Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/393

Այս էջը հաստատված է
ԲԱԺԻՆ-10. ԿՐԹԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՏՈՒԿ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Գլուխ 10.1.Առանձնահատուկ կրթության պայմանների կարիք ունեցող անձանց կրթության հասկացությունը, նպատակը և խնդիրները

10.1.1. Առանձնահատուկ կրթության պայմանների կարիք ունեցող անձանց կրթության հասկացությունը

Ցանկացած հասարակությունում կծնվեն երեխաներ, ովքեր իրենց ֆիզիկական կամ մտավոր խնդիրներով պայմանավորված կրթություն ստանալու հնարավորություններ չեն ունենա, հետևաբար նրանց բավարար կրթությունն ապահովելու համար անհրաժեշտ են հատուկ պայմաններ:

„Invalid„ բառն առաջին անգամ օգտագործել են հռոմեացիները: Նրանց հանդեպ հասարակության և պետության ունեցած մոտեցումները և վերաբերմունքը կախված են տվյալ երկրի և տվյալ հասարակության զարգացման աստիճանից, հետևաբար դրանք տարբեր ժամանակներում եղել են տարբեր:

Անձի ֆիզիկական կամ մտավոր խնդիրները կարող են առաջանալ ոչ միայն բնածին կամ որևէ հիվանդության հետևանքով, այլև կարող են ձեռք բերվել կյանքի ընթացքում՝ բնական և տեխնածին աղետներից, ճանապարհատրանսպորտային պատահարներից, պատերազմական գործողություններից, տարաբնույթ դժբախտ պատահարներից և այլնից:

Հայաստանի հատուկ կրթության համակարգը ձևավորվել է դեռևս խորհրդային տարիներին: Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգված գործընթացը սկսվել է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային միանալուց հետո: 1996 թվականին ընդունվեց «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը, 1999-ին՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքը, որոնցով սկիզբ դրեց հատուկ կրթական համակարգի իրավական կարգավորմանը:

«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2005 թվականի մայիսի 25-ին, որով կարգավորվում է այդպիսի անձանց իրենց ընդունակություններին և կարողություններին համապատասխան կրթություն ստանալու իրավունքի իրացումը:

Նախ ծանոթանանք, թե ինչ է նշանակում «կրթության առանձնահատուկ պայմաններ» հասկացությունը: «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը սահմանում է, որ կրթության առանձնահատուկ պայմանները՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձի կրթության և ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ հատուկ կրթական ծրագրերն ու ուսուցման մեթոդներն են, ուսուցման անհատական տեխնիկական միջոցները, կենսագործունեության միջավայրը, ինչպես նաև մանկավարժական, սոցիալական և այլ ծառայությունները, առանց որոնց կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրերի յուրացումը դժվար է կամ անհնարին: Այդպիսի երեխաների կրթությունը հանրակրթական դպրոցներում իրականացնելու անհնարինության դեպքում այն իրականացվում է հատուկ կրթական հաստատությունում, որը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար իրականացնում է կրթական ծրագրեր՝ կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման միջոցով:

Հենց «Կրթության մասին» ՀՀ օրենքը սկիզբ դրեց հատուկ կրթական համակարգի բարեփոխումներին: Օրենքում ամրագրվեց, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ծնողների ընտրությամբ, կարող է իրականացվել