Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/441

Այս էջը հաստատված է

ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահության կանոններով սահմանված պարտականությունները:

Բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահության կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքում սովորողի նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր՝ ընդհուպ բարձրագույն ուսումնական հաստատությունից հեռացնելը՝ ներքին ակտերով սահմանված դեպքերում և կարգով:

Ուսանողը պարտավոր է նաև՝

- ծանոթանալ կրեդիտային համակարգով ուսուցման կարգին և ուսումնառության իր անհատական ծրագիրը կազմելիս խստորեն հետևել դրա պահանջներին, կատարել ուսումնական դասընթացների և քննությունների սահմանված պահանջները,

- կանոնավոր հաճախել ուսումնառության իր անհատական ծրագրում ընդգրկված բոլոր դասընթացներին:

- կրել անձնական պատասխանատվություն ուսումնառության իր անհատական ծրագրի և պարապմունքների դասացուցակի ճշտության և ամբողջականության ապահովման, դրանց ստուգման և ցանկացած սխալի կամ բացթողման անհապաղ ճշտման համար:

Արգելվում է սովորողներին հեռացնել հիվանդության, արձակուրդների, ակադեմիական արձակուրդի կամ հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում:

Ինչ վերաբերում է ասպիրանտներին, դոկտորանտներին և հայցորդներին, ապա ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգը հաստատում է ՀՀ կառավարությունը /Այն հաստատվել է 2001 թվականի հուլիսի 20-ին, ՀՀ կառավարության N 662 որոշմամբ/:

Ըստ այդ կարգի, սահմանվել է ՀՀ պետական և հավատարմագրված բուհերի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների գիտական կազմակերպությունների ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման, ինչպես նաև հայցորդության ձևակերպման կարգը:

Ասպիրանտուրան, դոկտորանտուրան և հայցորդությունը հետբուհական կրթության համակարգում գիտամանկավարժական ու գիտական բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման ձևեր են, որոնք իրականացվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի (այսուհետև՝ ԲՈՀ) Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկին համապատասխան մասնագիտություններով:

Ասպիրանտը բարձրագույն մասնագիտական կրթություն (մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում) ունեցող անձ է, որը սովորում է ասպիրանտուրայում՝ տեսական մասնագիտական գիտելիքները խորացնելու և գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն պատրաստելու, իսկ հետազոտողի հետբուհական մասնագիտական կրթության ծրագրի առկայության դեպքում՝ նաև համապատասխան որակավորման աստիճան ստանալու համար: Ասպիրանտուրա մրցութային կարգով ընդունվում են ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ստացել են մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում:

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք բուհերի և կազմակերպությունների ասպիրանտուրա են ընդունվում միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա:

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կազմակերպությռւնների միջև կնքված պայմանագրերի հիման վրա, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ, ասպիրանտուրա են ընդունվում վճարովի հիմունքներով:

Նախկինում ասպիրանտուրան ավարտած կամ ասպիրանտուրայից ազատված անձինք (անհարգելի պատճառով) չեն կարող պետական պատվերով կրկին ընդունվել ասպիրանտուրա:

Ասպիրանտների ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա ձևերով, անվճար և վճարովի հիմունքներով: Առկա ձևով ուսուցման տևողությունը չի կարող գերազանցել երեք տարին, իսկ հեռակա ձևով ուսուցման տևողությունը՝ չորս տարին: