելի ուսումնական պլաններ և ուսումնական գործընթացը կանոնակարգող նորմատիվ այլ փաստաթղթեր,

2) իրականացվում են հանրակրթական հաստատությունների լիցենզավորումը և դրանց գործունեության վերահսկողությունը,

3) կազմակերպվում են ուսուցիչների և մանկավարժական ղեկավար կադրերի պատրաստումը, մասնագիտական կատարելագործումը և ատեստավորումը,

4) գնահատվում են հանրակրթության արդյունքները,

5) վերանայվում են ծրագրերը, դասագրքերը և այլ ուսումնական նյութեր,

6) հանրակրթության պետական չափորոշիչը տեղայնացվում է դպրոցական բաղադրիչով՝ ելնելով դպրոցի առանձնահատկություններից, սովորողների նախասիրություններից ու կարիքներից, ինչպես և համայնքի կարիքներից,

7) ապահովվում է երեխայի կրթության իրավունքի իրացումը՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները,

8) ապահովվում է հանրակրթության պետական չափորոշիչով նախատեսված ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը սովորողների կողմից՝ կիրառելով դասավանդման առավել արդյունավետ մեթոդներ և ժամանակակից տեխնոլոգիաներ:

Հանրակրթության պետական չափորոշիչի պահանջները պարտադիր են հանրակրթական ծրագրերի և ուսումնական հաստատությունների համար՝ անկախ դրանց կազմակերպական-իրավական ու սեփականության ձևերից և ենթակայությունից:

Կրթական պետական չափորոշիչների բնութագիրը լրիվ չէր լինի, եթե չսահմանվեր դրա դերը հասարակության մեջ և կրթության համակարգում: Դա արտահայտվում է չափորոշիչների գործառույթներում: Այդ գործառույթների հիմական տեսակներն են՝

1. Կրիտերիալ-գնահատման չափանիշի գործառույթը /չափորոշիչն այն չափանմուշն է, որի վրա կառուցվում է ուսումնական գործընթացը/,

2. Մեր երկրում պետական կրթական քաղաքականության միասնական տարածքի ապահովումը և պահպանումը,

3. Տարբեր տիպի, տարբեր տեսակի ուսումնական հաստատություններում ընդհանուր հիմնական կրթության ծավալի ու մակարդակի պահպանումը,


4. Կրթության որակի բարձրացման գործառույթը /այդ չափորոշիչը տալիս է կրթության որակի այն մակարդակը, որին անհրաժեշտ է հասնել/,

5. Յուրաքանչյուր երեխայի հանրակրթություն ստանալու սահմանադրական իրավունքն ապահովելը /կրթության երաշխիքների համակարգում պետական կրթական չափորոշիչը վերջին դերակատարումը չէ/,

6. Կրթության մարդասիրական բնույթը՝ չափորոշիչները ճանապարհ են բացում բազմամակարդակ կրթության, որում ուսումնական ծրագրերի բովանդակությունը կարող է գերազանցել ստանդարտի նորմերը: Այս հանգամանքը նպաստում է սովորողների ընդունակություններին, հետաքրքրություններին ու հնարավորություններին համարժեք անհատական և կողմնորոշված ուսումնառությանը:

7. Կրթության գործընթացի և որակի կառավարումը՝ կրթության կառավարման մարմինները ստանդարտներն օգտագործում են կրթության որակի վերահսկողական արդյունավետ համակարգ ստեղծելու նպատակով: