Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/454

Այս էջը հաստատված է

3) լրացուցիչ կրթական ծրագրերով՝

- վերապատրաստման,

- մասնագետների որակավորման բարձրացման:

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության կրթական ծրագրերը մշակում և հաստատում են բարձրագույն ուսումնական հաստատությունը, հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունը՝ պետական կրթական չափորոշիչների հիման վրա։

Բարձրագույն ուսումնական հաստատության և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության՝ ըստ մասնագիտությունների, մասնագիտացումների ուսումնական պլանները և դասընթացները երաշխավորում են տարբեր կրթական փուլերում սովորողների ուսումնառության գործընթացը (մուտքը կրթական ծրագիր և ելքը ծրագրից)՝ ապահովելով կրթական կրեդիտների կուտակումը, փոխանցումը և որակավորման աստիճանների շնորհումը:

12.4.4.1. Կրեդիտային համակարգի հասկացությունը, նպատակը, խնդիրները և գործառույթները

1. Կրեդիտային համակարգի հասկացությունը

Կրեդիտը ուսանողի ստացած կրթական արդյունքների չափման միջոց է, որը տրվում է ուսանողին տվյալ կրթական մոդուլով նախանշված լրիվ ուսումնական բեռնվածության կատարումից և կրթական արդյունքների առնվազն «բավարար» գնահատումից հետո:

Կրեդիտային համակարգը ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների ակադեմիական կրեդիտների միջոցով հաշվառման, կուտակման և փոխանցման համակարգ է, որում համապատասխան որակավորման աստիճանը շնորհվում է կրթական ծրագրով սահմանված կրեդիտների անհրաժեշտ բովանդակության և քանակի կուտակումից հետո։

Կրեդիտների փոխանցման և կուտակման հայկական համակարգը ձևավորելիս հիմք է ընդունվել համաեվրոպական ECTS կրեդիտային համակարգը, որի հիմնական կանոնները գործում են նաև հայկական կրեդիտային համակարգում, որպես գործառույթների և ընթացակարգերի իրականացման միասնական հենք՝ ուղեցույցներ տրամադրելով այն կիրարկող բոլոր բուհերին:

Կրեդիտների փոխանցման և կուտակման ECTS համակարգը միասնական համաեվրոպական կրեդիտային համակարգ է, համաձայն որի մեկ ուսումնական տարում ուսանողի լրիվ ուսումնական բեռնվածությունը չափվում է 60 ակադեմիական կրեդիտով: Այն նախատեսված է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ) ուսանողների ձեռք բերած կրթական արդյունքների արժևորման, պաշտոնական ճանաչման և բուհից բուհ դրանց տեղափոխումը դյուրացնելու համար:

ECTS կրեդիտը առանձին դասընթացով, կրթական որևէ մոդուլով կամ ուսումնական ծրագրով նախանշված կրթական արդյունքների հասնելու համար ուսանողից պահանջվող ուսումնական բեռնվածության չափման ժամաքանակով արտահայտված պայմանական միավոր է:

ECTS կրեդիտով սահմանվող ուսումնական բեռնվածությունը ներառում է ուսանողի լսարանային, արտալսարանային և ինքնուրույն իրականացվող բոլոր տեսակի ուսումնական գործողությունները, այդ թվում՝ մասնակցությունը դասախոսություններին, սեմինար և գործնական պարապմունքներին, լաբորատոր աշխատանքներին և պրակտիկաներին, կուրսային և ավարտական աշխատանքների կատարումը, քննություններին նախապատրաստվելը և հանձնելը, անհատական հետազոտությունը և այլն:

Կրեդիտը չափում է միայն ուսումնական բեռնվածությունը և չի ներառում կրթական ծրագրի այս կամ այն բաղադրիչի յուրացման որակը, դրա մակարդակը, բարդության աստիճանը կամ բովանդակությունը:

Կրեդիտը տրվում է ուսանողին միայն կրթական մոդուլով նախանշված կրթական արդյունքների