6. բարդ արատներով,
7. հուզակամային ոլորտի և վարքի խանգարումներով,
8. մարմնական կամ ինֆեկցիոն քրոնիկ հիվանդությունների նախատրամադրվածությամբ:
Հատուկ կրթական հաստատությունները կարող են ստեղծել տարբեր ֆիզիկական և (կամ) հոգեբանական արատներով անձանց համատեղ կրթության լսարաններ, եթե այդ քայլը կնպաստի կամ չի խանգարի կրթական ծրագրերի արդյունավետ յուրացմանը և չկան բժշկական հակացուցումներ:
10.3.3.1. Լոգոպեդական ծառայություն
Խոսքի տարբեր խանգարումներ ունեցող և ընդհանուր նշանակության կրթական հաստատություններում սովորող երեխաներին օգնություն ցուցաբերելու համար կազմակերպվում է լոգոպեդական ծառայություն:
Ելնելով լոգոպեդական օգնության կարիք ունեցող երեխաների թվից՝ այն կարող է իրականացվել՝
- ուսուցիչ-լոգոպեդ մասնագետի հաստիքի ներմուծման,
- կրթության կառավարման տարածքային մարմինների կառուցվածքում լոգոպեդական աշխատասենյակի ստեղծման,
- իրավաբանական հիմքով լոգոպեդական կենտրոնի ստեղծման միջոցով:
Լոգոպեդական ծառայության մասին Տիպային կանոնադրությունը հաստատում է ՀՀ կրթության և գիտության նախարարը:
10.3.3.2. Վերականգնողական կենտրոններ
Բարդ կամ ծանր արատներով անձանց կրթության և դաստիարակության նպատակով ստեղծվում են տարբեր տեսակի վերականգնողական կենտրոններ: Պետական վերականգնողական կենտրոնները ստեղծվում են գործադիր իշխանության հանրապետական մարմինների կողմից:
Կենտրոնների խնդիրներն են՝ ձևավորել շփման և ինքնասպասարկման կարողություններ, տարրական աշխատանքային հմտություններ և կազմակերպել դասընթացներ անհատական կրթական ծրագրերով:
Վերականգնողական կենտրոններում դասընթացները անցկացվում են խմբերում, որոնք կազմված են տասը հոգուց, իսկ բարդ արատներով մարդկանց համար՝ վեց հոգուց:
Վերականգնողական կենտրոնը հանդիսանում է իրավաբանական անձ:
10.3.3.3. Փակ տեսակի հատուկ կրթական հաստատություններ
Փակ տեսակի հատուկ կրթական հաստատությունները կրթական հաստատությունների հատուկ կրթական ստորաբաժանումներ են, որոնք ստեղծված են՝
ա. այն հաստատություններում, որտեղ իրականացնում են քրեական պատիժ ազատազրկման միջոցով,
բ/ ֆիզիկական և (կամ) հոգեբանական արատներ ունեցող երեխաների համար, որոնք կատարել են հասարակայնորեն վտանգավոր գործողություններ /Դրանք 11 տարեկանի հասած այն երեխաներն են, որոնց կատարած գործողությունները դատարանի կողմից ճանաչվել են հասարակության համար վտանգավոր/: Փակ տեսակի հատուկ կրթական հաստատությունների հիմնադիրներ /կազմակերպիչներ/ կարող են լինել միայն գործադիր իշխանության մարմինները:
Այսպիսի երեխաների փակ տեսակի հատուկ կրթական հաստատություններ ուղեգրվում են միայն դատարանի որոշմամբ՝ հաշվի առնելով բժշկահոգեբանամանկավարժական հանձնաժողովի եզրակացությունը: