Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/395

Այս էջը հաստատված է

ձայնային ազդանշաններով լուսացույցները նույնպես նպաստում են միջավայրի մատչելիությանը:

Սոցիալական մոտեցման դեպքում հաշմանդամ մարդկանց կյանքը բարելավելու գործողություններն ուղղված են այն բանին, որպեսզի վերացվեն բոլոր ներքին ու արտաքին խոչընդոտները, որոնք խանգարում են նրանց հասարակական կյանքում ներգրավվելուն: Սոցիալական մոտեցման կիրառումը հանգեցնում է հաշմանդամ մարդկանց հնարավորությունների հավասարեցմանը մյուս բոլոր մարդկանց հետ և նրանց համար ճանապարհ բացում դեպի լիարժեք կյանք: Նշենք նաև, որ նման մոտեցումը շահեկան է ոչ միայն հաշմանդամ մարդկանց, այլև հասարակության այլ խմբերի համար, օրինակ՝ թեքահարթակները հարմար են նաև տարեց մարդկանց կամ մանկասայլակ օգտագործող մայրերի համար: Նման պայմանների ստեղծումն առաջին հերթին երեխաների կրթության հասանելիության գրավականն է:

Ազգային իրավական փաստաթղթերում համընդհանուր կերպով ընդունված են համարվում «հաշմանդամ» և «առողջական հնարավորությունների սահմանափակմամբ անձ» եզրույթները: Երբեմն օգտագործվում է նաև «անկարող» եզրույթը:

Սոցիոլոգիական ընկալմամբ առողջությունը մարդու հոգեկան, կենսաբանական, ֆիզիոլոգիական գործառույթների, նրա նվազագույն աշխատունակության և ակտիվ կենսագործունեության առավելագույն պահպանման ժամանակ սոցիալական ակտիվության պահպանման և զարգացման գործընթացն է:

Այդ ենթատեքստում վերջին 18 տարիներին «առողջության սահմանափակ հնարավորություններով մարդ» հասկացությունները բավականաչափ տեղին են համարվում իրավական, սոցիոլոգիական և, հնարավոր է նաև, կրթական բնագավառում օգտագործելու համար:

Օրենսդրական աշխատանքի համար շատ կարևոր է եզրույթների այնպիսի շտեմարանի ստեղծումը, որը չի վիրավորի հաշմանդամ մարդուն:

Ծանոթանանք այս ոլորտի լեզվին ու ընդունված էթիկայի կանոններին:

Հաշմանդամ մարդիկ շատ զգայուն են իրենց բնութագրող բառերի նկատմամբ: Այն երկրներում, որտեղ հավասար հնարավորությունների վերաբերյալ շարժումը դարձել է առավել ակտիվ, գործածության մեջ են մտնում բնորոշումներ ու հասկացություններ, որոնք չեն հարուցում խղճահարություն կամ այլ բացասական զուգորդություններ:

Մի շարք սեմինարներում, որոնց մասնակցել են լրագրողներ և հաշմանդամ մարդիկ, առաջարկվել է գրել, թե ինչ զգացմունքներ և զուգորդություններ է ծնում այս կամ այն բառը կամ արտահայտությունը: Ահա պատասխաններից ընտրված բնորոշ օրինակներ.

- Խուլ, համր՝ շփման անհնարինություն,

- հիվանդ՝ բուժման ենթակա,

- անդամալույծ, ոչ լիարժեք, անկարող բառերը, որոնք խղճահարություն են առաջացնում,

- տկարամիտ, դեբիլ, խեղանդամ բառերը՝ վիրավորանք և նողկանք են հարուցում,

- հոգեկան, թուլամիտ, աննորմալ, գիժ բառերը կապվում են անկանխատեսելիության վտանգի և որպես հետևանք՝ վախի հետ: (Նշենք, որ նման արտահայտություններից բարեկիրթ մարդիկ խուսափում են ցանկացած պարագայում):

«Զոհ» բառը ակամա հիշեցնում է անօգնական, խեղճուկրակ, անզոր մարդ և ստեղծում ողբերգական պատկեր: Ողբերգական երանգներ են ստեղծում նաև «Դառը ճակատագրի» կամ «ողբերգական պատահարի բերումով հաշմանդամ դարձած» արտահայտությունները:

Մյուս կողմից շատ է տարածված նաև «հերոսի» պատկերացումը՝ հաշմանդամը որպես մի մարդ, որը «ի հեճուկս ամեն ինչի» կարողացել է արգելքներ հաղթահարել, հերոսանալ ու այժմ «նորմալ» կյանք է վարում /օրինակ, Հայրենական մեծ պատերազմի և Ղարաբաղյան Ազատամարտում վիրավորվածները, մեր հերոս հաշմանդամները/:

Հարկ ենք համարում նշել, որ պետք է զգուշանալ ընդհանրացումներից ու ենթադրություններից: Օրինակ՝ տարածված է «խուլ ու համր» արտահայտությունը, բայց լսողության հիմնախնդիրներով որոշ մարդիկ կարող են խոսել, իսկ նրանց մեծ մասը հաղորդակցվում է