Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/448

Այս էջը հաստատված է

սկզբունքներն են՝

  • գնահատման օբյեկտիվությունը,
  • անընդհատությունը,
  • թափանցիկությունը,
  • հրապարակայնությունը:


Գլուխ-12.4. Ուսումնական հաստատությունների տեսակները և ուսումնական գործընթացի կազմակերպումը

12.4.1. Ուսումնական հաստատությունների տեսակները և իրավասությունները

ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների հետևյալ տեսակները.

1) համալսարան,

2) ինստիտուտ,

3) ակադեմիա,

4) կոնսերվատորիա և այլն:

Բարձրագույն ռազմական, ոստիկանական ուսումնական հաստատությունների գործունեության կարգը սահմանվում է «Կրթության մասին» և այլ ՀՀ օրենքներով:

Քննարկենք բուհի իրավասությունների հարցերը ԵՊՀ կանոնադրության հիման վրա, որը հաստատվել է ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսին կայացրած որոշմամբ:

ԵՊՀ-ի որպես պետական ինքնավար բուհի գործունեությունը նպատակաուղղված է հայագիտական, բնագիտական, սոցիալ-տնտեսագիտական, հումանիտար գիտությունների և տեխնիկայի, մշակույթի տարբեր ուղղություններով կրթության, հիմնարար ու կիրառական գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը՝ հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական և լրացուցիչ կրթության մակարդակներում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով և կրթական ծրագրերով:

ԵՊՀ-ն շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առետրային կրթական, գիտահետազոտական և մշակութային կազմակերպություն է:

ԵՊՀ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս ՀՀ կառավարության:

Բուհի իրավասություններն են՝

1) անձի մտավոր, հոգևոր և բարոյական զարգացման պահանջմունքների բավարարումը՝ բարձրագույն և/ կամ հետբուհական մասնագիտական կրթություն տալու միջոցով,

2) սովորողներին ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակումը,

3) գիտական և ուսումնամեթոդական հետազոտությունների իրականացումը, հայագիտության բազմակողմանի զարգացումը,

4) գիտության, կրթության, տնտեսության և մշակույթի զարգացումը գիտամանկավարժական աշխատողների և սովորողների գիտական հետազոտությունների, ստեղծագործական և մշակութային գործունեության միջոցով, ստացված արդյունքների օգտագործումը տնտեսության մեջ, հետազոտական և կրթական գործընթացներում,

5) բարձրագույն կրթությամբ գիտամանկավարժական աշխատողների պատրաստումը և վերապատրաստումը,

6) կրթության որակի ապահովման և վերահսկման համապատասխան համակարգի ներդրումը,

7) կրթության և գիտության ներդրման հիման վրա ուսուցման բովանդակության կատարելագործումը, ժամանակակից մասնագիտությունների և մասնագիտացումների ներդրումը,