Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/414

Այս էջը հաստատված է

Բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնը ոչ առևարային կազմակերպություն է:

Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի եզրակացության բողոքարկումը իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՀ կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1822-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կանոնադրությունը /տես՝ հավելված N 1/: Ըստ այդ կանոնադրության, գործակալության նպատակները և խնդիրներն են՝

ա) բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում ծառայությունների մատուցումը՝ բժշկասոցիալական փորձաքննության իրականացման՝ անձին հաշմանդամ ճանաչելու, անձի հաշմանդամության խմբի որոշման, հաշմանդամության պատճառական կապի, տևողության և վաղեմության ժամկետների սահմանման, հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագրի մշակման, սոցիալական պաշտպանության անհրաժեշտ ձևերի որոշման ապահովումը,

բ) հաշմանդամների հաշվառման համակարգի ձևավորման, հաշմանդամության վիճակի, շարժի և հաշմանդամություն առաջացնող պատճառների ուսումնասիրման, վերլուծության ապահովումը:

Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) անձին ճանաչում է հաշմանդամ, սահմանում հաշմանդամության խումբը, պատճառական կապը, տևողությունը: Որոշում են սոցիալական պաշտպանության անհրաժեշտ ձևերը,

բ) կազմում է հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագիրը, որոշում բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնողական միջոցառումների տեսակները և ծավալները, աջակցում դրանց իրականացմանը և գնահատում արդյունավետությունը,

գ) մասնակցում է բժշկասոցիալական փորձաքննություն անցած հաշմանդամների տվյալների շտեմարանի ստեղծմանը և աջակցում հաշմանդամների տվյալների հաշվառման պետական համակարգի ձևավորմանը,

դ) խորհրդատվություն և եզրակացություն է տալիս առողջապահական կազմակերպություններին՝ հաշմանդամի բուժվերականգնողական, մասնագիտական կողմնորոշման, որոշակի աշխատանքի ցուցված կամ հակացուցված լինելու, ուսման, վերաորակավորման, տնային սպասարկման անհրաժեշտության և այլ հարցերի վերաբերյալ

ե) տալիս է եզրակացություն հաշմանդամի վերականգնողական պարագաների տրամադրման մասին և իրականացնում այլ գործառույթներ:

Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ և տարածքային մարմիններ: Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները և տարածքային մարմինների ղեկավարները քաղաքացիական ծառայողներ են:


10.3.3. Հատուկ կրթական հաստատությունների տեսակները

Հայաստանում ստեղծվում և գործում են հատուկ կրթական հաստատություններ, որոնց ձևերը և տիպերը որոշվում են նրանց կողմից իրականացվող կրթական ծրագրերին, սովորողների վերականգնման գործունեությանը և տարիքին համապատասխան: Հայաստանում կարող են ստեղծվել և գործում են հատուկ կրթական հաստատություններ հետևյալ անձանց համար՝

1. խոսքի խանգարումներով անձանց համար՝ բարդ խանգարումներով, խոսքի հնչունակազմական և հնչունաբանական թերզարգացմանը և առանձին հնչյունների արտահայտման խանգարումներով,

2. լսողության խանգարումներով՝ չլսողներ, թույլ լսողներ և ուշ խլացածներ,

3. տեսողության խանգարումներով՝ չտեսնողներ, թույլ տեսնողներ և ուշ չտեսնողներ,

4. հոգեկան խանգարումներով՝ հոգեկանի զարգացման հապաղմամբ, մտավոր հետամնացությամբ, խորը մտավոր հետամնացությամբ,

5. հենաշարժողական ապարատի խանգարումներով,