Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/475

Այս էջը հաստատված է

ծրագրերի և քաղաքականությունների իրացման աստիճանը, ինչպես նաև գտնելու լրացուցիչ պահուստային հնարավորություններ, ուղղելու թույլ տրված սխալները և հաշվարկները.

Վերահսկողությունը կատարում է նաև կարգավորիչ, կանխարգեփչ գործառույթ: Դրանք համալիր միջոցառումներ են, որոնք ուղղված են հակասոցիալական գործողությունների չեզոքացմանն ու վերացմանը, որոնք հնարավորություն են տալիս գնահատելու նաև ներդրված մեթոդների արղյունավետությունը, որոշելու համար՝ արդյո՞ք դրանք հնացել են և արդյո՞ք փոփոխման կարիք ունեն, թե՝ ոչ:

Վերջապես վերահսկողությունն իր մեջ պարունակում է նաև դաստիարակչական ներուժ: Կրթական ոլորտի մարմինները կոչված են հետևել համակարգում բյուրոկրատիզմի, անտարբերության և ձևականության կոռուպցիոն տարբեր դրսևորումների բացառմանը և դրանց վերացնելու ուղղությամբ կանխարգեփչ ուղիների մշակմանը և ներդրմանը:

Վերահսկողության համակարգի բացակայությունը ստեղծում է անպատժելիության մթնոլորտ, որի հետևանքով բացասական ազդակների տևական գոյությունը, որոշ մարդկանց դրդում են ոչ իրավաչափ գործողությունների:

13.1.3.1. Կրթության վերահսկողության տեղեկատվական գործառույթը

Կրթական ոլորտի վերահսկողության տեղեկատվական գործառույթը ճշգրիտ տեղեկություն է տալիս կառավարման և ղեկավարման բոլոր աստիճանների մարմիններին՝ գործերի իրական իրավիճակի մասին: Այս գործառույթը չի ավարտվում միայն տեղեկության հավաքագրմամբ և աննպատակ չէ, որով մեծացվում է ստացվող տեղեկատվության զանգվածը: Ցանկացած տեղեկատվության հավաքագրում պետք է ունենա լավ կշռադատված նպատակ և ստացվող տվյալների միջև փոխշաղկապվածությունների պարզվածություն:

Վերահսկողության գործընթացն իր մեջ ներառում է նաև առաջնային տեղեկատվության մշակման, գնահատման և վերլուծության փուլը, որով հնարավոր է դառնում խորը կերպով զննել վերահսկողության ենթակա օբյեկտը՝ բնորոշող փաստերի վերլուծության և գնահատման մեջ: Այդպիսի վերլուծությունը թույլ է տալիս պարզելու և պատճառահետևանքային համափր պատկերացում կազմելու կրթության ոլորտի կամ բուն ուսումնական հաստատության գործերի իրական վիճակի մասին: Այդպիսի վերլուծությունը թույլ է տալիս որոշելու նախանշած ծրագրերի կատարման, օրենքների և այլ իրավական ակտերի, դրանցով սահմանված չափանմուշների և չափանիշների կատարման և կրթական ծրագրերով նախատեսված ժամկետների պահպանման աստիճանը, ինչպես նաև գտնելու լրացուցիչ միջոցներ՝ ուղղելու թույլ տրված սխալները և նախապես արված հաշվարկները: Հետևաբար, պետք է նկատի ունենանք, որ կրթության ոլորտի սրընթաց փոփոխությունները պահանջում են արագ և ճիշտ արձագանքում: Ներկա պայմաններում գործուն և արդիական վերահսկողական համակարգ ունենալը հազվագյուտ կարևորություն ունի:

13.1.3.2. Կրթության ոլորտի վերահսկողության կարգավորիչ գործառույթը

Կրթության ոլորտի կառավարման վերահսկողությունը կատարում է նաև կարգավորիչ դեր:

Ցանկացած մարդ կամ կազմակերպություն ինքնագնահատումից զատ, եթե մնա առանց վերահսկողության, կկորցնի իր զգոնությունը: Վերահսկողության կարգավորիչ գործառույթը ոչ միայն կապված է կրթական հարաբերությունների կայունության և վստահության ամրապնդման նետ, այլև ունի շարժուն կողմ, այլ կերպ ասած՝ պարբերաբար կատարվող մշտադիտարկումներով և դրանց հիմքով կատարվող գնահատումներով, իրավամբ, հնարավոր է դառնում կրթության ոլորտի առաջընթացն ապահովել:

Լավ կազմակերպված կրթական վերահսկողությունը ծառայում է որպես գործուն միջոց կյանքի կոչելու ժողովրդավարության, կրթության տարբեր ոլորտների ռազմավարական և մարտավարական սկզբունքները: Դրա միջոցով անգամ հնարավոր է կանխարգելել կրթության սուբյեկտների միջև սպասվելիք բախումները /կոնֆլիկտները/ և շահերի բախումը, իսկ դրանց ծագելու դեպքում՝