Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/451

Այս էջը հաստատված է

Բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրերը կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Կրթական գործունեության լիցենզիան ուսումնական հաստատությանը տալիս է լիազորված մարմինը: Կրթական ծրագրերի լիցեսգավորումն իրականացվում է օրենքով և ՀՀ կառավարության սահմանած կարգով:

Ուսումնական հաստատության լիցենզավորման համար հիմք են մանկավարժական և պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի, լաբորատոր բազայի և ուսումնական տարածքի, ուսումնաարտադրական պրակտիկայի բազայի, գրադարանային-տեղեկատվական համակարգի առկայությունը և ուսումնամեթոդական ապահովումը:

Ուսումնական հաստատության պետական հավատարմագրումն իրականացնում է լիազորված մարմինը, անկախ ուսումնական հաստատության գերատեսչական ենթակայությունից, ուսումնական հաստատության և դրա սովորողների ատեստավորման վերաբերյալ եզրակացության հիման վրա:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների, դրանց մասնագիտությունների, հետբուհական կրթական ծրագրերի պետական հավատարմագրումն իրականացվում է լիցենզիայի առկայության դեպքում:

Բարձրագույն մասնագիտական կրթության գծով պետական հավատարմագրումն իրականացվում է ըստ ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների:

Հավատարմագրման կարգը, չափանիշները և ժամկետները հաստատում է ՀՀ կառավարությունը:

Պետական հավատարմագրման նպատակն է ուսուցման և առանձին մասնագիտությունների գծով շրջանավարտների պատրաստման որակի՝ պետական կրթական չափորոշիչներին համապատասխանության ճանաչումը, ինչպես նաև նպաստելը ուսումնական հաստատության զարգացման ծրագրերի արդյունավետության բարձրացմանը:

Պետական հավատարմագրման վկայականը հավաստում է ուսումնական հաստատության իրականացրած կրթական ծրագրերի մակարդակի, դրանց բովանդակության և շրջանավարտների որակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչների պահանջներին.

Ուսումնական հաստատությունների, դրանց մասնագիտությունների հավատարմագրումն իրականացվում է առանձին փուլերով՝ ըստ կրթական ծրագրերի:

ՀՀ բարձրագույն և հետբուհական կրթության համակարգում պետական հավատարմագրման ենթակա են բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերը:

Պետական հավատարմագրման վկայականը տրվում է բարձրագույն ուսումնական հաստատությանը ուսումնական հաստատության և դրա ուսանողների և երկու տարվա շրջանավարտների առնվազն 60 տոկոսի ատեստավորման վերաբերյալ դրական եզրակացության հիման վրա, ինչպես նաև այդ հաստատության մասնագիտությունների առնվազն 75 տոկոսի պետական հավատարմագրման առկայության դեպքում:

ՈՒսումնական հաստատության մասնաճյուղերը հավատարմագրվում են ընդհանուր հիմունքներով՝ մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատության հայտի հիման վրա, մայր բուհի կազմում:

ՀՀ և օտարերկրյա այլ պետությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, կազմակերպությունների մասնակցությամբ ՀՀ-ում ստեղծված ուսումնական հաստատությունները և դրանց մասնաճյուղերն իրավահավասար են պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ և լիցենզավորվում, հավատարմագրվում են ՀՀ օրենքներով, սույն օրենքով, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ միջազգային պայմանագրերով:

Բարձրագույն ուսումնական հաստատության տված ավարտական փաստաթղթում (դիպլոմում) նշվում է ուսումնական հաստատության, դրա առանձին մասնագիտության հավատարմագրված լինելու փաստը:

Բարձրագույն ուսումնական հաստատությունը կարող է ստանալ նաև հասարակական հավատարմագրում,