Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/461

Այս էջը հաստատված է

համար սկզբում քննարկենք ուսումնական ծրագիրը և ավարտական պահանջները

Մասնագիտության ուսումնական ծրագիրը (պլանը) ներկայացվում է համապատասխան կրթամասերում խմբավորված պարտադիր և ընտրովի (եթե այդպիսիք նախատեսված են) դասընթացների ցանկով: Կրթամասերի քանակը և անվանումը սահմանում է բուհը:

Յուրաքանչյուր դասընթացի համար նշվում է նրա եզակի նույնացման թվանիշը (դասիչը), դասընթացի լրիվ անվանումը, նրան ամրագրված կրեդիտների քանակը, պարապմունքների իրականացման ձևը, կայացման կիսամյակի համարը (ամրագրված ուսումնական ծրագրերում) կամ կիսամյակը (աշնանային կամ գարնանային՝ ճկուն ուսումնական ծրագրի դեպքում) դասընթացի կամ կրթական մոդուլի նախապայմանը (եթե այդպիսին կա) և գնահատման ձևը

Կրթական ծրագրի ավարտական պահանջներում նշվում է համապատասխան որակավորում ստանալու համար անհրաժեշտ կրեդիտների քանակը (ըստ կրթամասերի և ընդամենը) և հանրագումարային ամփոփիչ ՄՈԳ-ը (անհրաժեշտության դեպքում կարող է սահմանվել նաև ՄՈԳ-ի նվազագույն շեմ մասնագիտական կրթամասի համար):

Բուհը, իր հայեցողությամբ, կարող է սահմանել ընդհանուր ավարտական պահանջներ՝ տվյալ կրթական աստիճանի բոլոր մասնագիտությունների համար և մասնագիտական ավարտական պահանջներ՝ առանձին մասնագիտությունների համար:

Դասընթացները և կրթական մոդուլները: Մեծածավալ դասընթացները կարող են բաժանվել առանձին մոդուլների: Դասընթացների մոդուլացումը կատարվում է հնարավորինս նվազագույն՝ կիսամյակների ընթացքում դրանք ավարտելու սկզբունքով:

Առանձին դասընթացները և մոդուլներն իրենց բնույթով բաժանվում են 3 հիմնական խմբերի՝

ա) պարտադիր ամրագրված դասընթացներ, որոնք յուրացվում են պարտադիր և խիստ որոշակի հերթականությամբ,

բ) պարտադիր չամրագրված դասընթացներ, որոնց յուրացման հերթականությունը ընտրում է ուսանողը՝ պահպանելով դասընթացի նախապայմանները,

գ) ընտրովի դասընթացներ, որոնց առաջարկվող ցանկից ընտրում է ուսանողը, իսկ դրանց յուրացման հաջորդականությունը կարող է լինել ինչպես ամրագրված, այնպես էլ ազատ:

Դասընթացների տեղեկագիրքը: Բուհը հրապարակում է դասընթացների տեղեկագիրք (տպագրված և/կամ բուհի կայքում տեղադրված էլեկտրոնային տարբերակի տեսքով), որը թարմացվում է, առնվազն, յուրաքանչյուր ուսումնական տարում:

Դասընթացների տեղեկագիրքը պետք է մատչելի դարձնի բուհում իրականացվող կրթական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը, որը պետք է պարունակի.

ա) ընդհանուր տեղեկատվություն բուհի վերաբերյալ՝ տեսակը և կարգավիճակը, ուսումնական ստորաբաժանումները, առաջարկվող կրթական ծրագրերը և ընդունելության պայմանները, ուսումնական գործընթացի ժամանակացույցը, հիմնական ներբուհական կանոնները (հատկապես կրեդիտների փոխանցման և պաշտոնական ճանաչման վերաբերյալ) և այլն:

բ) տեղեկատվություն կրթական ծրագրերի վերաբերյալ.

- ընդհանուր նկարագրությունը՝ շնորհվող որակավորումը, մուտքի շեմային պահանջները, նպատակները, կրթությունը շարունակելու հնարավորությունները, ծրագրի կառուցվածքը կրեդիտներով, քննական և գնահատման կանոնները, ավարտական ատեստավորման ձևը, պրակտիկաների վերաբերյալ տեղեկատվությունը և այլն, առանձին դասընթացի նկարագրությունը՝ դասընթացի անվանումը և նույնացման թվանիշը (որը պետք է պարունակի տեղեկատվություն դասընթացի տեսակի և մակարդակի վերաբերյալ), ուսուցման տարին և (կամ) կայացման կիսամյակը, դասընթացին ամրագրված կրեդիտների քանակը (ներառյալ շաբաթական լսարանային ժամաքանակներն ըստ պարապմունքի ձևերի), դասընթացի խնդիրներն՝ արտահայտված կրթական արդյունքներով և կարողություններով, անհրաժեշտ նախապայմանները, համառոտագիրը (հակիրճ բովանդակությունը), երաշխավորվող գրականությունը, ուսուցման և գնահատման մեթոդները, դասավանդման լեզուն:

գ) ընդհանուր տեղեկատվություն ուսանողների համար՝