Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/383

Այս էջը հաստատված է

3) սովորողների համար հանրակրթական լրացուցիչ դասընթացների կազմակերպումը,

4) սովորողների առողջության պահպանման միջոցառումները,

5) սովորողների սննդի կազմակերպումը,

6) սովորողների տրանսպորտային կազմակերպված փոխադրումները,

7) սովորողների երկարօրյա ուսուցման և (կամ) գիշերակացի կազմակերպումը,

8) ուսումնաարտադրական բազաներում, մարզաառողջարարական ճամբարներում սովորողների ուսուցման, դաստիարակության ու հանգստի կազմակերպումը:

Կրթական ծրագրերը բաժանվում են երկու տեսակի՝

  • հանրակրթական,
  • մասնագիտական ծրագրերի:

Հիմանական և լրացուցիչ հանրակրթական ծրագրերն ուղղված են լուծելու անհատի ընդհանուր մշակույթի ձևավորման, կյանքին և հասարակությանը հարմարվելու, գիտակցաբար ընտրելու և մասնագիտական ծրագրերը յուրացնելու խնդիրները:

Բոլոր կրթական ծրագրերը բաժանվում են հիմնականի և լրացուցչի: Դրանց միջև հիմնական տարբերությունն այն է, որ լրացուցիչ կրթական ծրագրերը չեն հենվում կրթական չափորոշիչների վրա: Դրանց խնդիրն է ավելի մեծ ծավալով բավարարել անհատի տարբեր կրթական կարիքները: Պետք է նշել, որ հենց լրացուցիչ ծրագրերն են, որ անմիջականորեն ու սերտորեն կապված են կրթական ծառայությունների հետ: Կրթական ծրագրերի հիմնական տեսակները կրթական համակարգում տարբեր են: Բացի այդ, հաշվի է առնվում նաև մանկավարժական խորհրդով հաստատված հեղինակային ծրագրերը:

Այլընտրանքային և նորարարական դպրոցների ի հայտ գալուն զուգահեռ մեծանում է հեղինակային իրավունքի ոտնահարման հավանականությունը, և կրթական ծրագրերի փորձարկման իրավունքը դառնում է պետության կողմից մանկավարժական նմանօրինակ ստեղծագործությունը այդ ոտնձգություններից պաշտպանելու լուրջ գործոն:

Հեղինակային ծրագրեր կազմելու և հաստատման ներկայացնելու իրավունք ունեն բոլոր մանկավարժական աշխատողները: Մանկավարժներն իրավունք ունեն նաև ինքնուրույն ընտրել ծրագրի թեման, բովանդակությունը, ծավալը, դասապրոցեսի համար ընտրել և օգտագործել տարբեր մակարդակի օրինակելի կրթական ծրագրեր, ինչպես նաև իր մասնագիտական հետաքրքրություններին և ստեղծագործական ընդունակություններիս համապատասխան մշակել նոր ծրագրեր: Դա կարող է լինել մեկ թեմատիկ ուղղվածության առարկայական ուսումնական ծրագիր կամ համալիր ինտեգրված ծրագիր՝ զուգակցելով կրթական գործունեության տարբեր թեմատիկ ուղղությունների հետ: Հեղինակային ծրագրերին առավել բնորոշ են հատուկ դասընթացի կուռ և տրամաբանական կառուցվածքը, դասավանդման ընթացքում՝ հատկապես տեսական հարցերին խորությամբ անդրադառնալը: Այդպիսի ծրագրերը հաստատվում են ուսումնական հաստատության սահմանված կարգով:

Ներկայումս մեծ տարածում են ստացել արդիականացված և ձևափոխված կրթական ծրագրերը, որտեղ պահպանվում է առարկայի բովանդակության հիմնական միջակայքը, բայց փոփոխվում են միջոցները, մեթոդիկան, եղանակները, նպատակի իրականացման ձևերը և խնդիրները, որոնք մանկավարժից ստեղծագործական մեծ լարում չեն պահանջում:

Ներկայումս դպրոցներում բավականին լայնորեն օգտագործվում են երկու տեսակի ուսումնական ծրագրեր՝ տիպային /օրինակելի/ և աշխատանքային: Առանձին դեպքերում փորձարկվում են անհատական հեղինակային ծրագրերը, որոնք կազմվում և կիրառվում են նորարար մանկավարժական աշխատանքի վարպետ ուսուցիչների կողմից: Տիպային ծրագրերը ընդգծում են միայն առավել ընդհանրացված հանրակրթական գիտելիքների բազային շրջանակ, հմտություններ ու կարողություններ, գիտական առաջավոր աշխարհայացքի գաղափարներ, ինչպես նաև ընդհանուր մեթոդական բնույթի երաշխավորումներ՝ թվարկելով տվյալ առարկայի համար անհրաժեշտ և բավարար մեթոդներ՝ հատուկ ուսումնական առարկաներն ուսումնասիրելու համար:

Տիպային ծրագրերը մշակվում են գործադիր իշխանության համապատասխան մարմինների կողմից, որոնք կարող են հիմք հանդիսանալ անհատական աշխատանքային ծրագրերի համար