կարող են իրականացվել ուսուցման տարբեր ձևերով՝
- առկա (ստացիոնար),
- հեռակա, հեռավար (դիստանցիոն),
- դրսեկություն (էքստեռնատ),
- անհատական մասնագիտական ուսուցում (վարպետային ուսուցում).
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն ստանալու առկա և այլ ձևերի զուգակցումը չի արգելվում:
Հեռավար (դիստանցիոն), դրսեկության (էքստեռնատ) և անհատական մասնագիտական ուսուցման (վարպետային ուսուցում) ձևերով ուսուցման մասնագիտությունների ցանկերը և կարգերը հաստատում է կառավարությունը:
11.2.4. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունները և ուսումնական հաստատություններ ընդունելությունը
ՀՀ կրթության և գիտության նախարարության առաջարկությամբ, ՀՀ կառավարությունը 2003 թվականի մայիսի 22-ի N 637-Ն որոշմամբ հաստատել է Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկը: Իսկ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների մասնագիտացումների ցանկերը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝ համապատասխան ոլորտների լիազորված մարմինների առաջարկությամբ:
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկում նոր մասնագիտություն կարող է ընդգրկվել միայն տվյալ մասնագիտության չափորոշիչի առկայության դեպքում:
Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելությունը կատարվում է առնվազն հիմնական ընդհանուր կրթություն ունեցող անձանց դիմումներով, օրենսդրությամբ սահմանված կարգով՝ մրցութային հիմունքներով: ՀՀ երկքաղաքացիները նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվում են ՀՀ քաղաքացիների կամ օտարերկրացիների համար ՀՀ կառավարության սահմանած պայմաններով՝ իրենց ընտրությամբ:
Արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունն իրավունք ունի ընդունելություն հայտարարելու լիցենզիայի առկայության դեպքում:
Արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունը պարտավոր է դիմորդին ծանոթացնել իր լիցենզիային, կանոնադրությանը, ներքին կանոնակարգերին, ինչպես նաև պետական հավատարմագրման վկայականին (առկայության դեպքում), որի վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են դիմորդի ընդունելության փաստաթղթերում:
Պետական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության կարգն ըստ կրթական ծրագրերի սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունը կատարվում է կառավարության հաստատած մասնագիտությունների ցանկին համապատասխան մատչելիության, հրապարակայնության, արդարության, վստահելիության, թափանցիկության, հավասարության սկզբունքների կիրառմամբ:
Պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: